Կրակոցների ընթացքում ցավ զգացի, տեսա արյունահոսություն. «Սասնա ծռերի» գործով տուժող ոստիկան

Կրակոցների ընթացքում ցավ զգացի, տեսա արյունահոսություն. «Սասնա ծռերի» գործով տուժող ոստիկան

«Սասնա ծռերի» տասը անդամի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով տուժող, նախկին ոստիկան Արամ Հովհաննիսյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկի չի ճանաչում, հարաբերություններ չի ունեցել:

Հովհաննիսյանի խոսքով՝ 2016 հուլիսի 17-ի առավոտյան հեռախոսակապի միջոցով ահազանգ է ստացել, որ անհայտ անձինք հարձակվել են ՊՊԾ գնդի վրա, կոտրել են դարպասները. «Ես ասացի՝ հասկացա ու հասա դեպքի վայր: Հասել եմ Էրեբունու ոստիկանության մուտքի մետ, ոստիկանական մեքենաներով փակված էր մուտքը, մենք արանքից նայում էինք ՊՊԾ գունդ, մի քանի անգամ արանքից նկատեցինք, որ Մարտիրոսը (նկատի ունի գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանին) մի քանի անգամ մոտեցել է մեզ եւ կրակոցներ արձակել՝ դեպի վերեւ, սպառնում էր, ասում էր զենքը վայր դնել եւ միանալ մեզ: Սկսվեցին կրակոցները, ես մեր աշխատակիցներին ասել եմ՝ հետ գալ, այդ կրակոցների ընթացքում ցավ զգացի, տեսա արյունահոսություն, հասկացա, որ կրակոցներից վնասվել եմ, տեղափոխվել եմ Մուրացանի հիվանդանոց եւ ստացիոնար բուժում եմ ստացել: Հայհոյանքներ էինք լսում, կրակոցներ ու ուրիշ բան չեմ լսել»: