Վերականգնել ԳԱԱ երկրաբանների կապը հանքարդյունաբերողների հետ

Վերականգնել ԳԱԱ երկրաբանների կապը հանքարդյունաբերողների հետ

Մինչ լրագրող դառնալը, մի քանի տարի աշխատել եմ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում: Մեր դիմացի շենքում էր գտնվում ԳԱ երկրաբանության ինստիտուտը, որտեղ ընկերներ ունեի: Եվ միշտ կարծել եմ, թե այդ ինստիտուտի աշխատակիցների ամենակարեւոր գործը հանքերի հետ կապված հարցերն են: ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը բացատրեց, սակայն, որ երկրաբանությունը երկրի մասին գիտությունների մի համալիր է, որը զբաղվում է երկրի խորքային կառուցվածքով, սեյսմոլոգիայով եւ սեյսմոտեկտոնիկայով, հրաբխագիտությամբ, երկրաֆիզիկայով, ջրաերկրաբանությամբ, պալեոկլիմայով, բնական վտանգներով եւ այլն:  
Բայց դե, մենք՝ ՀՀ սովորական քաղաքացիներս, գնահատելով երկրաբանություն գիտության բոլոր ուղղությունները, կցանկանայինք, որ Սոթքի եւ Քաջարանի հանքավայրերը հայտնաբերած ինստիտուտը գտներ նորերը: Մինչդեռ մինչ օրս ահռելի եկամուտներ բերող այդ հանքերը հայտնաբերած ինստիտուտի աշխատակիցները երբ ցանկանում են հետազոտություններ կատարել Հայաստանի մետաղական հումք պարունակող այս կամ այն հանքավայրում, երբեմն ստիպված են լինում դիմել նախարարությանը՝ թույլտվություն ստանալու համար: Դա այն պատճառով է, որ 90-ականներին այդ հանքավայրերը սեփականաշնորհվել են, եւ դրանք շահագործող ընկերությունները, չգիտես ինչու, կարծում են, թե այդ հանքավայրերն իրենց սեփականությունն են: Մինչդեռ ընդամենը ստացել են շահագործման լիցենզիա: 
Այդ մասնավոր ընկերությունները նաեւ «խփում» են ինստիտուտի գործին՝ ստեղծում են երկրաբանական կառույցներ, որտեղ ներգրավում են նաեւ արտասահմանյան երկրաբանների: 
Խաչատուր Մելիքսեթյանը հավատացնում է, որ եթե այդ կառույցները Հայաստանում հայտնաբերեն նոր հանքավայրեր, անպայման տեղյակ կպահեն ՀՀ իշխանություններին, այլապես կարող են զրկվել լիցենզիայից: Բայց մենք թերահավատորեն ենք մոտենում դրան, որովհետեւ գլխի ենք ընկնում, թե ովքեր են այդ հանքերի իրական տերերը: Եվ պատահական չէ, որ նրանք այդ հանքերը համարում են իրենց սեփականությունը… 
Իսկ նոր հանքավայրեր Հայաստանում հնարավոր է հայտնաբերել: Ճիշտ է, դա այսօր ավելի դժվար է, քան 1950-1980-ականներին, որովհետեւ չհայտնաբերված են մնացել, այսպես կոչված, թաքնված հանքերը, որոնց հանքային զանգվածները երկրի մակերես դուրս չեն գալիս: Բայց դե՝ սովետական ժամանակների համեմատ գիտությունն առաջ է գնացել, եւ այդպիսի հանքավայրերն այսօր հնարավոր է հայտնաբերել երկրաքիմիական եւ գեոֆիզիկական մեթոդներով: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է կատարել նախնական խոշորամասշտաբ երկրաբանական քարտեզագրում, որի հիման վրա հնարավոր կլինի առանձնացնել հեռանկարային տարածքները: 
1960-1970-ականներին  ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտն ու կառավարությանը կից երկրաբանության վարչությունը Հայաստանի ողջ տարածքի այդպիսի քարտեզագրություն կատարել են: Երկրաբանները մինչեւ հիմա օգտագործում են հանքավայրերի մասին սովետական տարիներին կուտակված այդ ինֆորմացիան, բայց տվյալները հնացել են: Նաեւ՝ փոխվել են երկրաբանական ընդհանուր հայեցակարգերը, եւ այդ քարտեզները չեն արտահայտում երկրաբանական նոր մոտեցումները: Ամենաթարմ այդպիսի քարտեզը 1:500.000 մասշտաբի քարտեզն է, որը 2005-ին պատրաստվել է հիմնականում հին տվյալների հիման վրա: Մինչդեռ, ըստ Խաչատուր Մելիքսեթյանի, անհրաժեշտ են երկրաբանական ռեգիոնալ ավելի մանրամասն՝ 1:200.000, 1:100.000 եւ նույնիսկ՝ 1:50.000 մասշտաբի քարտեզներ՝ որոշ տեղամասերի համար: 
Խաչատուր Մելիքսեթյանը կարծում է, որ անհրաժեշտ է վերականգնել ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կապը հանքարդյունաբերողների կամ այդ մասնավոր երկրաբանական ընկերությունների հետ, որոնք հետախուզում են անում: Որովհետեւ, անկախ պրոբլեմներից, երկրաբանությունը եւ հանքարդյունաբերությունը Հայաստանում կայացած ոլորտներ են, որոնք ապահովում են աշխատատեղեր եւ հարկային մուտքեր:


Գրիգոր  ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ