Ինչպես «արդարացնել» ֆիասկոն

Ինչպես «արդարացնել» ֆիասկոն

Արցախում ստորագրահավաքի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետին մեղադրում է Վազգեն Սարգսյան 25 հասցեում շենքի միջանցքում, որը «տնվում է ստորագրահավաքի վայրի հսկողության տակ» տեսանկարահանող սարք տեղադրելու մեջ: Ենթատեքստը հասկանալի է, նախաձեռնող խումբն ակնարկում է, որ քաղաքային իշխանությունը դրանով ազդում է մարդկանց վրա, խոչընդոտում ստորագրահավաքին: Բայց եթե նման նպատակադրվածություն քաղաքապետն ունենար, ապա տեսանկարահանող սարքը կտեղադրվեր ստորագրահավաքի հենց առաջին օրը: Քննադատության թիրախ ընտրելով իշխանություններին, նախաձեռնող խումբն, ըստ երեւույթին, մի նպատակ է հետապնդում՝ «արդարացնել» ստորագրահավաքի ֆիասկոն կամ արդարանալ ՊԲ նախկին հրամանատարի առաջ:

Ստեփանակերտում տեղեկություններ կան, որ վերջինս խիստ կշտամբել է նախաձեռնող խմբին, իր համակիրներին, որ իրեն, ինչպես ասում են, «ոսկե սարեր» են խոստացել, մինչդեռ ստորագրահավաքի արդեն 24-րդ օրն է, բայց արդյունքում կա մոտ  13 000 ստորագրություն:

Եւ, ինչպես տեղերից են ասում, նոր համակիրներ հավաքագրելու ռեսուրսներն արդեն իսկ սպառված են: Մանավանդ՝ գյուղական համայնքներում: Նախաձեռնող խումբը, մինչդեռ, մամուլում հայտարարել է, որ առկա է 23 000 ստորագրություն: Իրազեկ աղբյուրները դա համարում են բացահայտ ապատեղեկատվություն, որով նախաձեռնողները փորձում են ոգեշնչել թերեւս միայն իրենց: Վստահելի աղբյուրները հայտնում են, որ ստորագրահավաքի կազմեկերպիչները մարդկանց վրա ազդեցության զանազան միջոցներ են կիրառել: Սկսած Արցախը Հայաստանին միավորելուց, վերջացրած կենսաթոշակների, աշխատավարձերի եւ նպաստների բարձրացման եւ գազի, էլեկտրականության սակագների նվազեցման խոստումներից: Նայած քաղաքացին ինչ խավից է եւ սոցիալական ինչ խնդիրներ ունի: Այդուհանդերձ, ցանկալի արդյունքը՝ մի քանի տասնյակ հազար ստորագրություններ ԿԸՀ ներկայացնելու իմաստով, մնում է շատ հեռավոր երազանք:

Չնայած որ իշխանությունները ոչ միայն չեն խոչընդոտել, այլեւ շատ հաճախ անուշադրության են մատնել տեղերից ստացվող ահազանգերը, որ մարդկանց մեքենաներով տանում են համայնքապետարան, որ «Սամվել Բաբայանը՝ մեր նախագահ» գրությամբ մարզաշապիկներ են բաժանվում՝ փաստացի ոչ օրինական քարոզարշավ անցկացնելով: Նախաձեռնող խմբի հայտարարությունն, այսպիսով, վկայում է, որ ստորագրահավաքի գործընթացը մատնվել է տեղապտույտի: Պատրանքները հօդս են ցնդել:

Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 85 տոկոսը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը: Այս իրավիճակից ելնելով՝ ակնհայտ է, որ եթե նույնիսկ Գերագույն դատարանը հարցը ճանաչի սահմանադրությանը չհակասող, ապա Ազգային ժողովը հազիվ թե այն հանրաքվեի դնելու որոշում կայացնի: Դա միանգամայն կանխատեսելի էր սթափ դատող յուրաքանչյուր քաղաքացու համար: Իսկ թե ինչի՞ կամ ու՞մ վրա էր հույս դրել ստորագրավահաքի նախաձեռնող խումը՝ բոլորովին այլ հարց է: Այդ մասին կարելի է միայն ենթադրություններ անել: