Վասն հեղափոխության

Վասն հեղափոխության

Ընդդիմությունից իշխանություն ճանապարհը ոմանք տասնամյակների ընթացքում չեն հասցնում անցնել, մյուսներին մեկ-երկու տարին բավական է լինում։ Առաջին զգացումը, իհարկե, էյֆորիան է, հաղթանակի բերած բերկրանքն ու սեփական ուժի գիտակցությունը։

«Մենք արեցինք դա»․ միմյանց աչքերի մեջ նայելով՝ արձանագրում են հեղափոխություն արած երիտասարդները՝ անգամ աղոտ չպատկերացնելով, թե դրանից հետո ինչ ծանր ու ձախողումներով լի ընթացք է իրենց սպասվում։ Պահը խենթացնող է, եւ նրանք վայելում են պահի բերկրանքը։ Նրանք ուժեղ են, բարի, զգացմունքային, սարեր շրջելու կամք ունեն եւ ազնվորեն հավատում են, որ իրենք հաջողելու են՝ հարուստ ու զարգացած երկիր ենք կառուցելու, որտեղ բոլորն ապրելու են բարեկեցիկ կյանքով եւ սիրելու են հայրենիքն ու իշխանություններին։

Բոլոր մեծ ու փոքր խնդիրներն արագորեն լուծվելու են, եւ ամենակարեւորը՝ հասարակությունը հավերժ հավատալու է իրենց եւ երբեք չի քննադատելու, չի բողոքելու իրենցից։ Բայց կյանքը հաճախ այնքան գունավոր չէ, որքան թվում է 20-30, անգամ որոշների մոտ՝ 40 տարեկանում։ Եվ բոլոր իշխանություններին էլ, որպես կանոն, չեն սիրում եւ նրանց մեծ պահանջներ են ներկայացնում, անգամ եթե նրանք, մեծ հաշվով, լավ են աշխատում եւ արժանի չեն քննադատության։ Հեղափոխությունից կարճ ժամանակ անց սկսվում է սթափության, դառն իրականություն վերադառնալու փուլը։ Ո՞վ է ավելի շուտ սթափվում՝ հասարակությո՞ւնը, թե՞ իշխանությունը։ Ցանկալի է, որ սթափվեն իշխանությունները, այլ ոչ թե հասարակությունը։ Որ չհասցնենք արձանագրել պաշտոնների բերած վայելքից խելքը կորցրած ջահելների անկումը եւ չկասկածենք՝ արժե՞ր արդյոք հեղափոխություն անել, եթե մեր կյանքը չէր փոխվելու, եւ իշխանության էր գալու անտեղյակ-անմեղսունակների բանակը։