Անցյալ կատարյալի և ապառնիի խաչմերուկում՝ դատին բան չմնաց

Անցյալ կատարյալի և ապառնիի խաչմերուկում՝ դատին բան չմնաց

Բարի լույս, սիրելի ընթերցող: Գիտեմ՝ անհամբեր սպասում ես, թե ինչ է լինելու այսօր, այսօր 13:00-ին՝ ազատելո՞ւ են, արդյոք, կալանքից Ռոբերտ Քոչարյանին, թե՞ շարունակելու են պահել կալանքի տակ: Դեռ մի քիչ ժամանակ ունենք զրուցելու, և կարող ես սիրտդ բացել, եթե ուզում ես: Քեզ համար ո՞ր տարբերակն է առավել ընդունելի՝ պահե՞ն, թե՞ թողնեն: Էլ դեմքդ մի թաքցրու, գիտեմ, որ անհամբեր սպասում ես դատարանի վերդիկտին: Թե՞ սխալվում եմ, ու քեզ համար միևնույն է՝ կպահե՛ն, կթողնե՛ն… Լռություն: Շատ լավ, պատկերացրու, որ քեզ նման մի ուրիշ քաղաքացի մի ուրիշ կրպակից հենց նոր գնել է «Հրապարակի» թարմ համարն ու պատրաստվում է կարդալ այս հոդվածը: Ըստ քեզ ի՞նչ կարող է տեղի ունենալ այն մյուս քաղաքացու հետ, որ քեզ նման, բայց ուրիշ կրպակից այս նույն ժամին գնել է «Հրապարակի» այսօրվա համարը: Չգիտե՞ս: Դե ուրեմն լսիր, թե ինչ տեղի ունեցավ այն մյուս քաղաքացու հետ, երբ ես նրան սկսեցի պատմել այս ամենը: Եվ այսպես՝ ես նրան նույն հարցն էի տվել. «Քեզ համար ո՞ր տարբերակն է առավել ընդունելի՝ պահե՞ն, թե՞ թողնեն Քոչարյանին»: Նա լռել և այծի իմաստուն հայացքով նայում էր գրածիս:

-Լավ,- ասում եմ,- արի կլինի ես խոսեմ, իսկ դու գլխով արա՝ համամի՞տ ես ասածներիս, թե՞ չէ: Անունդ ի՞նչ է, Պողո՞ս:

-Չէ: Շմավոն:

-Հա, Սլավիկ ջան…

-Շմավոն…

-Կներես, Շմավոն ջան… Քաղաքացի Շմավոն, դու կուզեի՞ր, որ Քոչարյանը բերդում փտեր, մարմինը ասեղներով ծակծկեին, միսը քոռ դանակով պոկեին ոսկորներից:
Տառերի միջից տեսնում եմ, թե ոնց են չռվում Շմավոնի աչքերը:

-Խորը շունչ քաշիր մի հատ, Շմավոն, չվատանաս: Ոնց որ չես ուզում չէ՞ որ նման բան լինի: Դե գլխով ասա՝ չէ: Մի վախենա, Շմավոն, մենք մենակ ենք՝ դու և թերթը:
Շմավոնն ընկնում է մտքերի մեջ՝ քորում է գլխի հետևը…

-Այ մարդ, ի՞նչ ես հետուառաջ անում մտքումդ, ասա՝ հա, թող փտի բանտում, 10 զոհի համար ի՞նչ արդարացում, կամ էլ ասա՝ չէ, Քոչարյանը մեղք չունի:
Շմավոնը լռում է՝ ոչ հա, ոչ՝ չէ, գլխի հետևն է քորում…

-Գիտե՞ս ինչու չես կարողանում խոսել, Շմավոն: Դա էլ կասեմ՝ դու անգրագետ Պողոսը չես, ահա, խնդրեմ՝ թերթ ես առել, կարդում ես, հետաքրքրվում, ուղեղդ աշխատեցնում ու լռում: Իսկ լռում ես, որովհետև զգայարաններիցդ մեկը հուշում է, որ սա քո որոշելիքը չէ: Մարդուն մեղադրելը հեշտ է, մեղադրանքը հաստատելը՝ դժվար: Ի վերջո՝ 10 մարդ է զոհվել, ոչ թե մի սուրու ոչխար ընկել գնացքի տակ: Դու կընդունեի՞ր 10 մարդու մահվան մեղադրանքը, Շմավոն, եթե նույնիսկ դա տեղի ունեցած լիներ ձեր գյուղում, քո գյուղապետության շրջանում… Պատկերացրու՝ ջրի կռիվ է, Ներքի թաղը բահերով ելել է Վերի թաղի դեմ… Վերի թաղեցիք ջուրը կտրել, իրենց բախչեն են արել, Ներքի թաղերից բահերով եկել, սպառնում են գյուղը քանդել… Բայց Վերի թաղեցիք էլ, պակասը չեն, տակ չեն մնում… Վերջում իրար քոթակում են, և 10 մարդ է զոհվում… Ներքի թաղի քյոխվեն, որ գլուխը ծակից էլ չէր հանել, իր «գեներալներից» հեռախոսով է տեղեկանում 10 զոհի մասին ու ասում. «Լավ է, նորմալ է, նման գործի համար նորմալ է: Վերի թաղը ստացավ այն, ինչ պետք է ստանար»: Խեղճ գյուղապետ Շմավոն, մինչև դու ուզում ես հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ, Ներքի թաղի քյոխվեն ամբողջ աշխարհին հայտարարում է, որ գյուղապետ Շմավոնն է այդ մարդկանց սպանելու հրաման տվել, և, հետևաբար, Շմավոնն էլ պատասխան է տալու, որովհետև նախ՝ խախտել է գյուղի ադաթը (կարդա՝ սահմանադրություն) և չի թողել ես գյուղապետ դառնամ, և ապա՝ հրամայել է բահերով կոտրել Ներքի թաղեցոց գլուխը:

-Սլավիկ, ջան, շատ կուչուհուփ մի արի…

-Շմավոն:

-Հա, վայ, Շմավոն: Շմավոն ջան, շատ կուչուհուփ մի արի, ես խոսքի օրինակ եմ ասում: Ի վերջո փոքր գյուղ է, մարդիկ իրար ճանաչում են, գյուղացիք էլ գիտեն, թե դու ինչեր ես արել, որ բանը բահերով կռվին չհասնի: Այնպես որ հեշտ չի լինի քեզ 10 անմեղ մարդու մահվան մեջ մեղադրելը:

Եվ որպեսզի Շմավոնը մի փոքր հանգստանա, ասում եմ, որ եթե դատարանն այսօր վերջնականապես կասեցնի Քոչարյանի կալանքի որոշումն ու նրան ազատ արձակի, Հայաստանն էականորեն կտարբերվի արոտավայրից: Դա կլինի քայլ՝ իրավական պետություն ստեղծելու ճանապարհին, որն, անշուշտ, կողջունեն ոչ միայն իրավական պետությունները, այլև ձեր գյուղը, որտեղ Ներքի և Վերի թաղերը հոգնել են բահերով կռվի անիմաստ շահարկումից: Հիմա այնտեղ նոր գյուղապետ կա, ուզում է լավ բաներ անել, բայց Ներքի թաղի քյոխվեն երկու ոտը դրել է մի տրեխի մեջ, թե չէ, նախկին գյուղապետ Շմավոնը պետք է նստի, քանզի նա էր այն օրերի հրաման տվողը: Բայց ո՞ւմ հասկանալի չէ, որ գյուղում հրաման տվողը գյուղապետն է: Բա հո Ներքի թաղի քյոխվե՞ն չէր կարգուկանոն հաստատելու, գյուղի ադաթը պահելու:

-Քաղաքացի Սլավիկ, ինչո՞ւ ես ժամացույցին նայում:

-Ասի՝ Սլավիկ չի, Շմավոն ա իմ անունը:

-Հա, քաղաքացի Շմավոն ջան, ինչո՞ւ ես ժամացույցին նայում: Հո չե՞ս շտապում ցույցի: Ժամը 13:00-ին դեռ շատ կա, կհասցնես: Իսկ գիտե՞ս, որ ՀԱԿ-ն է հրավիրել… Այ մարդ խոսիր, գլխով մի բան ասա, օրը մթնեց… Թե տանը բահ ունես՝ հետդ կվերցնես, որովհետև հետո, երբ դատարանը որոշի ազատել Քոչարյանին, «կալ-կալամաշ» են անելու, Սլավիկ ջան:

-Շմավոն:

-Թող լինի՝ Շմավոն: Եվ ուրեմն՝ գնալո՞ւ ես դատարանի մոտ՝ ցույցի…
Շմավոնը թերթը զայրացած ծալում է, երկծալ փռում է բազալտի ցածրիկ պատին…

-Սլավի՛կ, գոռում եմ ինչքան ուժ ունեմ, -էդ բանը չանես…

-Սլավիկ չի, Շմավոն ա,- հերթական անգամ ինձ ուղղում է նա, հետո թերթն անխռով փռում պատին ու նստում վրան:

-Էս ի՞նչ ծանր ես, Շմավոն,- մի կերպ բարբառում եմ տառերի միջից…

-Քեզ տեղն ա…

-Խի՞, արա, որ ճիշտ բան եմ ասում, դուրդ չի գալի՞ս… 

Մեկ էլ Շմավոնի հետույքի անհանգիստ շարժումներից հասկանում եմ, որ մտածում է: Չէ, ուրեմն սա դեռ վերջը չէ՝ անցավ մտքովս: Երևի իրենց գյուղի բահերով կռիվն է մտքում վերլուծում ու պատկերացնում, որ ինքը հիմա «սուդումն» է, մեղադրվում է 10 համագյուղացու մահվան մեջ, գեղամիջում՝ լիքը մարդ է հավաքվել, Ներքի թաղը վանկարկում է՝ «մար-դա-սպան» «կա-խել», մի անմարդ կնիկ էլ, որին այդպես էլ չէր հաջողվել գյուղապետ Շմավոնի ծոցը մտնել, կտրատում է իրեն՝ դրան տվեք ինձ, ես գիտեմ ինչ կանեմ… Սուդյան էլ կանգնել է, թե գյուղապետ Սլավիկը, վայ, կներեք, Շմավոնը, պետք է վճարի զոհերի գլխագինը: Մի խոսքով, սոսկալի պատկերներ՝ իրար հաջորդող:

-Շմավոն, հիմա ի՞նչ ես ասում, գնալու ե՞ս, Զուրաբյան Լյովիկի միտինգին… Որոշե՞լ ես՝ որ ճամբարից ես լինելու, ուզում ես Քոչարյանին ընդմիշտ փակե՞ն, թե՞ ազատեն, որ բոլորս իմանանք՝ ովքեր են 10 մարդ սպանել:

-Հետո նորմալ դատ կլինի՞…

-Հա, կլինի, հետույքդ նախ՝ բարձրացրու…

-Չեմ հավատում:

-Գործն այս որոշումով չի փակվում, Շմավոն: Եթե Նիկոլն էլ փակի՝ Քոչարյանը չի թողնելու որ փակվի: Դու էլ, որպես նախկին գյուղապետ, չէիր թողնի, չէ՞, որ ձեր գյուղի բահերով կռվի գործը զոռով փակեին ու քեզ քշեին՝ հայդա սիբիր: Քեզ ասում եմ՝ հետույքդ բարձրացրու, քաղաքացի Շմավոն, այլապես դատի կտամ…
Ազդեց: Շմավոնը վեր կացավ, ուզում էր հասկանալ, թե ո՞վ էր հետը խոսում: Նա հայացք չէր կտրում իր հետույքով հարթեցրած թերթից: Ես էլ անթարթ նրան էի նայում տառերի միջից և փորձում կարդալ մտքերը: Շմավոնը ձեռք տարավ գլխին, և քորեց ճակատը… Դա իսկական հայտնություն էր ինձ համար: Ես նկատել էի, որ մինչ այդ Շմավոնը գլխի հետևամասն է քորում, երբ փորձում է մտածել: Ես վստահ էի, որ գլուխը քորելու տարբերությունները նախապես հայտնի չէին Շմավոնին, սակայն նա այդ պահին սեփական շարժումներով մատնեց իրեն՝ սկսել էր մտածել:

Թեթև քամի բարձրացավ: Թերթը մի պահ պտտվեց պատի վրա: Շմավոնի հեռացող ուրվագիծը մերթ կորչում, մերթ հայտնվում էր անցորդների մեջ: Հիմա հետևից ձայն եմ տալիս՝ Սլավի՛կ, Սլավի՛կ… Այ տղա, հո դատարանի մոտ ցույցի չե՞ս գնում:Շուռ եկավ, թե.

-Սլավիկ չի, Շմավոն ա…

Այ այսպես, սիրելի ընթերցող: Մեր օրն էլ օր չէ, ամբողջ ժամանակ նստում ենք ձեր ականջներին, որ խոսք տեղ հասցնենք, մտածելու առիթ ու հնարավորություն տանք, իսկ դուք թերթը փռում՝ նստում եք վրան: Բա եղա՞վ, բա մենք ո՞ւմ ասենք, որ հայրենի կառավարությանը մտածող պողոսներ, շմավոններ ու սլավիկներ պետք չեն: Դրանց տես՝ մի հավաբուն չեն կարողանում կառավարել, բայց նախագահ են բռնել…

Հ.Գ.1. Հիմա ի՞նչ եք ասում, գնո՞ւմ ենք դատարան՝ ցույցի, թե՞… Նախապես ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանն ու Լյովիկ Զուրաբյանն այնտեղ չեն լինելու: Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է անցնելու: Հետո կգանք Մյասնիկյանի արձանի մոտ ու կպահանջենք, որ իսկական գլխակերները գան և պատասխան տան մարտի 1-ի համար: 

Հ.Գ.2. Եթե գիշերն այնպիսի բաներ տեղի ունենան, որ «Հրապարակի» այս համարը չհասնի Պողոսին (թե՞ Սլավիկ էր, արդեն չեմ հիշում), կամ էլ, Աստված մի արասցե, պարզվի, որ այս հոդվածը չեն տեղադրել թերթում, ես ինքնասպան կլինեմ գլխավոր խմբագրիս աչքի առաջ: Չէ, ոչ թե այն պատճառով, որ հոդվածս չեն տպել (նման բաներ հաճախ են պատահում), այլ այն, որ ինձ զրկել են Պողոսի, Սլավիկի, Շմավոնի և մյուսների հետ մինչև Քոչարյանի դատը ևս մի քանի ժամ շփվելու հնարավորությունից:
Հուսամ՝ դեռ կհանդիպենք:
Էդիկ Անդրեասյան