Էտյուդներ

Էտյուդներ

***
Կիսատների մասին միշտ սիրուն տողեր են գրվում:
Մեկ-մեկ էլ կիսատները տողերդ գողանում ու քեզ են հորինում: Ես այլեւս չեմ ուզում հետ քայլել: Ոտքերիս հիշողությունը մի կյանք կբավականացնի: Ճշմարտություններ չկան. մենք ենք հորինում ամեն ինչ: Հա, սիրո ընթացքները մի օր անցյալ են դառնում, լավագույն դեպքում՝ նոթատետրերում մնում: Ես գիտեմ, որ քաղաքը քեզ սեր է պարտք, քաղաքը քեզ ինձ է պարտք: Բայց ես հոգնել եմ բոլոր քաղաքներից ու սերերից կիսատ: Սերն ու մենակությունն իրար հետ են ծնվել ու միասին են մեռնելու: Հույսներդ կտրեք, թե մի օր ազատվելու եք հիշողություններից: Բոլորս էլ ուզում ենք փրկվել մոռացումից, բայց պտտվում ենք լույսի շուրջ ու անհետանում: Կորում ենք փողոցի վերջում, մեկ-մեկ էլ՝ մտապահվում ինչ-որ մեկի կողմից: Ու հենց էդ մեկի մտքում մենք միշտ ենք ապրում: Գալիս է մի օր, երբ բաժանվում ենք, նայում՝ ինչպես է ինչ-որ մեկը դանդաղ հեռանում, ու քաղաքը դատարկվում է մեզնից, նրանից, էջերն էլ մեզնով չեն լցվում, ու թվում է՝ ոչինչ կարեւոր չէ այլեւս: Սերն ինչ-որ կախարդական ուժ ունի, բայց մի օր դադարում է գործել: Սերը հոգնում է իրենից, մեզնից ու ինչ-որ մեկից, որին այդպես էլ չունեցանք, ով չեկավ ու այդպես էլ չլցրեց քաղաքն այն սիրով, որի մասին երազում էինք:

*** 
Սերը մի քիչ ապագա է պահանջում, իսկ մեզ միայն հաշված վայրկյաններ են մնացել:
Նրան, ում սիրում եմ, ցանկանում եմ ազատ լինի նույնիսկ ինձնից: Բայց պետք չի հեռանալ, ախր, գիտեմ՝ էլ չես գալու: Ու ինձ միայն մնում է վայելել վերջին վայրկյանները, քո ներկայությունն ու իմ երջանկությունը: Ախր, կողքիդ լավն եմ դառնում: Ախր, ամոթ է մենակ երջանիկ լինելը: Բայց եկել է ժամանակը, որ ազատեմ քեզ ինձնից: Գիտեմ՝ սերս կապանք է դարձել քեզ համար: Փակել եմ շնչուղիներդ ու չեմ թողնում ապրել: Ես չեմ կարող ապրել առանց քեզ, ինձ: Գիտեմ՝ դու էլ սիրելու իրավունք ունես ու մեղավոր չես, որ սիրտդ ինձ չի ընտրել: Գնա ու ետ մի նայիր: Ես ուժեղ եմ: Աշխարհում հավիտենական ոչինչ չկա: Ամեն ինչ իր ծագումից թեքվում է դեպի մայրամուտ:

***

Բոլորս էլ սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզ գտնի: Իսկ ես քանիսին կորցրի: Ինձ, քեզ, բոլոր հույսերը, որ կարելի էր երբեւէ ունենալ, երջանկության հասցեն, որ այդպես էլ մնաց շենքերի արանքում, սանտիմետրերը, որ քոնն են մնալու: Ամեն դեպքում՝ ջուրն ու բարձրությունն անհամատեղելի են, ջրվեժն էլ լավ միտք չէ: Գրել մեկի մասին, ում դու ինքդ ես կորցրել, արդար չէ, հատկապես, երբ գիտես, որ կարդալու է: Գրելու նյութ ունենալու համար օգտագործել մարդկանց՝ նույնպես ազնիվ չէ: Պարտադիր չէ ամեն օր սիրահարվել՝ սերն ավելի լավ ճանաչելու համար: Ուզես թե ոչ՝ մի պահ լույսերը կանջատվեն, ու դու ստիպված կլինես քնել՝ համակերպվելով, որ այդ օրն էլ անցավ, ու դու նրան չգտար: 

ՀԳ․ Այսօր էլ ոչ մի տող չծնվեց քո մասին:

*** 
Իմ գլխի վրայով ամեն օր աղավնիներ են թռչում:
Ես դեռ չեմ խաղաղվել, ուղղակի նրանք մեր բակում են ապրում: Ամենասիրուն տողերը ո՛չ ցավից են ծնվում, ո՛չ էլ տառապանքից: Ամենասիրուն տողը հենց դու ես, երբ խաղաղ ես: Ամենաիսկական պատկերը դու կլինես, եթե կարողանաս հանդարտ նայել աղավնիներին: Եթե նրանք վախենում են քեզնից, ուրեմն դեռ չես հանդարտվել, բայց մեր բակի աղավնիներն այնքան բարի են, որ ամեն դեպքում թռչում են գլխիս վրայով ու ստիպում հավատալ, որ ես մի օր կգտնեմ իմ ամենասիրուն ու հանգիստ տողը…։

 

Ամալյա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Եսայի Դուրմուզյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ