Բժշկուհին սխալ է որոշել հիվանդի արյան խումբը, վերջինս մահացել է

Բժշկուհին սխալ է որոշել հիվանդի արյան խումբը, վերջինս մահացել է

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ժանետա Վարազդատի Գրիգորյանի դատավարությունը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով  «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում որպես բժիշկ-սերոլոգ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ սխալ է որոշել բուժօգնության բերված Վահե Մարգարյանի արյան խմբային պատկանելիությունը, այդ արյան և փոխներարկվող արյան համատեղելիությունը, ինչի հետևանքով Վահե Մարգարյանին փոխներարկվել է անհամատեղելի սխալ արյուն է, որի հետևանքով վերջինս մահացել է։


Վահե Գրիգորյանը 2017թ. օգոստոսի 1-ին  Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղին հարակից ծիրանի այգում բերքահավաքման աշխատանքներ իրականացնելիս՝ սեղմված էր մնացել  տրակտորի կցորդի և ծառի արանքում և ստացել է իրանի, սեռանդամի, փոշտի շրջաններում քերծվածքներով, արյունազեղումներով, բարակ, հաստ աղիների և միջընդերքի, միզապարկի և բազում այլ մարմնական  վնասվածքներ, աջ ազդրոսկրի կոտրվածքներ, ունեցել էր , ներքին արյունահոսություն։ Նա  նույն օրը ընդունվել էր  Վայքի նշված բուժհիմնարկը, որտեղ ենթարկվել էր վիրահատության։

Այստեղից արդեն ներկայացնում ենք մեղադրական եզրակացությունը… ըստ այդմ՝ վիրահատությունից  հետո, արյան մեծ քանակի կորստի պատճառով փոխներարկում կատարելու նպատակով  Ժանետա Գրիգորյանը ոչ պատշաճ կատարելով իր մասնագիտական պարտականությունները, չպահպանելով  ՀՀ առողջապահության նախարարի թիվ 12-Ն հրամանով սահմանված արյան հետազոտության կարգը, սխալ է որոշել Վահե Մարգարյանի արյան խմբային պատկանելիությունը՝ իրականում ABO իզոշճաբանական համակարգով դրական ռեզուսով B (Երրորդ) խմբի փոխարեն, նշել է A (Երկրորդ) խումբ դրական ռեզուսով, որից հետո, չիրականացնելով Ռաֆիկ Թովմասյանից վերցված A (Երկրորդ) խմբի դրական ռեզուսով դոնորական արյան և Վահե Մարգարյանի արյունների համատեղելիության, ինչպես նաև փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, դրանք նշել է համատեղելի, ապա այդ տվյալները տրամադրել է նույն ՓԲ ընկերությունում աշխատող բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրաչիկ Մանուչարյանին:

Վերջինս տվյալներ ունենալով, որ Վահե Մարգարյանի արյունը 3-րդ խումբ է, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով մասնագիտական պարտականությունների նկատմամբ, 2012թ. օգոստոսի 7-ի ՀՀ առողջապահության նախարարի թիվ 12-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 16-ի թիվ 1056-Ն որոշմամբ սահմանված փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 13-րդ կետի համաձայն պարտավոր լինելով որպես փոխներարկող հետազոտություն կատարել՝ առնվազն ճշտելու Ռաֆիկ Թովմասյանի և Վահե Մարգարյանի արյունների խմբային և ռեզուս պատկանելիությունն ու դրանց համատեղելիությունը, չի կատարել հետազոտություն, վստահել ու անհիմն բավարարվել է լաբորատորիայի բժշկուհի-սերոլոգ Ժանետա Գրիգորյանի տրամադրած տվյալներով, նույն օրը ցուցում է տվել կատարել արյան փոխներարկում: Ժամը 1930-ի սահմաններում Հրաչիկ Մանուչարյանի ցուցումով Ռաֆիկ Թովմասյանից վերցված «Հեպտատիտ Ցե» վարակ պարունակող անհամատեղելի արյունը բուժքույր-անեսթեզիստ Անուշ Օրդինյանի կողմից կաթիլային եղանակով փոխներարկվել է Վահե Մարգարյանին, ինչի հետևանքով վերջինիս մոտ զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, որը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը և արդյունքում, չնայած հետագա բուժման նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխելուն և այնտեղ ճիշտ ու ժամանակին իրականացված բուժհետազոտությունների և բուժման, 2018թ. օգոստոսի 5-ին Վահե Մարգարյանը մահացել է: