Անաչառ չէ

Անաչառ չէ

Վահե Գրիգորյանին ճանաչում եմ 2003-2004-ից, երբ ինքը՝ որպես փաստաբան պաշտպանում էր Հյուսիսային պողոտայի ծրագրի շրջանակներում Բուզանդի փողոցից վտարվողների շահերը, ես՝ որպես լրագրող։ Կարելի է ասել՝ մի խրամատում ենք կռվել։ Ես իմ աչքով եմ տեսել, թե հատուկենտ փաստաբանները, եւ հատկապես Վահե Գրիգորյանը, ինչ հերոսական աշխատանք էին կատարում, ինչպես են իրենց գիտելիքներով ու անգամ ֆիզիկապես պաշտպանում բնակիչներին՝ ԴԱՀԿ աշխատողներից, որոնք առանց խղճի խայթի մարդկանց՝ իրենց ունեցվածքով, դուրս էին շպրտում իրենց բնակարաններից։ Հիմա էլ կարծում եմ, որ դա Ռոբերտ Քոչարյան նախագահի ամենամեծ մեղքն է, եւ ներքուստ համոզված եմ, որ հիմա հենց դրա եւ Երեւանի ճարտարապետական նկարագիրն աղավաղելու համար է նա պատասխան տալիս, այլ ոչ թե այսօրվա մեղադրանքով։ Իսկ երբ Վահե Գրիգորյանի նկատմամբ կեղծ, ամոթալի մեղադրանքը հյուսեցին, մենք՝ լրագրողներս, բանուգործ թողած, նրան էինք պաշտպանում։

Եվ իսկապես, հանրային կարծիքը, որը միանշանակ Վահեի օգտին էր, դեր խաղաց, եւ նա մի քանի ամսից ազատ արձակվեց։ Հետո իմացա, որ մեկնել է Լոնդոն՝ ուսանելու, եւ երկար ժամանակ Վահե Գրիգորյանը դուրս էր մնացել մամուլի ուշադրությունից։ Պարբերաբար կարդում էինք իր ստատուսները, եւ ինչ-որ ժամանակ անց հասկանալի էր արդեն, որ Վահեն թաղվել է քաղաքականության մեջ, փաստաբանությունից անցում կատարել մեծ քաղաքականություն, հայտնվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների թիմում։

Մարդու ընտրությունն է, անշուշտ, եւ անգամ լավ է, որ փաստաբանը սկսում է զբաղվել քաղաքականությամբ, բայց քաղաքական գործունեությամբ զբաղվողը չի կարող անաչառ լինել եւ իրավական քաղաքականություն թելադրել։ Նման մարդուն չի կարելի ՍԴ անդամ, առավել եւս՝ նախագահ նշանակել։