Հայկ Սարգսյանը ժամանակին շնորհակալություն էր հայտնում մեզ, հիմա դատի է տալիս․ ինչո՞ւ

Հայկ Սարգսյանը ժամանակին շնորհակալություն էր հայտնում մեզ, հիմա դատի է տալիս․ ինչո՞ւ

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով երեք հայց է դատարան ուղարկել՝ ընդդեմ «Հրապարակի», մի այդքան հայց էլ՝ այլ լրատվամիջոցների դեմ, որոշել է հերքել անհերքելին եւ որպես զոհ ներկայանալ հանրությանը։ Թեեւ բացատրություն չունի, թե ինչու է մամուլը հատկապես իր դեմ «սեւեռվել», այլ ոչ թե մեկ այլ պատգամավորի, կամ հենց իր եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի։ Նա օրերս ասուլիս էր տալիս եւ ասում էր՝ «ինձ զրպարտում են, ինձ վրա ցեխ են շպրտում, իմ hետևից արշավ են սկսել, օգնեցե՜ք և այլն»։ Բայց այս հայցերով էլ չի բավարարվել, հրապարակային հայտարարություն է արել, թե դիմել ենք քննչական մարմիններին, որ քրեական գործ հարուցեն եւ «փակեն այդ լրատվամիջոցները», քանի որ «ազգային անվտանգության հարց է» սա։ Ուշագրավ է, որ նրան չեն բացատրել մամուլի դերն ու նշանակությունը, չեն պատմել, որ մամուլի դեմ քրեական գործ հարուցել հնարավոր չէ։ Նախ այն պատճառով, որ քրեական գործ հարուցվում է անձի դեմ, ապա այն պատճառով, որ դեռեւս շատ տարիներ առաջ զրպարտություն եւ վիրավորանք հասկացություններն ապաքրեականացվել են եւ տեղափոխվել Քաղաքացիական օրենսգիրք։

Նաեւ չեն հասկացրել, որ եթե որեւէ որակում, կամ հրապարակման բովանդակություն քեզ դուր չի գալիս, չի նշանակում, որ այնտեղ վիրավորանք կամ զրպարտություն կա քո հասցեին։ Միջազգային օրենսդրությունն ասում է, որ պատգամավորն ու պաշտոնյան պետք է հանդուրժող լինեն իրենց մասին քննադատական հրապարակումների հետ կապված, դա դեմոկրատիայի տարրական պահանջն է։ Իսկ եթե դիմում ես դատարան անպայման պետք է կարողանաս ապացուցել, որ քեզ միտումնավոր վարկաբեկել են ու վիրավորել, որ լրատվամիջոցը կամ լրագրողը հենց նման խնդիր է դրել իր առաջ։ 

Մինչդեռ Հայկ Սարգսյանը ընդամենը ամիսներ առաջ շնորհակալություն էր հայտնում «Հրապարակին»՝ ցուցադրելով իր երախտագիտությունը մեր անաչառության կապակցությամբ։ Երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել, որ Հայկ Սարգսյանի մայրը ծաղկաձորյան ռեստորաններից մեկում կոպտել է մատուցողին, ասելով՝ «մեզ համա՞ր էլ պիտի տեղ չլինի», մենք զրուցել էինք Սարգսյանի հետ եւ նա ներկայացրել էր իրենց տեսակետը։ Նյութի հրապարակումից հետո Սարգսյանն անձնական նամակ գրեց ու շնորհակալություն հայտնեց մեզ՝ բարեխղճության համար։ Եւ մեր հրապարակումից հետո Սարգսյանը հրաժարվել էր այլ լրատվամիջոցների պարզաբանում տալ՝ ասելով, որ hraparak.am-ին ամեն բան ասել է, և իր ուղղակի խոսքը կարող են այնտեղից վերցնել։ 5 ամիս առաջ Հայկ Սարգսյանը գոհ էր մեր աշխատանքից, իսկ հիմա, պարզվում է, մենք իրեն «հալածում ենք»։ 

Ի դեպ, բոլոր այն հրապարակումները, որոնք վերաբերել են իրեն եւ որոնց առումով նա դիմել է դատարան, հրապարակելուց առաջ մենք օրեր շարունակ զանգահարել ենք պատգամավորին՝ կրկին իր մեկնաբանությունը լսելու եւ տեսակետը ներկայացնելու համար։ Սակայն ինչ որ պահից սկսած նա այլեւս մամուլի, լրագրողների հետ կտրականապես չի շփվում՝ չի պատասխանում ոչ հեռախոսազանգերին, ոչ ֆեյսբուքյան նամակներին։ Մի անգամ մեծ ուրախություն ապրեցինք, որ իր օգնականը պատասխանեց մեր զանգին՝ ասելով, 10 րոպեից փորձեք, Սարգսյանը հասանելի կլինի, բայց 10 րոպե անց հեռախոսն անջատված էր։ Գուցե մամուլի ասուլիս հրավիրելու փոխարեն արժեր ընդամենը պատասխանե՞լ հեռախոսազանգերին, եւ գուցե կրկի՞ն շնորհակալություն հայտնելու առիթներ ունենար։