Գուցե ճանաչողական այց է եղել. Հովիկ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և աղջիկների նախագահական այցելության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գուցե ճանաչողական այց է եղել. Հովիկ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և աղջիկների նախագահական այցելության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չգիտի՝ ինչպես մեկնաբանել գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի կողմից անհայտ աղջիկների նախագահի նստավայր էքսկուրսիայի տանելու հանգամանքը: «Բայց ես ո՞նց մեկնաբանեմ այդ հարցը»,- ասաց նա: Պատգամավորը հավելեց, որ համացանցում մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ է դիտել: «Ես որքանո՞վ վստահ լինեմ՝ դա այնտեղ է տեղի ունեցել, այնտեղ տեղի չի ունեցել: Եթե ծանոթացրել է, թե ինչպիսին է նախագահի նստավայրը, դրա մեջ ի՞նչ կա»: Հովիկ Աղազարյանը հույս ունի, որ գործընկերը նախագահական մուտք է գործել՝ հատուկ ռեժիմի կանոնները չխախտելով. «Գուցե ճանաչողական այց է եղել, չեմ կարող ասել»: Հարցին, քանի որ Հայկ Սարգսյանը երբևէ չի եղել նախագահականի աշխատակից, համամի՞տ է, որ նա այնտեղ մուտք գործել է պաշտոնական դիրքի չարաշահման հաշվին, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Բոլորս էլ այս կամ այն քայլը կատարելիս կարող ենք դուրս գալ մեր լիազորություններից, բայց միշտ գոյություն ունեն մարմիններ, որոնք պետք է նման պահերին զգուշացնեն»: Հիշեցնենք, որ հրապարակվել է տեսանյութ, որից պարզ է դառնում, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն ինչ-որ աղջիկների ուղեկցությամբ նախագահի նստավայրում է: Աղջիկները տեսանկարահանում են իրականացնում, նրանցից մեկն էլ նստած է միջոցառումների դահլիճում՝ նախագահի համար նախատեսված վայրում: Նախագահի աշխատակազմից Factor.am-ին փոխանցեցին, որ այս տարվա մարտից, երբ նախագահը տեղափոխվել է Բաղրամյան 26, նշյալ անձինք նախագահի նստավայր մուտք չեն գործել: Մանրամասները՝ տեսանյութում: 

Նյութի աղբյուր՝ Factor.am