Հայելի» ակումբին պատճառվել է նյութական և բարոյական վնաս. Զարուհի Փոստանջյան

Հայելի» ակումբին պատճառվել է  նյութական և բարոյական վնաս. Զարուհի Փոստանջյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը և «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում անդրադարձան հոկտեմբերի 5-ին «Հայելի» ակումբի վրա մի քանի երիտասարդների կողմից կազմակերպած հարձակմանը։

«Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ երկու ամիսն էլ բավարար էր գործին ընթացք տալու, այսինքն՝ գործը դատարան ուղարկելու համար։

«Պարզվում է, որ դեռ նախաքննությունը պետք է շարունակվի։ Պարզվում է, որ բավարար չի եղել նաև, որպեսզի մեղադրանք առաջադրվի խուլիգանության և բացահայտ խտրական վերաբերմունքի համար։ Ընդհանուր առմամբ մենք այս ամենը դիտարկում ենք ոչ թե միայն լրագողի աշխատանքի խոչընդոտել, այլ նաև խուլիգանական արարք, որովհետև հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա։ Հարձակումն էլ տեղի է ունեցել խուլիգանական արարքի միջոցով։ Այս մասով մենք միջնորդություն ենք ներկայացրել քննչական կոմիտեի տվյալ բաժնի քննիչին, սակայն քննիչը պատասխանել է, որ այս պահին միջնորդությունը չի քննարկվելու, իսկ երբ կլինեն բավարար հիմքեր, միջնորդությունը նոր կքննարկվի։ Բացի սա, մենք պահանջել էինք նաև, որ «Հայելի» ակումբը տուժող ճանաչվի, որովհետև ոչ միայն լրագրողն է տուժում իր մասնագիտական գործունեությունը ծավալվելու հարցում, այլ նաև հենց «Հայելի» ակումբը՝ որպես իրավաբանական անձ։ «Հայելի» ակումբին պատճառվել է և նյութական, և բարոյական վնաս։  Մենք գտնում ենք նաև, որ քննիչի համապատասխան  գործառույթները չեն  կատարվել, այն դեպքում, երբ պետք է կատարվեին։ Հիմա մանրամասն չենք կարող հայտնել, քանի որ տեղի է ունենում նախաքննություն, կա նախաքննական գաղտնիք։ Մենք քննչական կոմիտեի գործողություններր գնահատում ենք անբավարար, նրանց գործողությունները խորը անգործության են մատնված։ Ես կարծում եմ՝ սա ուղղորդված անգործություն է, որովհետև գլխավոր դատախազը տեղեկացված է մեր բողոքների վերաբերյալ, բայց նույն գլխավոր դատախազը մեր բողոքների բավարարումը մատնել է անգործության»։