Չէ, որ այս իշխանությունն իրեն հռչակել է ժողովրդի իրավունքների պաշտպան.Արա Զոհրաբյան

Չէ, որ այս իշխանությունն իրեն հռչակել է ժողովրդի իրավունքների պաշտպան.Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«FIP.AM-Ի ՄԱՆԻՊՈՒԼԱՑԻԱՆ

Fip.am կայքը (որը կարծեմ նախկինում կոչվում էր sut.am) «Ստամբուլի կոնվենցիայի» շուրջ մանիպուլյացիաները վերնագրով մի նյութ է հրապարակել, որտեղ նշել է՝ «Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս Ստամբուլյան կոնվենցիայի արմատական քննադատներից է։ Վերջինս, սակայն այս թեմայով որևէ մտահոգություն ու առարկություն չի արտահայտել 2018-ի դեկտեմբերին, երբ այն ժամանակվա իշխանությունները ստորագրում էին «ՀՀ Սահմանադրությանը հակասող» կոնվենցիան։»:

Հատկանշական է, որ նույն հոդվածի մեջ Fip.am-ը տեղադրել է 18.01.2018թ․ կառավարության նիստի տեսանյութը, որտեղ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ստամբուլյան կոնվենցիայի հավանության հարցի ժամանակ հայտնում է՝  «մանրամասն չեմ ուզում խոսեմ, որովհետև, որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք  Ընտանիքում բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագծի հետ կապված: Սկզբունքորեն բուն դրույթները այդ օրենքի վերցված են այս կոնվենցիայից:»:

Պետք է տեղեկացնեմ նաև, որ ստամբուլյան կոնվենցիայի փոքրիկ մոդելը հանդիսացող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 13.12.2017թ., ստորագրվել է նախագահի կողմից 30.12.2017թ. և ուժի մեջ է մտել 31.01.2018թ.: Թեև այդ նախագիծը քննադատությունների արդյունքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն նախկին իշխանություններն իրենցն արեցին:

Ստամբուլյան կոնվենցիայի մասին կառավարությունը որոշումն ընդունել է 18.01.2018թ․՝ հենց այդ ժամանակահատվածում, երբ հասարակության դժգոհողների ձայնը լռեցրել էին օրենքն ընդունելով:

Այդ օրինագծի հետ կապված ես և իմ գաղափարակիցները հրապարակային բողոքի ձայն ենք բարձրացրել ոչ միայն մամուլի ասուլիսների և հարցազրույցների միջոցով, այլև՝ մասնագիտական քննարկումների և պաշտոնական առաջարկների միջոցով: 

Կարծում եմ այս պայմաններում Fip.am կայքը դիտավորյալ մանիպուլացիոն կերպով փորձում է վարկաբեկել քննադատական կարծիք արտահայտողներին: 

Եվ մի դիտարկում էլ, նույնիսկ, եթե որևէ քաղաքացի կամ պաշտոնյա նախկին իշխանությունների օրոք որևէ պատճառով չի խոսել և հիմա փորձում է այս իշխանության օրոք իր կարծիքը համարձակորեն բարձրաձայնել, պետք չի երեսով տալ: Չէ, որ այս իշխանությունն իրեն հռչակել է ժողովրդի իրավունքների պաշտպան:

Մեկնաբանություններում տեղադրում եմ Fip.am-ի նյութը և օրինագծի հետ կապված նախկինում հրապարակված այլ նյութեր»: