Անտոնիո Մաչադո․ իսպանական պոեզիա

Անտոնիո Մաչադո․ իսպանական պոեզիա

ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

II

Շատ ճամփաներ եմ անցել ,
Բացել եմ շատ ուղիներ,
հարյուր ծովում եմ նավարկել 
եւ հարյուր անգամ ափ ելել:
Ամենուր տեսել եմ
տխրության քարավաններ,
եսասեր ու մռայլ,
Հարբեցողներին` սեւ ստվերով…
եւ պեդանտներին,
որ նայում են, լռում ու իմաստուն իրենց կարծում, 
որովհետեւ չեն խմում
գինին պանդոկների.
վատ մարդիկ, որ քայլում են
ու հողի գարշաբույրն է փչում…

Եվ ամենուր տեսել եմ
մարդիկ, որ պարում են, խաղ ասում 
երբ կարող են, եւ իրենց բաժին
Չորս թիզ հողն են մշակում:
Երբեք, երբ մի տեղ են հասնում,
չեն հարցնում, թե ուր են հասել,
հեծնում են ծեր ջորին,
շտապել չունեն` 
անգամ տոնական օրերին:
Որտեղ գինի կա, գինի են խմում.
որտեղ գինի չկա` սառը ջուր.
լավ մարդիկ, որ ապրում են,
աշխատատում, երազում, անցնում, 
եւ օրերից մի օր
հանգստանում են հողի տակ:


XII

Սիրելիս, զեփյուռն ասում է.
ճերմակ է քո հագուստը…
Աչքերս չեն տեսնի քեզ,
սիրտս քեզ սպասում է …


Քամին բերել է ինձ
քո առավոտյան անունը,
ու քայլերիդ արձագանքը
լեռը կրկնում է …
Աչքերս չեն տեսնի քեզ,
սիրտս քեզ սպասում է…


Մութ աշտարակներում
զանգերը ղողանջում են…
Աչքերս չեն տեսնի քեզ,
սիրտս քեզ սպասում է …


Մուրճի հարվածներն
ասում են՝ սեւ է արկղը,
եւ փոսի վայրը,
քլունգի հարվածները...
Աչքերս չեն տեսնի քեզ`
սիրտս քեզ սպասում է…

XVI

Միշտ փախչող ու մշտապես 
ինձ մոտ, 
սեւ ծածկոցով վատ քողարկած 
գունատ դեմքիդ քամահրանքը՝
Ո՞ւր ես գնում, չգիտեմ եւ թե 
որտե՞ղ է գիշերի մեջ առագաստ փնտրում
կուսական գեղեցկությունդ:
Չգիտեմ` 
ի՜նչ երազներ են կոպերը քո փակում
եւ ո՞վ է կիսաբաց արել 
անհյուրընկալ մահիճդ:
------------------------------------
Կա՛նգ առ, անորսալի գեղեցկություն
Կա՛նգ առ..
համբուրել կուզեի դառը, 
դառը ծաղիկը շուրթերիդ:


ԵՐԳԵՐ (ԱՊՐԻԼՅԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐ)

I

Ծաղկում էր ապրիլը 
պատուհանիս առաջ:
Ծաղկած պատշգամբում,
հասմիկների մեջ
եւ վարդերի սպիտակ`
տեսա երկու քույրերի:
Կրտսերը կար էր անում,
ավագը մանում էր ...
Հասմիկների մեջ
եւ վարդերի սպիտակ,
կրտսերը`
ժպտադեմ եւ վարդագույն,
ասեղն օդում`
նայեց պատուհանիս:
Ավագը`
լուռ եւ գունատ,
կտավատն էր մանում
ու պտտում ճախարակը:
Ծաղկում էր ապրիլը
պատուհանիս առաջ:

II

Մի պարզկա երեկո
լալիս էր ավագը`
հասմիկների մեջ
եւ վարդերի սպիտակ,
ու մանում էր կտավատը
ճախարակը նրա:
- Ի՞նչ է եղել,- ասացի,-
լռակյաց տխրուհի:
Մատնանշեց զգեստը,
որ քույրն էր սկսել:
Սեւ թիկնոցի վրա 
ասեղն էր փայլում,
սպիտակ քողի վրա`
արծաթե մատնոցը.
պարզկա երեկո էր,
մինչդեռ լսվում էր
ղողանջը զանգերի,
Եվ ցույց տվեց ինձ 
իր արցունքները...
Ծաղկում էր ապրիլը 
պատուհանիս առաջ:

III

Կրկին ուրախ ապրիլ էր
եւ մեկ այլ հաճելի երեկո.
միայնակ էր 
պատշգամբը ծաղկուն…
ո՛չ կրտսերը`
ժպտադեմ ու վարդագույն,
ո՛չ  տխուր քույրը`
լռակյաց եւ գունատ,
ո՛չ սեւ թիկնոցը,
ո՛չ էլ քողը սպիտակ...
Միայն, պտտում էր ճախարակը
անտեսանելի ձեռքը,
եւ մութ սենյակում
փայլում էր
լուսինը մաքուր հայելու…
Ծաղկած պատշգամբի
հասմիկների մեջ
եւ վարդերի սպիտակ,
ինքս ինձ նայեցի
հայելու պայծառ լուսնի մեջ,
որ հեռուն էր երազում...
Ծաղկում էր ապրիլը 
պատուհանիս առաջ:

 

Թարգմանությունն իսպաներենից` Աղավնի Գրիգորյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ