Լավ է, Պուտինին էլ չհարցրեցին…

Լավ է, Պուտինին էլ չհարցրեցին…

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան ասուլիսն էր, որտեղ Փաշինյանին չշնորհավորելու մասին հարց կարծես չհնչեց: Զարմանալի է, թե ինչպես ՌԴ բոլոր հնարավոր պաշտոնյաների գլուխները ցավեցրած հայաստանցի լրագրողներն առիթից չէին օգտվել եւ Փաշինյանին ընտրություններից հետո չշնորհավորելու մասին հարցը բուն հասցեատիրոջը չէին ուղղել: Հնարավոր է նաեւ՝ հարց ուղարկել էին, պարզապես այն չբարձրաձայնվեց: Դժբախտաբար, ո՛չ ՌԴ պաշտոնյաներին նման հարցեր ուղղող եւ նվաստացուցիչ պատասխաններ ստացող հայաստանցի լրագրողները, ո՛չ Փաշինյանին շնորհավորանքներ կանխատեսող վերլուծաբանները, որոնց Տեր-Պետրոսյանը «վերլուծագանգ» էր կոչում, ո՛չ էլ Փաշինյանն ու իր շրջապատն ունակ չեն ընկալելու միջազգային ասպարեզում Փաշինյանի մեկուսացման եւ անտեսման պատճառները, որքան էլ դրանք օբյեկտիվ են եւ ակնբախ:


Չգիտեմ ինչպես մեր երկիրն ու Փաշինյանը հանգեցին ներկա խղճահարույց դրությանը, երբ ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն հարկ չեն համարում ԱԳ խոսնակներից բարձր մակարդակով Փաշինյանի անձին կամ գործին անդրադառնալ, երբ ՀԱՊԿ անդամ երկրները հերթով ընդունում եւ իրենց աջակցությունն են հայտնում ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին՝ անտեսելով Փաշինյանի դիրքորոշումը։ Իսկ Բելառուսի նախագահը տասնյակ լրագրողների ներկայությամբ հայհոյախոսում է Փաշինյանի հասցեին, ՌԴ մի փոխնախարար էլ աղաղակում է, թե ԱՄՆ-ն չի հարգում Հայաստանի անկախությունը եւ ճնշում է վերջինիս թե՛ արտաքին, թե՛ ներքին հարցերում, երեւի կարծելով, թե Հայաստանին, իմա` Փաշինյանին ճնշելու իրավունքը Ռուսաստանի մենաշնորհն է: 
Իսկ ի՞նչ է ասում Փաշինյանը բոլոր այս նվաստացումներին ի պատասխան: Զարմանալիորեն` ոչինչ: Կարկամել է կամ էլ վերջապես գիտակցել, որ այսօրվա աննախանձելի վիճակին սեփական տաքգլխությամբ, ինքնատիրապետման իսպառ բացակայությամբ եւ սխալներով է հասել: Եթե Փաշինյանը թեկուզ նվազագույն ինքնատիրապետում ունենար եւ գոնե գոլ դատողություն (սառը դատողության մասին խոսք չկա), ամենից առաջ իր ֆրուստրացիաներն աշխարհին ի ցույց չէր դնի` իրենից հեռու վանելով բոլորին: 


Փաշինյանը չէ՞ր, որ բրյուսելյան ձախողումներից հետո դեռ Երեւան չհասած՝ օդանավակայանում մի ապշեցուցիչ ասուլիս տվեց` ԵՄ-ի վրա մուննաթ գալով, թե ինքը հեղափոխություն է արել, իսկ Եվրոպան դա չի գնահատում եւ իր կառավարությանը չի ֆինանսավորում։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո էլ հեծանիվով քաղաքում շրջեց` առողջ ապրելակերպից դատարկախոսելով ու սրա-նրա հետ սելֆի անելով` փոխարեն երկրի ղեկավարին պատշաճող լրջությամբ արտերկրյա այցի արդյունքները ներկայացներ: Մի րոպե պատկերացրեք, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը  Brexit-ի հարցով ԵՄ ղեկավարների հետ հանդիպումներից վերադառնալիս ոչ թե հայտարարությամբ հանդես գա, ինչպես սովորաբար անում է, այլ հեծանիվ նստած, ասենք, Ուեսթմինսթրից Թրաֆալգարի հրապարակ գնա: Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի, համարյա առանց կասկածի Միացյալ Թագավորությունում վարչապետին կհեռացնեն իշխանությունից եւ կուղարկեն հոգեբույժի մոտ ստուգման, որովհետեւ նման վարքը բոլորի կողմից կգնահատվի ոչ ադեկվատ։ Մինչդեռ Փաշինյանի պարագայում առանձնակի տարակուսանք չի հարուցում: Ինչո՞ւ։


Թերեւս որովհետեւ հասարակության գիտակից հատվածն առհասարակ լուրջ չի վերաբերվում Փաշինյանին կամ նրա վարչապետությանը, մեծ մասը պարզապես դիտում է, զվարճանում եւ սպասում, թե Փաշինյանի արկածախնդրությունն ինչով կավարտվի: Այլք, ավելի շահագրգիռ եւ իշխանատենչ լինելով, Փաշինյանին գովերգում են` հուսալով, որ նա իրենց ջանքերը կնկատի եւ պաշտոններով կպարգեւատրի, ձեռքի հետ էլ հայհոյում են Սերժ Սարգսյանին, քանի որ, հավանաբար, ժամանակին էլ նրանից են պաշտոն մուրացել, ինչ-որ պատճառներով չեն ստացել եւ այժմ վրեժ են լուծում: Էլ ավելի հեռահար հաշվարկ կատարողներն արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեցին եւ հետեւում են փաշինյանական թատրոնի կռահելի սցենարին` Փաշինյանն իշխանությունից հեռացնում է ՀՀԿ-ին, որից հետո կառավարման անկարող լինելով՝ տապալվում է անձամբ, այլոց համար ճանապարհ բացելով դեպի իշխանություն:  
Գալով վերջապես հասարակության այն հատվածին, ովքեր Փաշինյանին անկեղծորեն սիրում են եւ ընկալում, դա հիմնականում լյումպեն զանգվածն է, որը ոգեւորված է ՀՀԿ-ի իշխանությունից ազատվելուց, from zero to hero (ոչնչությունից` հերոս) բանաձեւով սեփական աչքում արժեւորվելուց, հանկարծահաս իրականությունից, երբ կարելի է փողոցից նախարար կամ պատգամավոր դառնալ, հետեւաբար, պաշտոնների վիճակախաղում մի օր էլ բախտն իրենց կարող է ժպտալ եւ այլն... Որքան ասես բացատրություն կարող է գտնվել լյումպենի վարքագծին, բացառությամբ` բանականության:

Լյումպենը հենց նրանով  է լյումպեն, որ իր մոտ բանականությանը փոխարինում է զգացմունքայնությունը, զգացմունքայնությանն էլ՝ երբեմն զանգվածային պսիխոզն ու մոլագարությունը: Ասենք, նույն լյումպեն զանգվածը Թուրքիայում, որ Էրդողանի հիմնական էլեկտորատն է, ինչեր միայն չարեց 2016-ի հուլիսին` Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Էրդողանին կորցնելու վախից պսիխոզի մեջ ընկած լյումպենը ոչ միայն ինքնաբուխ փողոցներ հորդեց, այլեւ կանայք, տղամարդիկ, ծերեր, երեխաներ մերկ ձեռքերով տանկեր կանգնեցրին Պոլիսի ու Անկարայի փողոցներում: Այնպես որ, Փաշինյանի հետեւից գնացող հայաստանյան լյումպենը, որ ԱԺ  շենքն էր պաշարել հոկտեմբերի 2-ին, դեռ մոլագարության հորիզոններ ունի նվաճելու: 
Այլ հարց, որ Էրդողանի համար ինքնազոհվող օխլոսն աշխարհին առանձնապես չտպավորեց, ոչ էլ դրանից Էրդողանին աշխարհում մեծարեցին կամ նրա հանդեպ հարգանքով լցվեցին: Նույնկերպ Փաշինյանի ետեւից գնացող օխլոսն էլ չէր կարող աշխարհին տպավորել, ոչ էլ Փաշինյանի հանդեպ միջազգային համակրանք կամ հարգանք ստեղծել: Ինչո՞ւ: Որովհետեւ մարդն ի վերուստ ստեղծված է իբրեւ բանական արարած, մարդկային ուժը բանականության, ճշմարտության եւ արդարության մեջ է, ոչ թե քանակի կամ մոլեռանդության: 
Հետեւաբար, զարմանալի չէ, որ Փաշինյանին հետեւող օխլոսն աշխարհին չի տպավորում, 70-80% քվե ստանալը շնորհավորանքի առիթ չի նկատվում, իսկ ընդհանուր օխլոկրատիկ պատկերին գումարված անձնական սխալներն էլ Փաշինյանի շուրջ միջազգային մերժման եւ մեկուսացման օղակն են սեղմում, ինչին ականատեսն ենք այսօր: