Եթե Դավիթ Սանասարյանը հանցագործություն է կատարել, ապա նա պետք է խստագույնս պատժվի

Եթե Դավիթ Սանասարյանը հանցագործություն է կատարել, ապա նա պետք է խստագույնս պատժվի

ԱԱԾ-ն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Փաշինյանի թիմակիցներն ու նրա հետ քայլածները չգիտեն ում կողմը բռնեն՝ ԱԱԾ-ի ու Արթուր Վանեցյանի՞, որը նախկին ռեժիմի ժամանակ աշխատած պաշտոնյաներից է, թե՞ Դավիթ Սանասարյանի՝ իրենց պայքարի ընկերոջ, որն այսօր հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում։ Այս հարցում ամենաակտիվը Դանիել Իոաննիսյանն է, ով այս օրերին հեղափոխության հուշեր արթնացնող նկարներ ու գրառումներ է հրապարակում՝ հիշեցնելով, թե որքան մեծ է իրենց վաստակը հեղափոխության մեջ, միաժամանակ բացահայտ մեղադրում է ԱԱԾ-ին՝ Դավիթ Սանասարյանի դեմ հետապնդում սկսելու համար։ Դանիելի հետ զրուցել ենք հենց այս թեմայով։

- Պետական վերահսկողական ծառայությանն օրենքով չափազանց լայն լիազորություններ են տրված։ Ըստ Ձեզ՝ այսօր այդ լիազորությունները ճի՞շտ էին օգտագործվում ՊՎԾ-ի ու նրա ղեկավարի կողմից, եւ պե՞տք էր ՊՎԾ-ին օժտել նման լայն լիազորություններով։

- Տեսեք, Պետական վերահսկողական ծառայությունն իրոք ունի բազմաթիվ լիազորություններ, որոնց մասին այլ իրավապահ մարմիններ կնախանձեին։ Եվ էս առումով առավել եւս մի երկրում, որը չունի մասնագիտացված հակակոռուպցիոն մարմին, բայց որի բարձրագույն ղեկավարությունն ունի կոռուպցիայի դեմ պայքարի ցանկություն, սա էֆեկտիվ միջոց է։ Ու այդ միջոցն այդքան վատ բան իր մեջ չի պարունակում, որովհետեւ ՊՎԾ-ի լայն լիազորությունները մարդու իրավունքների ոտնահարման չեն կարող բերել։

- Բացառո՞ւմ եք, որ Սանասարյանն ու ՊՎԾ-ն գերազանցել են իրենց լիազորությունները, եւ հիմա նրանց շուրջ այս գործողությունները հենց դրա հետեւանք են։

- Ես չեմ կարող ասել, ըստ էության՝ ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանին մեղադրում է հենց դրա մեջ։ Եվ քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել, եւ մենք չենք տեսել գործի բոլոր նյութերը, դժվար է լիարժեքորեն ասել, թե որքանով է դա տեղի ունեցել կամ որքանով՝ ոչ։ Բայց, ամեն դեպքում, եկեք փաստենք, որ այդ քրեական գործում կան բազմաթիվ խնդիրներ եւ հարցեր, որոնց պատասխանը եթե չտրվի, ապա հասարակությունը կասկածներ կունենա, որ քրեական հետապնդումը ոչ թե հանցագործության հետեւանք է, այլ՝ ուրիշ դրսեւորումների։

- Ի՞նչ դրսեւորումների, օրինակ՝ քաղաքական հետապնդմա՞ն, քաղաքական որոշմա՞ն։

- Գիտե՞ք, քաղաքական հետապնդումը՝ քաղաքական հայացքների համար, ես սա չէի համարի քաղաքական հետապնդում, բայց, ամեն դեպքում, եթե հարցը վերաբերում է նրան, թե ինչի արդյունք կարող է լինել այս քրեական գործը, ապա կարող է արդյունք լինել նրան, որ, ի վերջո, օրինականության վերահսկման միայն մի կառույց կա, որի ղեկավարը հեղափոխական մարդ է, ով 11 տարի բոլորիս աչքի առջեւ փողոցում օր ու գիշեր պայքարում էր կոռուպցիայի դեմ։

- Այսինքն՝ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, քննչականի ղեկավարը, դատախազը, ոստիկանապետը հեղափոխականնե՞ր չեն, Նիկոլ Փաշինյանի յուրայիններն ու թիմակիցնե՞րը չեն։

- Ես կոնկրետ յուրային որեւէ մեկին չանվանեցի եւ նման եզրույթներ չէի օգտագործի։ Բայց ես կասեմ հետեւյալը, որ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը, ՀՔԾ ղեկավար Խաչատրյանը, ՔԿ ղեկավար Գրիգորյանը, ոստիկանության ղեկավար Օսիպյանը, ՊԵԿ նախագահ Անանյանը, դատախազ Դավթյանը՝ բոլորը նախկին համակարգի ժամանակ, կոռուպցիոն համակարգի ժամանակ աշխատած պաշտոնյաներ են։ Ես չեմ պնդում, որ իրենք անմիջականորեն կոռուպցիայի մասնակիցներ են, բայց իրենք եղել են կոռուպցիոն սիստեմում, իսկ Դավիթ Սանասարյանը միակն է, ով չի եղել կոռուպցիոն սիստեմում եւ 2007 թվականից մեր աչքի առաջ էդ մարդը պայքարել է կոռուպցիայի դեմ։

- Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ Դավիթ Սանասարյանն այս պաշտոնում կարող էր կոռուպցիայի հետ որեւէ առնչություն ունենալ եւ շինծո՞ւ եք համարում մեղադրանքը նրա դեմ:

 - Ես չեմ բացառում, որովհետեւ քրեական գործի բոլոր նյութերին ծանոթ չեմ, բայց խիստ կասկածում եմ, որ Դավիթ Սանասարյանը կոռուպցիայի մեջ է ներգրավված։ Ես այլ հարց կուզենամ հնչեցնել։ Տեսեք, շատ եւ շատ իրավապահ կառույցներում մենք տեսանք, թե ինչպես է այդ կառույցն իր ներսում կոռուպցիա բացահայտել, ոստիկանությունում բազմաթիվ դեպքեր եղան, ՀՔԾ-ում եղան, Քննչական կոմիտեում, եթե չեմ սխալվում, եղել են, ՊԵԿ-ում եղել են, շատ այլ տեղերում եղել են, իսկ ԱԱԾ-ն միակ իրավապահ մարմինն է, որտեղ հետհեղափոխական շրջանում որեւէ կոռուպցիոն բացահայտում չի եղել։ Եթե ինչ-որ մեկն ուզում է պնդի, որ ԱԱԾ-ում կոռուպցիա չի եղել, մի քիչ լուրջ չէ։

- Ուզում եք ասել, որ սա ԱԱԾ-ի եւ ՊՎԾ-ի կամ Վանեցյանի եւ Սանասարյանի միջեւ առաջացած խնդի՞ր է։

- Ես չեմ պնդում, որ սա Վանեցյանի անձնական խնդիրն է։ Սա, առհասարակ, կոռուպցիոն համակարգի խնդիրն է։ Եվ ես Ձեզ վստահեցնում եմ, որ եթե անգամ Դավիթ Սանասարյանը մեղավոր է, միեւնույն է, կոռուպցիոն համակարգից շատերը կարող են շամպայն բացել Դավիթ Սանասարյանի լիազորությունների կանխման կապակցությամբ։ Ես իրենց տեղը շամպայն կբացեի։

- Այսօր ակնհայտ է, որ Դուք եւ հեղափոխությանը մասնակցած որոշ գործիչներ հայտնվել եք երկու քարի արանքում․ մի կողմից իրենց սիրելի ԱԱԾ-ն է, որ աջ ու ձախ «ասֆալտին է փռում», կոռուպցիա է բացահայտում, մյուս կողմից իրենց սիրելի Դավիթ Սանասարյանն է, ով, փաստորեն, դարձել է ԱԱԾ-ի գործողությունների զոհը։ Ու մարդիկ չգիտեն՝ որ մեկին պաշտպանեն։

- Բոլոր այն մարդկանց, ով որ նման երկընտրանք է ինքն իր առջեւ դնում, ես խորհուրդ կտամ հարցադրումը փոխել եւ պաշտպանել ոչ թե Վանեցյանին կամ Սանասարյանին, այլ պաշտպանել օրինականության տրամաբանությունը, պաշտպանել Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ փոփոխությունների տրամաբանությունը։ Հիմա ես հարցնում եմ՝ ինչո՞ւ է այս գործը վարում ոչ թե ՀՔԾ-ն, այլ ԱԱԾ-ն։ Ի վերջո, ՀՔԾ-ն մի մարմին է, որը ստեղծված է բարձրաստիճան պաշտոնյաների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների վերաբերյալ քրեական գործերը վարելու համար։ Իսկ Դավիթ Սանասարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է։ Նա Հայաստանի վերջին չգիտեմ քանի տարվա պատմության մեջ քրեական հետապնդման ենթարկվող ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձն է։ Եվ եթե նրա գործը ՀՔԾ-ն չպետք է վարի, էդ դեպքում ի՞նչ ենք անում Հատուկ քննչական ծառայությունը։ Ու էստեղ էլ են հարցեր առաջանում, թե էդ ո՞նց եղավ, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տվողի խափանման միջոցը ցուցմունքից անմիջապես հետո փոխվեց, ու նա ազատ արձակվեց։

- Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում է Դավիթ Սանասարյանին պատժելու միջոցով ցույց տալ, որ ինքը չի խնայում անգամ իր թիմակիցների՞ն։

- Գիտե՞ք, ես կարծում եմ, որ եթե Դավիթ Սանասարյանը հանցագործություն է գործել, ապա նա պետք է խստագույնս պատժվի դրա համար, եթե իրոք գործել է, որովհետեւ նրանից հետո, երբ էս երկրում մի միլիոն մարդ կոռուպցիայի համար փողոց է փակել, դրանից հետո կոռուպցիան պետք է լինի էս երկրի ամենամեծ հանցագործությունը։ Բայց եթե Դավիթ Սանասարյանն անմեղ է, ու, չակերտավոր ասած, նրա «գլխին սարքում են», ապա դա էլ է կոռուպցիա, եւ այստեղ եւս այն անձինք, որոնք դա անում են, պետք է պատասխանատվություն կրեն։ Սա նաեւ դաս կլինի վերջին շրջանում բոլոր իշխանության եկածներին, որ ո՛չ կոռուպցիայով անմիջականորեն զբաղվելն է ընդունելի Հայաստանում, ո՛չ էլ մարդու «գլխին սարքելը»։ Հիմա մենք, ըստ ամենայնի, ունենք էս երկուսից մեկը։