Վեթթինգի և անցումային արդարադատության նախագծերի փաթեթը կներկայացվի մոտ ժամանակներս

Վեթթինգի և անցումային արդարադատության նախագծերի փաթեթը կներկայացվի մոտ ժամանակներս

Հրաժարական տված արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի փոխարեն կառավարության այսoրվա նիստին մասնակցում էր փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ վեթթինգի ու անցումային արդարադատության նախագծերի մշակման գործընթացին՝ նշելով, որ մոտ ժամանակներս փաթեթը կներկայացվի հանրային քննարկման։

«Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթթինգի, այլ նաև համակարգային բարեփոխումների ուղղությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ Առաջիկայում պատրաստ կլինի նախագծերի փաթեթ, որոնք հանրային քննարկում են անցնելու»,- ասաց տիկին Վարդապետյանը՝ նշելով, որ նախագծերի փաթեթի մշակման գործում տարբեր գերատեսչություններ են ներգրավված, որոնք կապ ունեն դատարավական համակարգի հետ։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե ասում են՝ վեթթինգի նախագծի մշակման հիմնական բեռն իր ուսերին է դրված, Աննա Վարդապետյանն ասաց․ «Չէ, հիմնական բեռը որևէ մեկ անձի ուսին դրված լինել չի կարող, ոլորտային աշխատանքի մեջ մեկ անձ չի կարող ամբողջ գործառույթն իրականացնել»։

Մեր մյուս հարցին՝ կլինի անցումային արդարադատությանն ու վեթթինգին վերաբերող նախագծերի միասնական փաթե՞թ, թե՞ առանձին-առանձին կներկայացվեն դրանք, արդարադատության փոխնախարարն ասաց, որ առանձին դեկլարատիվ օրենքների ընդունումն արդյունավետ չէ։ «Սա համակարգային փոփոխությունների փաթեթ է, և առանձին անցումային արդարադատության մասին օրենք լինել չի կարող։ Անցումային արդարադատությունը գործիքակազմ է և ոչ թե գործընթաց։ Նույնկերպ՝ վեթթինգը․ վեթթինգի մասին առանձին օրենք արդյունավետ լինել չի կարող, եթե ինքը ոլորտային օրենսդրության մեջ փոփոխություն չի պարունակում»,- ասաց նա։

Իսկ արդյոք Սահմանադրության մեջ փոփոխություն արվելո՞ւ է այս փաթեթների մշակման ժամանակ, Վարդապետյանն ասաց․ եթե երկարաժամկետ գործողությունների ծրագրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն լինի, գուցե սահմանադրական փոփոխություններ լինեն։ «Բայց ինչ վերաբերում է բարեվարքության հարցերին կամ վեթթինգի հարցերին, ապա գործող Սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում է լինելու բացառապես»։

Նա հստակ ժամկետ չնշեց, թե երբ է դրվել խնդիր՝ ներկայացնել այս փոփոխությունների փաթեթը, միայն նշեց՝ ամենասեղմ ժամկետում։