Հոկտեմբերի 27-ի դատավարությունը՝ մասնակցի աչքով

Հոկտեմբերի 27-ի դատավարությունը՝ մասնակցի աչքով


Այս օրերին, երբ ողբերգական դեպքերի 20-ամյակն է բոլորել, եւ բոլորը խոսում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, գործը վերաբացելու ու բացահայտելու կոչեր են հնչում։ Ես, որ ուղիղ 3 տարի «նստել» եմ Հոկտեմբերի 27-ի դատական նիստերի դահլիճում եւ «Հայկական ժամանակ» թերթում հարյուրավոր հոդվածներ գրել՝ ներկայացնելով դատավարության ընթացքը, որոշեցի 20 տարի առաջվա տպավորություններս ներկայացնել ընթերցողին։

Անշուշտ, ժամանակն իր գործն արել է, եւ շատ դետալներ ջնջվել են հիշողությունիցս, բայց մեր տրամադրություններն ու զգացողություններն այնքան բուռն էին, որ հիմա էլ, երբ մտաբերում եմ այդ օրերը, սարսուռ է անցնում մարմնովս։

Եվ այսպես, 1999 թվականի հոկտեմբերի 27, դաժան ոճրագործություն, որի հենց առաջին պահից հանրությունը կասկած անգամ չուներ, որ սա միայն 7 «ռոմանտիկների» ձեռքի գործը չէ, այլ ունի կազմակերպիչներ, եւ նախաքննության ու դատաքննության հիմնական նպատակն այդ կազմակերպիչներին բացահայտելն է, այլ ոչ թե հայտնի 7-ին դատապարտելը։ Եվ դեպքից անմիջապես հետո հանրությունը մի ցանկություն ուներ՝ բացահայտել կազմակերպիչներին, իսկ իշխանությունը մեկ նպատակ՝ փարատել կազմակերպիչների մասով հանրային կասկածները, որոնք, բնականաբար, ուղղվում էին դեպի Ռոբերտ Քոչարյան եւ նրա շրջապատ։ Ինչու․ մի պարզ պատճառով, որ ցանկացած հանցագործության ամենակարեւոր բաղկացուցիչը դրդապատճառն է՝ մոտիվը, իսկ որ գործող նախագահն ու նրա շրջապատը կարող էին ունենալ ծանրակշիռ մոտիվ եւ կատարվածից ամենամեծ շահողն էին, դա կասկածներ չէր հարուցում։

Բայց հանուն արդարության պետք է ասել, որ 27-ից հետո մի կողմից իշխանությունը՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, շատ թույլ էր, որ կարողանար ազդել նախաքննության ընթացքի վրա եւ ուղղորդել այն, մյուս կողմից՝ նախաքննության ամբողջ ծավալն իրենց ուսերի վրա վերցրին Վազգենի մերձավորները, զոհերի հարազատները, եւ քննչական խումբը ձեւավորվեց հենց նրանց ցանկությամբ ու կամքով։ Գլխավոր դատախազը փոխվեց, եւ նշանակվեց արարատցի Բորիս Նազարյանը, ով Սարգսյանների ընտանիքի մերձավորներից էր։ Քննչական խումբը ղեկավարեց Գագիկ Ջհանգիրյանը, ով նույնպես Վազգեն Սարգսյանի մտերիմներից էր։ Իսկ այդ փուլում հասարակությունն այնքան վրդովված էր, որ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսք անգամ լինել չէր կարող՝ մարդիկ կհանդուրժեին անգամ ամենադաժան խոշտանգումները, իսկ հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները չէին համարձակվի առարկել, քանզի բոլորը բացահայտում էին պահանջում։ Բացահայտում՝ ցանկացած գնով։ Հետագայում, շատ ավելի ուշ պարզվեց, որ հենց այդպես էլ գործել է քննչական խումբը՝ դաժան կտտանքների էին ենթարկվել 27-ի գործով մեղադրյալները, իսկ նրանք միայն 7-ը չէին, փոքր-ինչ ուշ կալանավորվեցին նաեւ փոքրիշատե կասկածի տեղիք տված անձինք՝ Ալեքսան Հարությունյանը, Հարություն Հարությունյանը, Նաիրի Բադալյանը, Տիգրան Նազարյանը, Մուշեղ Մովսիսյանը, որոնք կալանքի տակ մնացին 6-7 ամիս, մինչեւ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը՝ վարչապետի պաշտոնից։ Նրանց բոլորի դեմ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ էր տվել, ապա կես տարի անց հայտարարեց, որ դրանք կորզվել են խոշտանգումների արդյունքում, եւ հրաժարվեց իր ցուցմունքներից, իսկ նախաքննությունն այլ ապացույցներ ձեռք բերել չկարողացավ։

Մեկ տարի 3 ամիս տեւած նախաքննությունը, ըստ էության, ավելի շատ ձեռքբերումներ չունեցավ՝ կազմակերպիչների բացահայտման առումով, եւ հասարակությունն ավելին չիմացավ, քան գիտեր հոկտեմբերի 27-28-ին։ Սակայն, երբ 2001-ի փետրվարի 15-ին դատավարությունը սկսվեց, հիշում եմ, ինչ սրտի թրթիռով էինք մենք՝ լրագրողներս, մտնում դատարան, հույսով, որ մասնակից ենք լինելու դարի բացահայտմանը, եւ դատարանում այլեւս հնարավոր չի լինելու ինչ-որ բան թաքցնել, կոծկել, պարտակել:

Եվ լրագրողական յուրաքանչյուր հրապարակում այդ օրերին ներծծված էր այդ մտքով՝ այդ կասկածով․ ովքեր են Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները։ Ոչ մի ողջախոհ մարդ չէր կարող հավատալ, որ 7 անկապ ու անհայտ երիտասարդներ, որոնք հատուկ զինպատրաստություն չէին անցել, գերմարդ չէին եւ գերհնարավորություններով օժտված չէին, կարող էին ներխուժել ամենապաշտպանված հատուկ օբյեկտներից մեկը եւ մի քանի կրակահերթով 8 պետական բարձրաստիճան այրերի կյանքը խլել՝ շրջելով պետության եւ պատմության ընթացքը։
Եվ դատաքննության յուրաքանչյուր օր՝ 3 տարի շարունակ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող վճռաբեկ դատարանի շենք մտնելիս մեզ թվում էր՝ ահա, հենց այսօր մի այնպիսի տեղեկություն կհրապարակվի դատարանում, որ մենք հանգիստ շունչ կքաշենք ու կասենք՝ գործը բացահայտվեց։ Սակայն օրերն անցնում էին, ո՛չ մեր կասկածներն էին փարատվում, ո՛չ էլ հուժկու բացահայտումներ էին դահլիճում տեղի ունենում։
Թեպետ անչափ հետաքրքիր դատաքննություն էր ընթանում՝ գործը քննում էր դատավոր Սամվել Ուզունյանը, որը Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանից գործուղվեց Կենտրոն, Նորք-Մարաշ դատարան՝ հատուկ այս գործը քննելու։ Եվ պետք է ասեմ, որ պատվով կատարեց այդ բարդ աշխատանքը՝ հսկա, անկառավարելի դահլիճը, հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող ամբաստանյալներին, անհաշիվ վկաներին ու ամեն ինչ կարողացավ հմտորեն կառավարել եւ հասցնել եզրագծին՝ առանց մեծ էքսցեսների։

Էլի հանուն արդարության պետք է ասեմ, որ բազում դատավարությունների եմ մասնակցել, բայց շատ քիչ գործերով է այդքան մանրազնին քննություն կատարվել դատարանում՝ հատիկ-հատիկ բոլոր ապացույցներն ուսումնասիրվել են, բազմակի փորձաքննություններ են նշանակվել, ոչ մեկը ձայնի իրավունքից չի զրկվել, մանրակրկիտ հարցաքննվել են տուժողները, ամբաստանյալները, վկաները, փորձագետները, երկարաշունչ ճառեր են ասվել, միջնորդություններ են արվել։ Եվ գոնե ֆորմալ առումով դատավարական կանոնները պահպանվել են։ Այն պարագայում, որ հանրային ահռելի ուշադրություն կար դատաքննության նկատմամբ, եւ ըստ այդմ՝ դատավորի պատասխանատվությունը շատ մեծ էր։ Գործին ներգրավված էին մեծ թվով պրոֆեսիոնալներ՝ դատախազությունն իր լավագույն դատախազներին էր գործուղել, տուժողներն արտերկրից իրավաբաններ էին հրավիրել, հայաստանյան լավագույն փաստաբաններն էին մասնակցում, անգամ լուսաբանող լրագրողական կազմն էր որակյալ։ Ողջ երկիրն ակնդետ հետեւում էր այդ գործի քննությանը։

Ինքը՝ Նաիրի Հունանյանը, որն անցյալում հանրային ուշադրության կարոտ էր եղել, զգացել էր, որ ամբողջ հասարակության հայացքը սեւեռված է իր վրա, եւ հանրային նեգատիվ վերաբերմունքից էլ չէր խորշում ու դատարանում զգում էր իրեն՝ ինչպես ձուկը ջրում։ Բեմի այդ մեծ «վարպետը» 3 տարվա մեջ հազարավոր ստեր ասաց դատարանում, որոնք բացահայտվում էին կամ՝ ոչ։ Հմտորեն մանիպուլացնում էր հանրային կարծիքն ու դահլիճը։ Տեռորի էր ենթարկում մեղադրողներին ու տուժողներին։ Իրեն պահում էր լկտի ու սանձարձակ, ծաղրում էր մարդկանց, օգտվում նրանց թուլություններից, պոպուլիստական ճառեր էր ասում։ Մի խոսքով՝ երկրի գլխավոր թատերաբեմը դարձել էր դատարանի դահլիճը, հասարակությունը հանդիսատեսն էր, ամենակարեւոր իրադարձությունը՝ Հոկտեմբերի 27-ի դատավարությունը։

Ամբաստանյալներին դահլիճ էր բերում ոստիկանական մի հսկա գումարտակ՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, իսկ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը ողջ պրոցեսի հսկողությունն էր իրականացնում եւ մշտապես դահլիճում էր։ Դահլիճ մտնողներիս մանրազնին ստուգում էին՝ պայուսակ ու գրպաններ մտնելով, վախ կար, որ ամբաստանյալների նկատմամբ որեւէ ոտնձգություն կլինի։ Իսկ 7 հանցագործները լավ տեղեկացված էին, նրանց բոլոր օրինական ցանկությունները՝ թուղթ, գրիչ, մամուլ, օրենսգրքեր, բավարարվում էին։ Իհարկե, կային նաեւ խախտումներ։ Օրինակ, դատական պրոցեսը երկար ընդմիջվեց՝ 2003 թվականի նախագահական ընտրությունների շեմին, մոտ 6 ամսով։ Սկզբում պատճառաբանեցին, թե Ուզունյանն է հիվանդացել, ապա Վռամ Գալստյանը՝ Հունանյանների քեռին։ Սակայն դատը սկսվելուն պես Գալստյանը հայտարարեց, որ հիվանդ չէր՝ կեղծ հիվանդություն են ձեւակերպել, որ դատավարությունը չկայանա։

Եվ ամենակարեւոր խախտումը, որը, ըստ իս, արեց իշխանությունը, այն էր, որ Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի վերաքննիչ բողոքը «տեղ չհասավ»։ Մենք այդ շրջանում կալանավայրից ստացանք «քսիֆ», որով Հունանյանը տեղեկացնում էր, որ իր վերաքննիչ բողոքն ուղղակի չեն վերցրել, բայց դրա դեմ ոչինչ անել չկարողացանք, թեեւ բազմաթիվ հրապարակումներ արեցին՝ պահանջելով վարույթ ընդունել բողոքը։ Իշխանությունը որոշեց, որ առաջին ատյանի դատավարությունը բավական է, եւ «չարժե» ահաբեկիչներին հնարավորություն տալ երկրորդ անգամ դատարանում հայտնվելու։ Մի կողմից այդ դատի վրա հսկայական ռեսուրս էր ծախսվում, եւ այդ էջը պետք էր ինչ-որ կերպ փակել։ Մյուս կողմից, հնարավոր է, որ ցմահ ազատազրկման դատավճռից կատաղած Նաիրի Հունանյանն ավելի մեծ մանիպուլյացիաների գնար եւ ավելի դիտարժան շոուներ կազմակերպեր։ Թեեւ այն ժամանակ կարծում էինք, որ այն, ինչ չասաց առաջին ատյանում, հնարավոր է հայտարարեր վերաքննիչում։ Այսինքն՝ կազմակերպիչների անունները տար։

Բայց էլի հանուն արդարության պետք է հիշենք, որ դատարանում Հունանյանն ու իր հանցակիցներն ամեն կերպ փորձում էին մոլորեցնել հանրությանը՝ այլ կերպ ներկայացնել անգամ այն ակնհայտ փաստերը, որոնք հերքման ենթակա չէին։ Ասենք, ասում էին, որ Կարեն Հունանյանը, դահլիճ մտնելով, նպատակ չի ունեցել սպանել Վազգենին, սայթաքել է եւ կրակել է այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը փորձել է նրա ձեռքից խլել զենքը: Կամ ասում էին՝ մենք չէինք գալիս սպանելու, այլ գալիս էինք վարչապետի հրաժարականը պահանջելու։

Այժմ հետահայաց փորձում եմ հասկանալ՝ կայի՞ն արդյոք կազմակերպիչներ, եւ հնարավո՞ր էր արդյոք, որ 4-5 տարվա նախաքննություն-դատաքննությունից հետո դրանք ի հայտ չգային։ Առողջ տրամաբանությունն ասում է, որ Նաիրի Հունանյանն ու իր խումբն այդքան համառորեն լռելու, իրականությունը թաքցնելու, չխոստովանելու ո՛չ մոտիվ ունեին, ո՛չ էլ այդքան կամքի ուժ։ Իսկ եթե աներեւույթ կազմակերպիչներ են եղել, որոնք դրդել են ու անուղղակիորեն օժանդակել այդ հանցագործությանը, այնպես, որ կատարողներն անգամ չեն իմացել, ուրեմն դա քննչական բացահայտման տիրույթից դուրս երեւույթ է, որտեղ մահկանացուներն անելիք չունեն։