Բաքուն կվերադառնա՞ բանակցային ռեժիմի

Բաքուն կվերադառնա՞ բանակցային ռեժիմի

Անվտանգության հարցերով Մյունխենի խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գոծերի նախարարների հանդիպում տեղի չունեցավ: ԼՂ կարգավորման շուրջ քննարկում անցկացրին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները: Ադրբեջանական կողմի հետ ռուսական դիվանագիտության շփման բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն այս պահին հակված չէ բանակցային գործընթացում դինամիկայի պահպանմանը: Ո՞րն է այդ կեցվածքի պատճառը՝ որոշակի եզրակացության է մղում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի դիտարկումը, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների բնույթը փոխվել է, Հայաստանը ձգտում է ամրագրել փաստացի իրավիճակը:

Հասկացվում է, որ Երեւանը մերժել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը եւ շարունակում է պնդել բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը: Ստեղծված իրավիճակում որեւէ լավատեսական սպասումներ չեն կարող լինել: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն օրերս բարձրագույն հրամանատարական կազմի խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելով զորքերի շփման գծում իրավիճակը: Պաշտոնական տեղեկատվությունը ոչինչ չի ասում հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից ենթականերին տրված հանձնարարականների մասին, բայց ենթադրելի է, որ ադրբեջանական կողմն ամռանն ընդառաջ կփորձի լարվածություն ստեղծել:

Ըստ երեւույթին, միջնորդները նման հեռանկարից մտահոգ են: Հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ Մինկի խմբի հանախագահներն արդեն Երեւանում են, որտեղ կհանդիպեն վարչապետ Փաշինյանին եւ ԱԳ նախարար Մնացականյանին: Համանախագահները Երեւանից կմեկնեն Բաքու՝ քննարկումներ ունենալու Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարի հետ: Միջնորդների տարածաշրջանային ուղեւորությանն ընդառաջ՝ ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ հայ-ադրբեջանական նոր շփումներ են ծրագրվում: Խոսքն արտգործնախարարների՞ հանդիպման, թե Փաշինյան-Ալիեւ գագաթնաժողով կազմակերպելու՞ մասին է՝ որեւէ կոնկրետություն չկա: Հետագա զարգացումների հավանականության շուրջ, սակայն, կարելի է ենթադրել ԵԱՀԿ գորժող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Լայչակի այն հայտարարությունից, որ պատրաստվում է մարտի առաջին կեսին այցելել Հայաստան եւ Ադրբեջան: Այդ մակարդակի միջնորդությունը, հավանաբար, հետապնդում է մի նպատակ՝ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպում:

Ըստ երեւույթին, Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային ուղեւորությունն ունի կողմերի դիքորոշումները շոշափելու եւ ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան եւ Ադրբեջան այցը նախապատրաստելու նպատակ: Այդ է հուշում նաեւ հանգամանքը, որ համանախագահների ծրագրում Ստեփանակերտ այց նախատեսված չէ, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք ոչ թե ընդհանուր քննարկումներ, այլ կոնկրետ հարցի շուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հանձնառություն ունեն: Կհաջողվի՞ միջնորդներին, հատկապես՝ ԵԱՀԿ գործող նախագահին Ադրբեջանին վերադարձնել բանակցային ռեժիմի: Ավելի հավանական է թվում, որ Բաքուն կփորձի խուսանավել եւ ժամանակ ձգել: Ադրբեջանական փորձագիտական շրջանակներից արվող ակնարկները թույլ են տալիս եզրակացնել, որ Ալիեւի ռեժիմն սպասողական դիրք է ընտրել՝ հետեւելով մերձավորարեւելյան եւ հատկապես Իրանի շուրջ իրադարձությունների ընթացքին: Բաքվում, երեւում է, պաուզա են պահում՝ հուսալով, որ Իրանի հարցում կարող է ֆորս-մաժոր ստեղծվել, ինչը կբացի պատերազմով Արցախի հարցը լուծելու ռազմաքաղաքական հնարավորություն: