Որ երկրների քաղաքացիների համար է Հայաստանը հանում վիզային ռեժիմը

Որ երկրների քաղաքացիների համար է Հայաստանը հանում  վիզային ռեժիմը

Մայիսի 22-ին կայացած կառավարության նիստում ընդունվեց կարևոր որոշում, որը վերաբերում է Հայաստան ժամանող օտարերկրացիներին։ Մասնավորապես, սահմանվեց առանց մուտքի վիզայի ռեժիմ Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար։ Այս արտոնությունը տարածվում է նաև այն օտարերկրացիների վրա, ովքեր կացության կարգավիճակ ունեն ԱՄՆ-ում, ԵՄ անդամ երկրներում, Շենգենյան գոտու պետություններում, ինչպես նաև ԱՄԷ-ում, Բահրեյնում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում կամ Օմանում։

Նախկինում առանց մուտքի վիզայի Հայաստան այցելելու հնարավորություն արդեն իսկ ունեն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Շենգենյան համաձայնագրի, ԱՄԷ-ի, Քաթարի և Քուվեյթի քաղաքացիները։ Սակայն այս նոր որոշմամբ վիզային արտոնությունները ընդլայնվում են՝ ներառելով նաև Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին։

Որպես հիմնավորում՝ նշվում է Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ակտիվացման և զբոսաշրջության զարգացման ռազմավարական նպատակը։ Կառավարության կարծիքով՝ առանց վիզայի ռեժիմի ընդլայնումը կնպաստի զբոսաշրջիկների հոսքի աճին, միջազգային կապերի խորացմանը և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը։