Կկալանավորվի՞ Դավիթ Տոնոյանը

Կկալանավորվի՞ Դավիթ Տոնոյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։

Նշենք,որ Տոնոյանի և Պատրոն Դավիթի ձերբակալման մասին երեկ «Հրապարակը» առաջինն էր հայտնել։ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց։

Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Նշենք նաև, որ Դավիթ Գալստյանը ԱԱԾ միջնորդությամբ փետրվարին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակեց Գալստյանին։ Սակայն այսօր Գալստյանի պաշտպանը դատարանի բակում լրագրողներին հայտնել է, որ սա լրիվ այլ գործ է, մյուսի հետ որևէ կապ չունի։

Նշենք նաեւ, որ այժմ նույնն դատարանում շարունակվում է նաեւ Դավիթ Գալստյանի կալանավորման միջնորդության քննությունը, որը մեկնարկել է 13:00-ին։