«Տավրոս Սափեյանը նախազգուշական կրակոցներ է արձակել»․ ինչ է տեղի ունեցել Քարակերտ գյուղում (տեսանյութ)

«Տավրոս Սափեյանը նախազգուշական կրակոցներ է արձակել»․ ինչ է տեղի ունեցել Քարակերտ գյուղում (տեսանյութ)

Նոյեմբերի 7-ին հրապարակում էինք արել, որ այդ օրը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակ են մուտք գործել ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Ծեծուջարդ է սկսվել, որին հաջորդել են կրակոցներ: 

Ըստ լուրերի՝ մինչ ոստիկանության ժամանելը, Սափեյանները փախել էին: Կրակել էին ՋՕԸ-ի աշխատակիցներից Սուրենի ուղղությամբ։

Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործը, Սափեյաններից Տավրոսը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել էր կրակոցներ հնչելու փաստը, մինչդեռ  որոշ լրատվականներ գրել էին, թե իբր իրենց հաջողվել է ճշտել, որ ոչ մի կրակոց էլ չի հնչել։
Այսօր էլ Սափեյանների պաշտպան Հովիկ Արսենյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ քրեական գործի, միջադեպի վերաբերյալ։

Արսենյանը նշեց, որ Տավրոս Սափեյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, դրանից հետո առերեսում է կատարվել գործի հետ կապված հաղորդում տված անձի հետ։ Ճշտող հարցին՝ ո՞վ է հաղորդում տվել, նա ասաց՝ Արագածավան գյուղի բնակիչ Սուրեն Թորոսյանը․ «Ծանոթացել եմ քրեական գործ հարուցելու որոշմանը, նրա բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ  իբր Սափեյանները հարձակվել, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ, ոտնձգություն են կատարել իր նկատմամբ, կատարել են խուլիգանական գործողություններ, որի ընթացքում Տավրոս Սափեյանը 1 անգամ օդ է կրակել, 3 անգամ իր ուղղությամբ է կրակել։ Իրականում երեւույթներն այլ կերպ են տեղի ունեցել, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ նախաքննական մարմինը նոյեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում քննություն չէր կատարել։ Ողջ խնդիրը նրանում է, որ ՋՕ շենքում հավաքված են եղել 50-60 անձինք, եւ զարմանալիորեն քննիչը բնութագրում էր՝ ակցիա»,-նշեց պաշտպանը։

Հովիկ Արսենյանի խոսքով՝ Անդրանիկ Սափեյանը ներկայացել է ՋՕ պետին՝ որպես պետի տեղակալ աշխատելու համար․ «Այդ ժամանակ աշխատասենյակ են մուտք գործել բազմաթիվ անձինք, թե դեմ են այդ նշանակմանը, ոչ մի աշնակցի չպետք է այստեղ աշխատի։ Վեճ է առաջացել, Անդրանիկը միայնակ լինելով զանգահարել է Մուկուչ Սափեյանին, իր հորեղբոր որդուն՝ Տավրոսին, որոնք տարբեր ժամանակահատվածներում ներկայացել են այդտեղ։ Այնտեղ քաշքշոց եւ վեճ է առաջացել։ Այդ անձինք ի՞նչ գործ ունեին ՋՕ-ում, ո՞վ է կազմակերպել այդ պրովակացիան։ Տավրոս Սափեյանը հասել է դեպքի վայր այն ժամանակ, երբ ինքը նկատել է, որ Մուկուչի եւ Անդրանիկի նկատմամբ ոտնձգություն է կազմակերպվում բազմաթիվ անձանց կողմից։ Որպեսզի կանխի ծանր հետեւանքները՝ նա նախազգուշական կրակոցներ է արձակել օդ՝ այդ միջադեպը հարթելով»։

Նա նշեց, որ զենք կրելու թույլտվություն Տավրոս Սափեյանն ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։