Ժնեւյան հանդիպումից առաջ
Հոկտեմբերի 29-ին Ժնեւում տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Մինչ այդ՝ երեկ առավոտյան ժամը 08։00-ից հաստատվել է հերթական հրադադարը, արդեն պայմանավորվածությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների։ Նախընտրական քարոզարշավի մեջ գտնվող Միացյալ Նահանգներում այս հրադադարը մատուցվեց, թեեւ ուղղակիորեն դա չմատնանշվեց որպես դիվանագիտական կարեւոր նվաճում։ Թերեւս, դա կարելի էր հասկանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի մասին արած վերջին գրառման վերջին հատվածից, որտեղ նա ասել էր, որ հպարտանում է իր թիմի կատարած աշխատանքով։ Հրադադարն առավել կամ պակաս չափով պահպանվում է, ՀՀ վարչապետն էլ գրեց՝ մասնակի սադրանքներ, թերեւս, կան, բայց, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է։
Մասնավոր սադրանք կարելի է համարել, օրինակ, երեկ՝ ժամը 08։45-ին, 09։10-ին խախտումները, ինչպես նաեւ Մարտունու վրա ռազմական ավիացիայի կիրառումը։
Բայց, զուգահեռաբար, Բաքվից բավական ագրեսիվ հայտարարություններ են հնչում։ Իլհամ Ալիեւը, կարելի է ասել, չի հանդարտվում։ Իր ժողովրդին հղած ուղերձում նա պահպանել է կոշտ եւ ագրեսիվ բառապաշարը, հարձակողական անհաշտ ոճը, հնչեցրել ռազմատենչ հայտարարություններ։ Հաշվի առնելով, որ ուղերձը ներքին լսարանին է ուղղված, կարելի է ասել, որ պարզապես հերթական անգամ «հին ու բարի կերակուր» է մատուցում իր ժողովրդին։ Միաժամանակ հասկանում է, որ որքան էլ Թրամփը նախընտրական թոհուբոհի մեջ լինի, սակայն նրա խոսքում Կոսովոյի եւ Սերբիայի մասին հիշատակությունը դժվար թե լինի պատահականություն, եւ սա զգաստացնող է Բաքվի համար։
Առաջիկա բանակցություններում, թերեւս, ամենից էական հարցը պետք է լինեն հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրումն ու ամրապնդումը՝ դրանք լինեն դիտորդների, մոնիտորինգի հատուկ մեխանիզմների, խաղաղապահ հավաքակազմի տեղակայման տեսքով։ Միայն այդ դեպքում է հնարավոր, որ լիարժեք կերպով «լռեն թնդանոթները», բացառվեն թշնամու կողմից նույնիսկ մասնակի սադրանքները, եւ կարողանան «խոսել դիվանագետները», այսինքն՝ հարցը վերադառնա խաղաղ կարգավորման հուն։
Կարծիքներ