Թեղուտի բնապահպանական խնդիրների մասին մոռացել են․ Երկակի ստանդարտներ

Թեղուտի բնապահպանական խնդիրների մասին մոռացել են․ Երկակի ստանդարտներ
Թեղուտ

Երեկ ՀՀ վարչապետը, ի թիվս տնտեսական այլ հաջողությունների, Ազգային ժողովում հայտարարեց, որ Թեղուտը վերագործարկվել է ու մի քանի 100 մարդ արդեն աշխատում է այնտեղ: «Եվ հիմա ուրախ եմ ասել, որ Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի», ասաց վարչապետը:

Ուշագրավ է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկելն իշխանությունները որպես հաջողություն են ներկայացնում եւ հաշվետվությունների մեջ ընդգրկում, իսկ Լիդիան Արմենիանի մասով ճիշտ հակառակ վերաբերմունքն է։

Նախ՝ Թեղուտում նույնիսկ տեղական աուդիտ չի իրականացվել, ոչ մի բնապահպանական փորձաքննություն չի անցկացվել, էլ չենք խոսում միջազգային փորձաքննության մասին, որի կարիքը, փաստորեն, կառավարությունը չի տեսնում: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի «Հայկական Ժամանակը» 2017- ին դեռ հոդված էր գրել, որ Դանիական ֆոնդը հրաժարվել է Թեղուտի ֆինանսավորումից, հենց բնապահպանական մտահոգությունների պատճառով: Հիմա «Հայկական Ժամանակի» նախկին խմբագիրը, որն այսօր արդեն վարչապետ է, հպարտանում է, որ բնապահպանական խնդիրներ ունեցող Թեղուտը վերաբացում են՝ ոչինչ, որ բնությանը վնաս կպատճառեն, փոխարենը «մի քանի հարյուր մարդ» աշխատանք ունի:

Մեկ այլ վտանգ էլ կա Թեղուտի պարագայում․ Թեղուտի պոչամբարը փլուզման վտանգի առաջ է եւ, ըստ որոշ տեղեկությունների, հենց դա է եղել ժամանակին սեփականատիրոջ՝ Վալերի Մեջլումյանի կողմից հանքավայրի փակման պատճառը: Հիմա, նոր կառավարությունը, որը ոչ մի հետազոտություն չի արել, նոր պոչամբար չի կառուցել, բնապահպանական աուդիտ չի իրականացրել, հպարտորեն հայտարարում է, որ հանքավայրը սկսել է շահագործվել։ Անգամ չենք ուզում համեմատություն անցկացանել, որ միջազգային փորձաքննության արդյունքում օտարեկրյա կազմակերպությունը դրական եզրակացություն է տվել Լիդիանի մասով ու դատարանն էլ որոշել է՝ պարտադրել ոստիկանությանը, որ հեռացնեն հանքի գործարկմանը խանգարող մի խումբ բնապահպաններին, բայց, փաստ է, որ ոչ փորձաքննությունն են հրապարակում, ոչ դատարանի վճիռն են կատարում։

Առավել ուշագրավ է այդ նույն բնապահպան-ակտիվիստների պահվածքը Թեղուտի հարցում, որոնք ոչ մի ծպտուն չեն հանում Թեղուտի հանքի եւ նրա վերագործարկման բնապահպահանական հետեւանքների մասին։