Լոռու մարզպետարանում բենզինը ծախսում են «հին ձեւերով»

Լոռու մարզպետարանում բենզինը ծախսում են «հին ձեւերով»

Լոռու փոխմարզպետի պաշտոնին հրաժեշտ տված Արշակ Հովսեփյանի վարորդը՝ Հայկ Հակոբյանը, օրերս սոցցանցում հետաքրքիր գրառում է կատարել՝ բացելով մարզպետարանի խոհանոցը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մասին նա գրել է, որ վերջինս մարզպետին սպասարկող մեքենաներից մեկը «կցել էր» փոխմարզպետ Արշակ Հովսեփյանին։ «Վարորդն էլ ես էի հանդիսանում,- նշում է Հայկ Հակոբյանը, որը հին ՔՊ-ականներից է։- Բայց այդ մեքենան ո՛չ ես եմ նստել, ո՛չ էլ փոխմարզպետը։ Իմ սեփական մեքենայով էինք գնում համայնքներ, բայց բենզինի լիմիտի եւ երթուղաթերթիկի տակ ստորագրել էր տալիս»։ 

Հայկ Հակոբյանը հայտնում է, որ այդ երկու մեքենաները մինչեւ հիմա ծառայում են մարզպետ Ղուկասյանին։ Ընկերական շրջապատում մարզպետարանի նախկին վարորդն ավելի է բացվել, պատմել է, որ Լոռու մարզպետն ամիսը 350 լիտր բենզին է դուրս գրել, որով, իբր, ամիսը 35 անգամ գործուղման է գնացել Երեւան, այնինչ օգտագործել է միայն 50 լիտրը, մնացածը յուրացվել է։ Որպես հին ՔՊ-ական՝ Հայկն այս ամենի վերաբերյալ բողոքել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին եւ ստացել պատասխան․ «Ի՞նչ է եղել որ, եղածը 300 լիտր բենզին է, նախկինների նման կաշառք չի վերցրել»։

Բենզինակերության սովորույթը կոռուպցիայի հին տեսակ է, որը ոչ մի կերպ չի վերանում։ Այս լուրերի հետ կապված՝ դիմեցինք մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։ Նա ասաց, որ զբաղված է, որ իր փոխարեն մեզ կպատասխանի մամուլի պատասխանատու Հրայր Հակոբյանը։ Վեջինս էլ հետեւյալ պարզաբանումն ուղարկեց «Հրապարակին», որից հետեւում է, որ Հայկ Հակոբյանը սպասարկել է ոչ թե Արշակ Հովսեփյանին, այլ մեկ ուրիշ փոխմարզպետի՝ Արամ Խաչատրյանին, ով այսօր ԱԺ պատգամավոր է. «Հայկ Հակոբյանին իր աշխատելու ընթացքում տրվել է այնքան վառելիք, որքանի դիմաց ստացականում ստորագրվել է: Արամ Խաչատրյանի դուրս գալուց հետո Հայկ Հակոբյանը չի հանդիսացել Արշակ Հովսեփյանի ծառայողական ավտոմեքենային կցագրված գրանցված վարորդ:

Իր համաձայնությամբ նա մարզպետարանից ստացել է դիզվառելիքի կտրոն եւ փոխմարզպետ Արշակ Հոսեփյանին ըստ անհրաժեշտության գործուղումների է տեղափոխել սեփական մեքենայով»: 

Մարզպետն ու փոխմարզպետը որքա՞ն բենզին են ստացել վերջին, ասենք, երկու ամսվա համար, որքա՞ն են օգտագործել: «Ամեն աշխատանքային օրվա համար փոխմարզպետը ստացել է 10 լիտր բենզինի կտրոն։ Ամսական ստացվում է միջինը 220 լիտր։ Մարզպետը ծառայողական մեքենան հատուկ նորմատիվով չի օգտագործում։ Ամիս է լինում՝ շատ է բենզին օգտագործում, ամիս է լինում՝ ավելի քիչ, կախված այցելությունների թվից»,- լրացուցիչ պարզաբանեցին մարզպետարանից։

Արդյոք բենզինի գողությունը կոռուպցիա չէ՞։ Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարը պատասխանեց․ «Կպատասխանեմ, հենց մանրամասներ իմանամ»: