Գյումրու քաղաքապետարանը մարտիության տորթեր է գնել Սևանից

Գյումրու քաղաքապետարանը մարտիության տորթեր է գնել Սևանից

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար Գյումրու ավագանին համայնքի բյուջեից որոշեց հատկացնել 3 000 000 դրամ:

Նշենք, որ նշված գումարից 2 100 000-ը հատկացվում է քաղցրավենիք գնելուն, իսկ ահա 400000-ին շամպայն, 200000-ին ծաղիկներ, 300000-ին բացիկներ են գնելու: Համայնքային ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատող կանայք տոնից դեռ 1 օր առաջ քաղաքապետարանի կողմից տորթ ու շամպայն են ստանում:
Ուշագրավ է նաև, որ նախորդ տարիներին քաղաքապետարանը քաղցրավենիքի գնումները կատարում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի գործարանից: Ավագանու նիստերից մեկի ընթացքում, երբ ընդդիմադիր ավագանու անդամներն այս  մասին բարձրաձայնեցին, քաղաքապետը  խիստ վիրավորվեց եւ անգամ հայտարարեց, որ «Անուշարան»-ի տորթերը թող ոչ մեկ չգնի:

«Փակենք, պրծնենք»,-սրտնեղեց նա: Հետաքրքիր է, որ այս անգամ նախօրոք հայտարարված մրցույթին «Անուշարան»-ը  չի էլ մասնակցել: Տարօրինակ կերպով քաղաքապետարանը նախապատվությունը տվել է մեկ այլ ընկերության եւ տորթեր է պատվիրել հեռավոր Գեղարքունիքից:«Տորթերի ձեռքբերման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցել է 3 կազմակերպություն՝ «Շուշան Տեխնիկս» ՍՊԸ, «Մարիա Քեյք Ֆեքթորի» ՍՊԸ և Ա/Ձ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի»: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մարիա Քեյք Ֆեքթորի» ՍՊԸ-ն (Գեղարքունիք, Սևան): Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել 3 չափի տորթեր՝ մեծ, միջին և փոքր, ընդհանուր հաշվով 252 հատ (2300 կգ): 
Շամպայնի ձեռք բերման համար հայտարարաված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն` ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի», և ճանաչվել հաղթող: 
Ձեռք է բերվել 218 շիշ շամպայն (164 լիտր): ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի» ներկայացրած գնային առաջարկը պատվիրատուի մոտ առկա նախահաշվային գնի սահմանում է»,-նշված է քաղաքապետարանի տեղեկատվությունում:                                       

Հիշեցնենք,որ խոսակցություններ էին պտտվում,թե քաղաքապետի բիզնեսը անկում է ապրում, անգամ հրուշակեղենի գործարանը փակման եզրին է,ինչը սակայն քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հերքեցին: Այդ խոսակցությունների համաձայն՝ Բալասանյանը նոր կառավարության հետ լեզու չի գտնում և պատրաստվում է բիզնեսը տեղափոխել այլ երկիր: