Այդպես ուղղակի չի կարելի

Այդպես ուղղակի չի կարելի

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը մտավախություն ունի, որ բանակցություններում «իրապես քննարկման առարկա է դառնում արցախյան ինչ-ինչ տարածքներ Ադրբեջանին հանձնելու ծրագրի տեխնիկական մանրամասների թեման» եւ եթե նույնիսկ այդ հարցում դեռ անհրաժեշտ հստակություն չկա, այնուամենայնիվ, «մեր պատասխանատուների կողմից կիրառվող եզրույթները ստիպում են ուշադրություն դարձնել այն իրողության վրա, որ Արցախի տարածքային ամբողջականության ապահովման ասպեկտը լիովին բացառված է նրանց կողմից հռչակված առաջնահերթությունների շարքից»:

Դժվար է ասել՝ պրոֆեսիոնալ դիվանագետն այս դեպքում անտեղյակությու՞ն է խաղում, թե՞ ուղղորդված քննադատում է Փաշինյանի կառավարությանը, որը, նրա խոսքերով, անցած խորհրդարանական ընտրություններից հետո վերադարձել է Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ներկայացված բանակցային օրակարգին: Իշխանություններին քննադատելն ինքնին արտառոց մի բան չէ:

Բայց այս դեպքում դա արդարացված չէ, որովհետեւ Հայաստանի ոչ մի իշխանություն Արցախի տարածքային ամբողջականության ապահովման ելակետով բանակցություններ չի վարել, չի կարող վարել առհասարակ: Նման բանակցություններ սկզբունքորեն անպատկերացնելի են: Արցախի տարածքային ամբողջականության ապահովման միայն մի տարբերակ կա՝ նոր պատերազմ սկսել, հաղթել եւ Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել:

Բայց խոսքը խաղաղ-բանակցային կարգավորման մասին է, որի հայեցակարգը հայտնի է դեռեւս 1994թ. Բիշքեկի արձանագրությունից, որտեղ կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը եւ Հայաստանը» հանդես են եկել հօգուտ Համագործակցության(ԱՊՀ) եւ Միջխորհրդարանական Վեհաժողովի բնական ակտիվ դերի՝ հակամարտության դադարեցման, դրա հետ կապված սկզբունքների , նպատակների եւ ՄԱԿ-ի ու ԵԱՀԽ-ի որոշումների (ամենից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 853 874 884 բանաձեւերի) իրականացման գործում»:

Արդեն քառորդ դար տեւող բանակցային գործընթացը կառուցվել է այս հիման վրա: Հիմա ի՞նչ, Հայաստանի նոր իշխանությունը կարող է ջնջե՞լ ամեն ինչ, բանակցություններ սկսել Արցախի տարածքային ամբողջականության ապահովման կոնցեպտով, բայց չի՞ անում:

Այսպե՞ս հասկանանք Արցախի նախկին արտգործնախարարին: Այդպես ուղղակի չի կարելի: Մանավանդ՝ պրոֆեսիոնալ դիվանագետի պարագայում: