Չլինեն հրավառություններ, փողը օդ չկրակեն 

Չլինեն հրավառություններ, փողը օդ չկրակեն 

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց՝ մարտի 21-ին,  Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը։ Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր նշվելու է ապրիլի վերջին կիրակի օրը։ 

Այս տարի ՀՀ քաղաքացու օրը կնշվի ապրիլի 27-ին, այդ օրվա միջոցառումների համար  նախատեսված է 124 մլն դրամ։

Արդյո՞ք մենք անցած մեկ տարվա ընթացքում ունեցանք ձեւավորված, հստակ դիրքորոշում ունեցող

ՀՀ քաղաքացի։ Ժամանա՞կն է, որ նշվի ՀՀ քաղաքացու օր։

«Եթե 50 տարվա ընթացքում չձեւավորվի ՀՀ քաղաքացի, չե՞նք նշելու այդ օրը։ Կամ՝  Հայաստանի անկախությունից հետո եղել են տարիներ, երբ իրական անկախության կողմնակիցները,  իմ պատկերացմամբ,  կազմել են մինչեւ 30 տոկոս։ Չնշեի՞նք անկախության տոնը»,- մեր հարցին հակադարձում է գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։ 

Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ նման տոները պետք է լինեն ինքնաբուխ, սկզբում դրանք նշեն քաղաքացիները, հետո ամրագրվեն որպես պետական տոներ։ Բայց հակառակն էլ հնարավոր է, եթե կառավարությունը տոնը նախաձեռնում է՝ հանրային տրամադրություններին ընդառաջ գնալով, ճշտելով դրանք, դիցուք, հարցումների միջոցով։ Միաժամանակ Վահրամ Մարտիրոսյանը չգիտի, թե ինչպես է  ծախսվելու 124 միլիոն դրամը։

Վահրամ Մարտիրոսյանն առաջարկում է․ «Ես կուզենայի, որ գումարը ծախսվեր նպատակային, չլինեին հրավառություններ, փողը օդ չկրակեին։ Ցանկալի կլիներ, որ կառավարությունը նախաձեռներ այցելություններ մարզային թանգարաններ, վարձեին ավտոբուսներ եւ ուսանողներին, դպրոցականներին Երեւանից տանեին մարզեր և՝ հակառակը։ Դա կլիներ մարզերին աջակցելու ձեւ կամ թանգարաններին աջակցելու ձեւ։ Դա մի տարբերակ, կարող են լինել նաև այլ ԾՐԱԳՐԵՐ՝ ամեն առիթով կարիքավորներին հիշելը, կարծում եմ,  արդյունավետ չէ, այլապես պահուստային գումարներն ավելի սուսուփուս ու «անշառ» եղանակով կծախսվեն։ Իսկ փուչիկները, հրավառությունը,Հանրապետության հրապարակում համերգները, իմ կարծիքով,  նպատակային ծախսեր չեն էս վիճակում գտնվող երկրում ևս 10-15 տարի»։