Առաջարկում եմ թույլ չտալ օրենքի խախտում. Մարուքյան

Առաջարկում եմ թույլ չտալ օրենքի խախտում. Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրում է՝

Ազգային ժողովի այսօրվա քառօրյա նիստի կառավարության հետ հարցուպատասխանի ժամին մասնակցում էին նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ թվում՝ սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության, մշակույթի նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները։ Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Սահմանադրության 147-րդ հոդվածի սահմանմամբ՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Այսինքն՝ նախարարների ԺՊ-ները կառավարության անդամ չեն, հետևաբար չեն կարող մասնակցել խորհրդարանի հետ կառավարության հարցուպատասխանին։

Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետին և Ազգային ժողովի նախագահությանն առաջարկում եմ թույլ չտալ Սահմանադրության և սահմանադրական օրենքի խախտում ու կառավարության հարց ու պատասխանին խորհրդարանի ամբիոնին թույլ չտալ մոտենալ անձանց, ովքեր օրենքով լիազորված չեն պատասխանելու պատգամավորների հարցերին։