H1N1-ը մեր իմացած հին գրիպն է

H1N1-ը մեր իմացած հին գրիպն է

H1N1 վիրուսը կամ խոզի գրիպ կոչվածը Հանրապետությունում դեռ չի նահանջել, ինչը անհագստացնում է բնակչությանը: Ըստ պաշտոնական տվյալների արդեն գրանցվել են մահվան դեպքեր: Շիրակի մարզում  նույնպես հիվանդանոցներ դիմելիության ցուցանիշը բարձր է:

«Գյումրու Երկխոսության մեդիա» կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքոււմ մասնագետները նշել են, որ նախորդ տարվա համեմատ շնչառական հիվանդությունների թվի զգալի ավելացում չի նկատվել: Գրիպով հիվանդների թիվը հատկապես ավելացել է հունվարի 6-ից հետո: Հունվարի 7-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում մարզում հիվանդության 590 դեպք է գրանցվել, որից 389-ը երեխաներ են: Հոսպիտալացվել են 89 հիվանդ:

Մասնագետները վստահեցնում են, որ հիվանդությունն արդեն իսկ նահանջում է, քանի որ վերջին օրերին, ի տարբերություն նախորդող օրերի, հիվանդանոց ընդունվողների թիվն ավելի քիչ է, քան դուրս գրվողների: «Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային» հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանի խոսքերով H1N1 վիրուսն այլևս նախկին տարիների նման ագրեսիվ չէ, եւ ծանր դեպքերի հետ արդեն իսկ առնչվում են հազվադեպ: «H1N1-ը մահացու  հիվանդություն չէ: Դա մեր իմացած հին գրիպն է, այն առաջին անգամ նկարագրել է Հիպոկրատը, եւ ոչ մի բժշկի համար նորություն չէ: Որպես H1N1 վիրուս մենք առաջին անգամ առնչվել ենք 2009-10թթ-ներին, եւ հենց այդ ժամանակ աշխարհում գնահատվեց էպիդեմիա: Քանի որ հիմա շրջանառության մեջ է, թե տարածված է գրիպի H1N1 վիրուսը, մենք բոլոր դիմողների թոքերն ենք լսում, կասկածի դեպքում ռենտգեն հետազոտություն անում և իհարկե ծանր կամ միջին ծանրության հիվանդները հոսպիտալացվում են»,- նշում է Կարինե Հովհաննիսյանը: 

Ավելացնենք, որ երկրում H1N1 վիրուսի համաճարակի վտանգ մասնագետները չեն տեսնում, ավելին՝ նախահամաճարակային երևույթ նույնպես չի դիտարկվում: «Համաճարակ կհայտարարվեր, եթե բնակչության 50 տոկոսից ավելին կամ ընտանիքի բոլոր անդամները վարակված լինեին»,- նշում են նրանք: