Հողին հավատարիմ գրողը

Հողին հավատարիմ գրողը

Ինչպես սկսվեց

- Հիմի էլ հորիցդ պատմիր,- գլուխն ինձ վրա թեքելով՝ ասաց նա, եւ այսպես ծանոթացա գրող Ռուբեն Հովսեփյանի հետ: Թատերական ինստիտուտում ընդունելության քննության էինք, եւ բանավոր քննությանս երրորդ հարցը ժամանակակից հայ գրականությանն էր վերաբերում: Եվ գրող Հովսեփյանին հետաքրքրեց հորս` գրող Հովհաննես Երանյանի գրականության մասին տեսակետներս: Այսպես, Ռուբեն Հովսեփյանը դարձավ իմ եւ եւս երեք հոգու ղեկավարը, եւ մենք դարձանք վերջին կուրսը, որ ավարտեց նրա ղեկավարությամբ: Այն, ինչ գրում էի, արդեն ոչ միայն հայրս էր կարդում, այլ նաեւ` Հովսեփյանը։ 

Դանդաղ, բայց շատ բնականորեն ստեղծվեց Հովսեփյանի եւ մեր բարեկամությունը: Մենք նրա հյուրն էինք Գրողների տանը, որտեղ կարդում էր մեր սցենարները, խորհուրդներ էր տալիս ու ծիծաղում: Չորսս էլ շատ տարբեր էինք ու իրար հակադիր, երբեմն՝ լիքը, շատ հաճախ` դատարկ: Բայց նա չէր խոչընդոտում անհատականությանը, մեզ իր տեսքով չէր ձեւում, իսկ ես տեսնում էի, որ մյուս ուսանողները սկսել են մտածել ու աշխատել իրենց ղեկավարների պես` դառնալով նրանց կրկնօրինակները

Մենք երբեք նրա անունը տալով չփորձեցինք մեզ բարձրացնել ուրիշների աչքերում, հիմնականում ամաչեցինք, որ նա պարտավոր էր կարդալ մեր երբեմն ծիծաղելի գրական թռիչքները, բայց ի վերջո ավարտական աշխատանք հանձնեցինք քիչ թե շատ հաջող գործեր: Երբ ավարտեցինք, նա գրեց, թե չորս թղթե նավակ է գցում ջուրը եւ չգիտի, թե նրանց ինչ է սպասվելու հետագայում: Բայց Հովսեփյանի եւ մեր բարեկամությունը շարունակվեց, որովհետեւ նա մեր ճանաչած ամենալուսավոր ու ամենապայծառ մտքի, ամենայուրատիպ հումորի տեր մարդկանցից էր: Ճիշտ է, որ մենք նրա անունը չէինք փորձում շահարկել, բայց երբ առիթ էր լինում, եւ դիմացինը լսում էր, որ մենք Հովսեփյանի ուսանողներն ենք, մեզ լրիվ ուրիշ հայացքով էր սկսում դիտել:

Հոկտեմբերի 27

Վեց տարեկանս էր լրանում, երբ օդի մեջ տարօրինակ աղմուկ տարածվեց` «Սպարապետը մահացել է», եւ մի հին հեռուստացույցի շուրջը հավաքված մեր հյուրերը սկսեցին տեսնել, թե ինչպես են երկրի ղեկավարները սպանվում: Երբ արդեն այնքան հասուն էի, որ տարօրինակ էի համարում քսաներորդ դարի վերջին ապրած մարդուն սպարապետ կոչելը, ինչ-որ դառը բնազդ ինձ հուշում էր, որ լավագույն ծննդյան օրը կլինի այն, երբ ուղղակի օրվա սովորական ընթացքը չքանդվի: 2016 թվականի հոկտեմբերի քսանյոթին մտա Ֆեյսբուք` շնորհավորանքներ տեսնելու, եւ կարդացի, որ Ռուբեն Հովսեփյանը մահացել է: Այդ օրը ես ու կուրսընկերներս նշեցինք ծննդյանս օրը եւ ձեւացրինք, թե ուրախ ենք:

Ֆեյսբուքը՝ որպես նվեր

Մայիսի հինգին` նրա ծննդյան օրը, կուրսընկերներով որոշել էինք նվիրել… ֆեյսբուքյան գրական էջ: Նա հետո իր համար անձնական էջ ստեղծեց, եւ ֆեյսբուքահայությունը սիրեց ու կիսվեց նրա գրառումներով, իսկ Ֆեյսբուքը մի քիչ ավելի իմաստավորվեց: Ծննդյան օրը շռայլ վիրտուալ շնորհավորանքներ էր ստացել եւ մեզ մոտ կատակեց, թե կարծես դամբանականս կարդայի: Մենք ՖԲ էջի օգնությամբ նրա հետ պայմանավորվում էինք, թե երբ կարող ենք ներկայացնել մեր կուրսային աշխատանքները: Մի օր ստացվեց շատ զվարճալի զրույց, երբ հարցրի, թե երբ կարող եմ ներկայացնել աշխատանքը. 
   Ռ. Հ․ - Ուրբաթ օրը համեցեք՝ տար... 
   Ես - Համա-համա շատ չուշանա... 
   Ռ. Հ. - Մի սցենար է, մի մեծ բան չի:
Արդեն մագիստրոսական մեր թեզի աշխատանքի պաշտպանությունն էր, երբ գրեց, թե վատառողջ է, բայց անպայման կգա ու ներկա կլինի պաշտպանությանը: Ու նա եկավ, ժպտաց, մեզ օգնեց ու շնորհավորեց: Անցան ամիսներ, երբ ես զղջում էի, որ երկու ավելորդ տարի նվիրել եմ մագիստրոսական կրթությանը: Հետո մի պահի գիտակցեցի՝ դրանք հավելյալ երկու տարիներ էին, որ տրվել էին Հովսեփյանի հետ բարեկամությունը շարունակելու համար:

Արամը

Նա ոգեշնչված էր Առաջին հանրապետության գործիչների կերպարներով եւ ցանկանում էր, որ երբեւէ ֆիլմ նկարահանվի նրանցից որեւէ մեկի մասին կամ ընդհանուր առմամբ՝ այդ ծանրագույն տարիների մասին: Վերջին տարիներին բոլորովին անկախ ու տարբեր ճանապարհով Արամ Մանուկյանը դարձավ իմ ամենասիրելի պետական գործիչը, եւ ես սկսեցի հավատալ, որ ստեղծվելու է Արամի ու մյուս գործիչների մասին մի ֆիլմ, եւ Հովսեփյանի ուսանողները ներգրավված են լինելու այդ ֆիլմի ստեղծման աշխատանքներին:

Ինչպես հիշել

Վերջին ամիսներին գիտեինք, որ վատառողջ է, չէինք էլ հանդիպում նրան, նա մեր հիշողություններում մնաց պինդ ու ուժեղ մարդ: Հիմա՝ երկու տարի անց, երբ ես ու կուրսընկերներս անցնում ենք Գրողների միության կողքով, մեզ իրոք թվում է, թե նա իր սենյակում նստած ծխում է ու աշխատում եւ սպասում մեր աշխատանքներին:

Ե՛վ երկիրը, ե՛ւ ինքը

«Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ… առավոտյան Գերմանիա եմ մեկնում՝ բուժվելու հույսով։ Երկի՛րն ի՞նչ է անելու, ո՛ւր է գնալու…»,- գրել էր Հովսեփյան օնլայն տիրույթում: Երկրի ցավերն անձնականացնելու ֆենոմենն ինձ ծանոթ էր, բայց Հովսեփյանը կարողացել էր փոքր տարածքում այնքան խիտ բովանդակություն դնել: Նա մասնագիտությամբ երկրաբան էր եւ որպես գրող էլ հողին հավատարիմ էր ու ազնիվ: Նա Հայաստանն ու այդ երկրի մարդկանց շատ լավ էր ճանաչում եւ պատմում էր իրական զգացմունքների, նուրբ երազանքների ու արյունահոսող խնդիրների մասին: 

Այսօր ես նրա գրառմանը կպատասխանեի, որ հիվանդ երկիրը փորձում է առողջանալ եւ բուժման կուրս է անցնում, բայց անհայտ է` ամբողջապես կառողջանա՞, թե՞ ոչ:

Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ սցենարիստ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ