Հայկ Մարությանի հայտարարության առաջին արդյունքը՝ կառուցապատողները խառնվել են իրար

Հայկ Մարությանի հայտարարության առաջին արդյունքը՝ կառուցապատողները խառնվել են իրար

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը վերջին մի քանի օրերին գրառումներ է կատարում անշարժ գույքի գրեթե 4 անգամ թանկացման և Հայկ Մարությանի հայտարարության կապակցությամբ, թե քանի շուտ է ծախենք, հետո էժանանալու են։

«Իսկ գիտե՞ք, որ այդպես կփլվի անշարժ գույքի շուկան:Դուք հաշվի չեք առել, որ մեր սփյուռքի հայրենակիցների համար հենց ցածր դրույքաչափն էր գրավիչ դարձնում այստեղի գույքը: Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից»,-գրել էր Ռուսլան Բաղդասարյանը։

«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, թե ինչ նկատի ուներ՝ «անշարժ գույքի գները պայթելու են» ասելով․«Ինքը, լինելով Երևանի քաղաքապետ՝ իրավունք չուներ նման հայտարարություն անել։ Բնական է, քանի որ լինելու է տնտեսական անկում կորոնավիրուսի հետ կապված՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Դա անխուսափելի է, բայց դա այլ բան է, այլ բան է, երբ այդ մասին հայտարարում է պետական բարձր պաշտոնյան՝ մեկ միլիոնանոց քաղաքի քաղաքապետը դա առաջանցում է պանիկա։ Եթե դա անգամ այդպես է, ինքը իրավունք չունի նման բան հայտարարելու, ինքը, հակառակը, պետք է ամեն ինչ անի, որ զսպի դա»,-ասաց Ռուսլան Բաղդասարյանը։ Բացի այդ, կորոնավիրուսի համավարակի ընթացքում գույքահարկի թանկացումն էլ իր հերթին բերելու է անշարժ գույքի շուկայի փլուզման։

Ռուսլան Բաղդասարյանի խոսքով՝ առաջին ծիծեռնակը՝ կառուցապատողները խառնվել են իրար։«Բա որ գները ընկնում են, բա ո՞նց է լինելու, բա․․․ հասկանում եք՝ իր հայտարարությունն ինչ շղթայական ռեակցիայի է բերում»,-ասաց Դավթաշենի նախկին թաղապետը։ Ինչո՞վ է  պայմանվորված Հայկ Մարությանի պոռթկումը Երևանի ավագանու նիստին․ Էմոցիոնալ պոռթկու՞մ էր։ Բաղդասարյանի կարծիքով՝ ոչ։ Համոզված է, որ ասվածը ոչ կոմպետենտության նշան էր։ «Հայկ Մարությանը, իմ կարծիքով, դեռ  չի պատկերացնում իր պաշտոնի գործառույթները, պատասխանատվությունը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է կանխատեսմանը, որ սփյուռքահայերը այլևս ձեռնպահ կմնան Հայաստանում գույք ձեռք բերելուց, ապա ասաց․«Հայտնի է, չէ՞, որ սփյուռքում շատ ավելի թանկ է անշարժ գույքը, և մեր սփյուռքի հայրենակիցներից շատերն իրենց պարտքն էին համարում այստեղ գոնե մի բնակարան կամ մեկ այլ գույք ձեռք բերել։ Թեկուզ, այն տարին մեկ անգամ էին օգտագործում, բայց իրենց այդ գույքը չէր խանգարում, քանի որ գույքահարկը մեծ գումար չէր կազմում։ Ես չգիտեմ՝ որքանով, բայց որ հաստատ ազդելու է սփյուռքահայերի որոշումների վրա, միանշանակ է»։

Բնականաբար, առնվազն սկսելու են գույք ձեռք բերելու ուղղությամբ ավելի երկար մտածել։ «Հիմա չեն գնի, կմտնեն սպասման ռեժիմի մեջ, և բնակարանները կսկսեն գնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-կանխատեսեց Բաղդասարյանը։

Դե, իսկ ոչ սփյուռքահայ տատիկ-պապիկների մասին էլ չենք խոսում։ Կենտրոնի ոչ էլիտար 3 սենյականով բնակարանների դեպքում այդ գումարը կկազմի 72000 դրամ։
Դավթաշենի նախկին թաղապետը էլի որոշ տրամաբանություն կտեսներ, եթե գույքահարկի ավելացումը տարածվեր որոշակի ժամանակ հետո կատարվելիք գործարքների՝ առք ու վաճառքների վրա։ Նման պրակտիկա կիրառվում է շատ երկրներում։Օրենքի այս մոտեցման իմաստն այն է, որ անշարժ գույք ձեռք բերած մարդիկ, որոնք որոշակի հաշվարկներ անելով՝ ֆինանսական գործարքներ են արել՝ վարկ են վերցրել, գումար ներդրել, հիմա փաստի առաջ չկանգնեն։

Բաղդասարյանի ամփոփմամբ՝ մարդիկ ամեն ինչ անում են անշարժ գույքի գները իջեցնելու համար․ մեկ պետական մակարդակով հայտարարարում են, որ գույքն էժանանալու է, մեկ գույքահարկ են ավելացնում և մյուս ձեռքով էլ կառուցապատողներին 3000 -ից ավելի շինթույլտվություններ տալիս։ 
«Ակցեռն հոլդինգի» նախագահ Հակով Բաղդասարյանը նշված հարցի կապակցությամբ ասաց․«Ես հասկանում եմ, որ շուկայական արժեքը կադաստրային արժեքից կարա 3-10 անգամ տարբերություն տա, բայց քանի որ բիզնես շահութաբերությունը, նվազագույն թոշակը կամ էլ ի՞նչը ասենք՝աշխատավարձը, մենք ունե՞ն շոշափելի աճ, ես օրինակ՝ կողմնակից կլինեի, որ դա արվեր աստիճանաբար՝ առանց մարդկանց մոտ ցնցումների։ Հակառակ դեպքում, դա լրացուցիչ ֆինանսական աղբյուր է՝ հասարակության եղած կամ չեղած հնարավորություններից։ Գումարի հավաքագրում բյուջե, էն էլ՝ համայնքային, որտեղ այնքան էլ  ծախսերի էֆեկտիվության մասով քաղաքացիների մոտ գոհունակություն չեն առաջացնում»։