Հոգևոր հայրենիքի տեսլականը ոչ թե նախարարություններն են ստեղծում, այլ՝ անհատները

Հոգևոր հայրենիքի տեսլականը ոչ թե նախարարություններն են ստեղծում, այլ՝ անհատները

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի հաջորդ հերոսը բնագրագետ, թարգմանիչ Գուրգեն Գասպարյանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։ 

Ազգը ձևավորվում է որոշակի արժեքների շուրջ

1914թ․ գրված Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածը որոշակի աշխարհաքաղաքական պայմանների եւ տրամադրությունների միջավայրում արտահայտված կարծիք էր, բայց Տերյանը մի բանում հաստատ ճիշտ էր, որ յուրաքանչյուր ազգի ամբողջականությունը, ինքնությունը ձեւավորվում են որոշակի գաղափարական արժեքների շուրջ։ Ինչո՞ւ էր Տերյանն այդպես ասում․ որովհետեւ այդ թվականներին հայությունը դեռ պետականություն չուներ, եւ հրապարակի վրա եղած քաղաքական ուժերը տարբեր գաղափարական բանաձեւեր էին տալիս, որոնցից ոչ մեկի հետ Տերյանն ամբողջապես համաձայն չէր, բայց մի բան փաստ է, որ պետք էր գտնել նման մի ձեւակերպում կամ գաղափարների ամբողջություն, որը հետագայում հնարավորություն կտար հայ ազգին նոր ժամանակներում ձեւավորվել։ 

Հոգեւոր Հայաստանի ամենահայտնի ձեւակերպումներից մեկը տվել է Խաչատուր Աբովյանը, որը նաեւ Տերյանի կուռքերից էր․ «Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն է ու հավատը»։ Ըստ էության, Տերյանն էլ իր այդ հոդվածում լեզվին մեծ նշանակություն է տալիս։ Ինչո՞ւ․ որովհետեւ ազգերն իրարից տարբերվում են նախեւառաջ լեզվով։ Բայց միայն լեզուն բավարար չէ, որպեսզի կարողանաս մի այդպիսի համակեցություն ստեղծել, որը կոչվում է հայ։ Տերյանի նորույթը հենց այն էր, որ նա առաջ քաշեց հոգեւոր հայրենիքի գաղափարը՝ մերժելով մյուս բոլոր չափորոշիչները՝ բուրժուազիա, հարստացում, փող․ այդ բոլորը մենք կարող ենք ունենալ եւ ունեցանք, բայց այդ հոգեւոր հայրենիքը, այսինքն՝ մարդկանց այն համակեցությունը, որն իր ինքնության մեջ ունի հայի գաղափարը եւ տարբերում է իրեն մյուսներից, իմ կարծիքով՝ մինչեւ հիմա ձեւավորված չէ, չնայած որ մենք արդեն 3-րդ հանրապետության մեջ ենք։ Սա, մի կողմից, մշակութային խնդիր է, մյուս կողմից՝ նաեւ գաղափարական։ 

Նախարարության գործառույթը վերահսկելն է, ո՛չ մշակույթ ստեղծելը

Հաճախ վեճեր են գնում՝ մշակույթի նախարարություն պե՞տք է մեզ, թե՞ ոչ։ Ես ուզում եմ ասել, որ մշակույթի նախարարությունը ոչ մի կապ չունի Տերյանի ասած հոգեւոր հայրենիքի հետ։ Մեր շատ արվեստագետների մեջ էլ այդ թյուր պատկերացումը կա, որ եթե ունենք մշակույթի նախարարություն, ուրեմն այդ հարցերը նա պետք է լուծի, բայց թե՛ մշակույթի, թե՛ մնացած բոլոր նախարարությունները նման հարցեր չեն լուծում։ Հոգեւոր հայրենիքի տեսլականը ոչ թե նախարարություններն են ստեղծում, այլ՝ անհատները։ Դա գործողությունների մի համալիր պետք է լինի, նախարարության հիմնական գործառույթն ինչ-որ բնագավառներ վերահսկելն է, բայց ո՛չ մշակույթ ստեղծելը։ Դրա համար ոչ մի արվեստագետ չպետք է ասի, որ եթե ունենք նախարարություն, թող այդ նախարարությունն իմ հարցերը լուծի։ Հենց ի՛նքը պետք է լուծի նախարարության եւ ինքնության հարցերը, ինչպես որ դա արել են խոշոր արվեստագետները։ 

Հենց անցյալ դարասկզբին՝ մինչեւ ցեղասպանությունը, այդ նույն գաղափարի կրողներն էին Կոմիտաս վարդապետն ու Արշակ Չոպանյանը․ նրանց նամակագրության մեջ նույն մտքերն են արտահայտվում, որ հայը խնդիր ունի ինքնության, քաղաքակրթական մակարդակի հասնելու։ Կոմիտասը գրեց իր հայտնի հոդվածը՝ «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն»․ դրանք պատահական տողեր չէին։ Եվ ոչ միայն գրեց, այլ նաեւ աշխարհին ապացուցեց դա, որը եղավ մեր ինքնության բաղադրիչներից մեկը։ Այսինքն՝ արվեստագետի գործունեությունը դա պետք է լինի։ Նա պետք է կարողանա ստեղծել մի դաշտ, մի արվեստ, որն իր ազգակիցների մեջ ստեղծի այդ ինքնության զգացողությունը։ Իսկ եթե մեծամասնության մեջ ստեղծվի, մենք կունենանք այդ հոգեւոր Հայաստանը, որի դեմ արդեն ոչ ոք եւ ոչ մի ուժ չի կարող պայքարել։ Տերյանի ասածը դա էր, որովհետեւ նա տեսնում էր, թե մեր ժամանակներում ինչ է կատարվում՝ ցեղասպանություն, կոտորած, կռիվներ, հայ բուրժուազիա, որ ազգային դեմք չունի։ Նույնն էլ՝ հիմա․ մեր այսօրվա բուրժուազիան, որոնց մենք օլիգարխներ ենք համարում, մշակույթից հեռու մարդիկ են, այդ մարդկանց մեջ չկա ինքնության զգացողություն։ Չնչին չափաբաժիններով ինչ-որ բաներ անում են, որը հետո տասնապատիկ ավել գովազդում են, բայց մենք դրանով հոգեւոր չենք դառնում, հակառակը՝ ավելի հետ ենք գնում։ Այսինքն՝ հիմա այն վիճակում ենք, ինչ Տերյանի ժամանակ։ Հոգեւոր Հայաստան ունենալու համար մենք մինչեւ հիմա լուրջ քայլեր չենք արել։ 

Ունենք պետություն, ինչ-որ տնտեսություն, բայց չունենք հոգևոր մշակույթ

Կոմիտասը ստեղծագործեց, մահացավ, բայց նրա սկզբունքները, որոնք մեզ պետք է տանեին մեր ինքնությանը, չկիրառվեցին։ Մեր Կոնսերվատորիայում Կոմիտասի սկզբունքները չեն դրված, եւ դրա համար մեր շատ տաղանդավոր կոմպոզիտորներ չեն կարող այն հաջողությունն ունենալ, ինչ ունեցավ Կոմիտասը։ Աշխարհը, լսելով Կոմիտասին ու նրա դպրոցի հետեւորդներին, միանգամից գնահատում է, որովհետեւ դա մեր ինքնությունն է, որ իրենք չունեն։ Դա քաղաքակրթության մեջ մշակույթի այն մասն է, որ իրենք չեն տեսել, եւ դա են գնահատում։ Երբ Կոմիտասը Պոլսում լսեց աշխարհահռչակ դաշնակահար Էդգար Մանասի կատարումները, ասաց, որ շատ լավ է ամեն ինչ անում՝ որպես պրոֆեսիոնալ, բայց նա մեր արվեստի մեջ չէ, որովհետեւ հայերեն չգիտի։ Հայոց լեզուն չիմացողը չի կարող մեր մշակույթի կրողը լինել։ Մշակութային բոլոր ազգերը շատ մեծ նշանակություն են տալիս իրենց լեզվին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք ամբողջ աշխարհով ֆրանկոֆոնիայի օրեր են անում, որը նաեւ իրենց ինքնության տարածումն է աշխարհով մեկ՝ որպես մշակութային ազգ։ Մենք դեռ այդ մակարդակին չենք հասել, այսօր էլ գտնվում ենք այն վիճակում, որ ունենք անկախ պետություն, ինչ-որ տնտեսություն, պետական կառույցներ, բայց չունենք եւ շատ հեռու ենք հոգեւոր մշակույթից։ Ոչ մի բան չի արվում, որպեսզի վերադառնանք մեր արմատներին եւ դառնանք այն մշակութային ազգը, որ աշխարհը մեզ մատնացույց անի։ 

Մշակութային դաշտը դարձել է միջոցառումների դաշտ

Տերյանն իր հայտնի հոդվածում, կարծեմ, այսպիսի մի ակնարկ էլ է անում, որ հոգեւոր Հայաստանի մարտիկներին ավելի բարձր է դասում, քան զոհված մարտիկներին, որովհետեւ նրանք մեր ազգի ապագան են ձեւավորում։ Հիմա մենք ունե՞նք արդյոք մի համակեցություն, որտեղ կան նման անհատներ։ Իհարկե՝ կան, բայց դա պետք է լինի համատարած, եւ դրա համար մեծ աշխատանք է պահանջվում։ Ես հիմա չգիտեմ՝ օրինակ, նախարարությունն իր ծրագրերում նման գաղափարական եւ հեռանկարային ծրագրեր ունի՞ եւ գործողությունների ծրագիր մշակո՞ւմ է, թե՞ ոչ։ Համենայնդեպս, մինչեւ հիմա ես չեմ տեսել։ Մեր մշակութային դաշտը դարձել է միջոցառումների դաշտ։ Բայց միջոցառումը ոչինչ չի տալիս եւ հեռանկարային չէ, պետք է ավելի լուրջ ծրագրեր կազմվեն։ Մշակույթը, կրթությունը պետք է դառնան մեր պետության առաջնահերթությունը։ Որքան մեր պետությունը ֆինանսավորում է բանակին, նույնքան էլ պետք է ֆինանսավորի մեր մշակույթին, որպեսզի կարողանանք մի քայլ առաջ գնալ։ Մշակույթը, կրթությունը բյուջեի վերջին տեղերն են զբաղեցնում, իսկ դա արդեն վերաբերմունք է։ 

Եթե չունենանք մշակույթ, չենք ունենա քաղաքացի

Ինչ-որ բան փոխելուց առաջ նախ պետք է այդ կյանքը կենդանացնել, որը հիմա չկա։ Մենք հիմա ունենք մշակութային միություններ, որտեղ համքարությունների սկզբունքով համախմբված են արհեստի ու արվեստի մարդիկ։ Ունենք բազմաթիվ միություններ, բայց չունենք մշակութային կյանք։ Եթե դուք փորձեք մասնակցել նրանց հավաքներին, ընդհանրապես կհիասթափվեք մեր մշակույթից։ Այսինքն՝ դա նշանակում է, որ այդ ֆորմատն իր դարն արդեն ապրել է։ Իսկ խորհրդային շրջանում մեզ համոզում էին, որ դա է մշակութային կյանքը։ Մենք չունենք մեր մշակույթի մեջ լիդերներ, այնպիսի գործիչներ, որոնց շուրջ մարդիկ համախմբվեն։ Եթե մի լավ գրող է լինում կամ արվեստագետ, միանգամից նրան մեկուսացնում են։ Հետո՝ լավ գրողն էլ չի ուզում մասնակցել այդ ամեն ինչին։ Այսինքն՝ մի քաոսային իրավիճակ է, որտեղ մարդիկ ինչ-որ բան անում են, բայց մշակութային դաշտ չկա։ Հիմա եթե չկա այդ դաշտը, մենք ի՞նչը կարող ենք փոխել․ պետք է նախ ստեղծենք այդ դաշտը՝ զրոյից։ Երբ կլինի այդ դաշտը, եւ այդ դաշտում կլինեն առողջ ուժեր, որ կպայքարեն իրենց համար, այդ ընթացքում նոր կարելի է ասել՝ եկեք սա փոխենք, նրանից հրաժարվենք։

Ես, իհարկե, դա փոխելու հավակնություններ չունեմ, բայց կարծում եմ, որ առաջին հերթին պետք է դա վերականգնել ինչ-որ ձեւերով, որովհետեւ դրանից են կախված նաեւ մեր ժողովրդի ինտելեկտը, կրթությունը։ Ես հիմա բաներ եմ տեսնում, որ զարմանում եմ՝ հարձակում եկեղեցու կամ տարբեր մշակութային երեւույթների վրա, մեկը մեկին չընդունել։ Դրանք հետեւանքներ են եւ անընդհատ լինելու են։ Մեր բոլոր իշխանությունները՝ նախկին թե նոր, հեղափոխական թե հակահեղափոխական, պետք է այդ մասին մտածեն, իրենց ուժերը միավորեն, եթե ուզում են ունենալ քաղաքացի՝ բառի ամենալայն իմաստով։ Եթե այդ մշակույթը չունենանք, քաղաքացի չենք ունենա։ Մշակույթը մեր գոյության ամենակարեւոր խնդիրն է։