Ստուգումները հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի սուր քննադատությանը

Ստուգումները հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի սուր քննադատությանը

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից առաջացած քաղաքական կրքերը չեն մարում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներով փորձում է հասնել նրան, որ ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանին հետ կանչի ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ փորձեցինք պարզել հնարավոր զարգացումները։

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե ԲՀԿ-ն պետք է քննարկի՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանո՞ւմ է այդ հանձնաժողովի նախագահի չափորոշիչներին, թեպետ ԲՀԿ-ում նիստ արեցիք եւ հայտարարեցիք, որ՝ այո, համապատասխանում է, կան տեղեկություններ, որ իշխանությունն ինչ-ինչ ճնշումներ է գործադրում, որ հասնի Զոհրաբյանի փոփոխությանը։ Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, առաջիկայում նորից քննարկեք այդ հարցը։

- Ես սկզբունքորեն հնարավոր, հավանական տեսություններով չեմ առաջնորդվում, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի քաղաքական պատասխանատվությունը ստանձնել է ԲՀԿ-ն՝ Դոնթի բանաձեւով։ Նաիրա Զոհրաբյանը զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ իր պարտականություններն իրականացնում է հավուր պատշաճի, նա ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտական որակները, որպեսզի առաջիկայում եւս շարունակի իր գործառույթները։ Եվ ընդհանրապես՝ ցանկացած կադրային քաղաքականության հետ կապված որոշումներն ընդունում է ԲՀԿ քաղաքական խորհուրդը՝ այդ խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Որեւէ այլ միջամտություն դա չի ենթադրում։

- Իսկ ճնշումներ կուսակցության, Ձեր նախագահի վրա տեսնո՞ւմ եք, օրինակ, «Առինջ մոլում» իրականացված հարկային ստուգումները, որոնք հաջորդեցին Փաշինյանի հայտարարությանը։

- «Առինջ մոլում», ինչպես նաեւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի քանի ընկերություններում ներկայումս եւ լայն թափով ընթացող ստուգումներն ավելի շատ պայմանավորում եմ Գագիկ Ծառուկյանի՝ օրերս ԱԺ-ում կառավարության հասցեին հնչեցրած  սուր քննադատությամբ, մասնավորապես, այն հայտարարությամբ, որ կառավարության 97 տոկոսը կոմպետենտ չէ իր գործառույթների իրականացման առումով, ինչպես նաեւ նշեց, որ կոնկրետ հարկային քաղաքականության ոլորտում կան բացթողումներ, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի հետ կապված խնդիրները։ Մատնանշեց նաեւ, որ տնտեսությունից ու տնտեսագիտությունից հասկացող ցանկացած մարդ պետք է հասկանա, որ փոքր եւ միջին բիզնեսը տնտեսության ողնաշարն է, ու պետք չէ այդ ողնաշարը կոտրել հարկային հավելյալ պարտավորություններով, ճիշտ հակառակն է պետք անել։ Պարոն Ծառուկյանը կոնկրետ «Առինջ մոլում» 3 տարի շարունակ անվճար է տնտեսվարողներին տեղեր հատկացրել, եւ միայն վերջերս խորհրդանշական գումարով՝ քառակուսի մետրի դիմաց 800 դրամով վարձակալության պայմանագրեր են կնքել։

Ես կոնկրետ այս քննադատությամբ եմ պայմանավորում ստուգումները, ու մեզ համար խիստ տարակուսելի էին նման լայնամասշտաբ գործողությունները։ Խնդիրը ստուգում անցկացնելու մեջ չէ, մեզ համար վաղուց օրինաչափ է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի հավատարմագրային կառավարման հանձնված բոլոր բիզնեսներում ժամանակ առ ժամանակ ստուգումներ են իրականացնում, խոսքը ձեւի մեջ է, կարելի էր 2-3 հոգով իրականացնել դա, այլ ոչ թե 50 հոգով միաժամանակ հայտնվելով՝ բաճկոններով, սարսափազդու դեմքերով, համատարած վախի մթնոլորտ տարածելով շրջակա միջավայրում եւ պարալիզացնելով տոնավաճառի աշխատանքը ոչ միայն տեխնիկական առումով, այլեւ բարոյահոգեբանական։

- Դուք սա դիտարկում եք որպես քաղաքական «հաշվեհարդա՞ր»։

- Ես ասացի, որ այդ երկու գործընթացները պայմանավորում եմ մեկը մյուսի հետ, կոնկրետ քննադատություններին հետեւել են «Առինջ մոլի» ստուգումները։

- Ստուգումներն ավարտվել են, ի՞նչ է հայտնաբերվել։

- Անկեղծ ասած՝ ստուգումների ընթացքի մասին հստակ տեղեկություններ չունեմ, գիտեմ, որ «Առինջ մոլից» ինչ-որ փաստաթղթեր են եղել, եւ հիմա քննությունն ընթացքի մեջ է։

- Իսկ այս լարված հարաբերությունները լիցքաթափելու նպատակով հնարավո՞ր է ժեստ անեք իշխանություններին, քանի որ Զոհրաբյանի նախագահության վերաբերյալ անձամբ Նիկոլ Փաշինյանն ունի բացասական վերաբերմունք։

- Մեր օրակարգում այս պահին նման հարց չկա, ինչ վերաբերում է լարվածությունը թոթափելուն ուղղված քայլեր ձեռնարկելուն, ես ուղղակի պիտի հիշեցնեմ պարոն  Ծառուկյանի վերջին հայտարարությունը, որն արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե տրանսգենդերի հետ կապված պատմությունը պրովոկացիա է եղել «Իմ քայլի» դեմ, շատ հստակ եւ հակիրճ ասաց, որ՝ այո, դա եղել է պրովոկացիա, բայց առաջին հերթին պրովոկացիա՝ ուղղված ԲՀԿ-ի դեմ։ Պարոն Ծառուկյանն ասաց, որ մենք շատ շնորհակալ կլինենք Նիկոլ Փաշինյանին, որ բացահայտի այդ պրովոկացիա անողներին, ի վերջո, դա մի քանի ժամ կպահանջի վարչապետից, որովհետեւ բոլոր լծակները՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը․․․ կան։

- Անձամբ  Ծառուկյանի դիրքորոշումը հնարավո՞ր է փոխվի Զոհրաբյանի հետ կապված։

- Դեռեւս 2 օր առաջ Գագիկ Ծառուկյանն իր դիրքորոշումն ասել է խորհրդարանում, եթե Նաիրա Զոհրաբյանն իրեն այլ կերպ պահեր լսումներում, պարզապես չէր շարունակի պաշտոնավարել։ Այդ դիրքորոշման փոփոխության մասին ես որեւէ տեղեկատվություն չունեմ։