Իրանից ուղիղ մեսիջներ են հնչում Հայաստանի սահմանների վերաձևումը թույլ չտալու Իրանի վճռականության մասին: Ընդ որում, իրանցիները գործի են դրել բոլոր հնարավոր լծակները։
Այսպես, Բաքվում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների շտապ հանդիպումը, որտեղ, իրանական աղբյուրների տվյալներով, ադրբեջանցիներին ուղիղ ուղերձ է փոխանցվել, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, ապա Իրանը հակազդելու է բոլոր հնարավոր միջոցներով։
Զուգահեռաբար Իրանը Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի սահմանների ուղղությամբ տեղակայել է Իրանի և ԻՀՊԿ-ի զինված ուժերի զինտեխնիկայի և անձնակազմի մեծ քանակ: Իրանական դիվանագիտական աղբյուրներն ավելի բաց են հայտարարում պատերազմ թույլ չտալու և հավանական պատերազմին ուղղակի միջամտելու հնարավորության մասին: Դրա հետ մեկտեղ իրանցիները շատ ակտիվ աշխատում են իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ ՝ օգտագործելով Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու բոլոր լծակները։
Թուրք-ադրբեջանական տանդեմն իր հերթին փորձում է ցույց տալ իր հաստատակամությունը Հայաստանի տարածքներ ներխուժելու հարցում և, այսպես կոչված, տեղեկատվական «սլիվների» կազմակերպմամբ իրանցիներին հասկացնում է, որ Թուրքիան «Ադրբեջանի գործերին»` իրանցիների միջամտության դեպքում, անմասն չի մնա:
Անշուշտ, և Թուրքիան, և Ադրբեջանը շատ լավ հասկանում են, որ Իրանի և Ադրբեջանի ուղիղ բախման դեպքում Ադրբեջանի ֆիզիկական ոչնչացումը կլինի արագ և անխուսափելի։ Այլ բան է հակամարտությանը Թուրքիայի ներգրավումը, որը ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի անմիջական դաշնակիցը տարածաշրջանում։ Այս դեպքում պատերազմը սպառնում է դառնալ թուրքերի և պարսիկների ամենամեծ ռազմական դիմակայությունը վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում:
... Դրա հետ մեկտեղ իրանցիները զգուշացնում են նաև Հայաստանի ղեկավարությանը, որ չեն հանդուրժի իրենց սահմանների մոտ Արևմտյան դաշինքի (ՆԱՏՕ, ԱՄՆ կամ ԵՄ) զինվորականների առկայությունը։ Դատելով նաև իրանական մամուլում և Իրանի ղեկավարությանը և ԻՀՊԿ-ին մոտ աղբյուրների տեղեկատվությունից՝ իր գործողություններն Իրանը սերտորեն համակարգում է Ռուսաստանի հետ և փաստացի գործում է ռուսների հետ ամուր կապով։
Կստացվի՞ արդյոք իրանցիներին կանխել պատերազմը, պարզ կդառնա բառացիորեն առաջիկա ամսվա ընթացքում։