Մեզ նոր մտավորականներ են պետք

Մեզ նոր մտավորականներ են պետք

Սոված ու խարխլված արժեհամակարգով երկրում դժվար է լինել ու պահել մտավորականի բարձր տեսակն ու կոչումը: Դժվար է լինել ժողովրդի արդարացի բողոքի ձայնն ու քննադատել օրվա իշխանություններին:

Դժվար է զրկվել պետական պարգեւներից ու կոչումներից եւ լինել ժողովրդի հետ: Երբ ժամանակները ծանր են, եւ ժողովրդի վիճակը` նույնպես, կրկնակի դժվար է դիմանալ օրվա իշխանությունների հետ լինելու գայթակղությանը: Իսկ օրվա իշխանությունները երբեք լավը չեն լինում եւ չեն սիրում ընդդիմադիր կեցվածք ունեցող մտավորականներին, հետեւաբար` բոլոր ժամանակներում միշտ էլ վիճարկելի է եղել իշխանության «բարձր հովանու» տակ գտնվող անձանց մտավորական լինելու հանգամանքը: Տեղին է հիշել պետական պատվերով մտավորականի համարում ունեցող Նաիրի Զարյանի վերջին` զղջման խոսքերը. 

Ծիծաղեցեք, մենք լավ գիտենք, թե ինչ
Անպատմելի քավարանով անցանք,
Ինչպես մենք համր, խուլ ու կույր էինք,
Ինչպես կռանալով կուզիկ դարձանք...

Պատմությունը ցույց է տվել, որ պատերազմից վերադարձած հերոսները (գոնե մի մասը) խաղաղ ժամանակներում չեն կարողանում ինտեգրվել հասարակությանը, եւ արժեհամակարգի չգոյության պայմաններում հերոսական կեցվածը խնդիր է դառնում թե՛ իրենց եւ թե՛ հասարակության համար: Այդպես է պատերազմից հետո հերոսների համար, այդպես է նաեւ հեղափոխություններից ու իշխանափոխություններից հետո մտավորականների համար:

Եվ պատահական չէ, որ հեղափոխություններն իրենց հետ տանում են իրենց մտավորականներին, իսկ ժամանակն առաջ է բերում նորերին: Նորերը հեղինակություն են ձեռք բերում, նախորդները` «կռանալով դառնում կուզիկ»: Եվ քանի որ նոր իրողությունում կարիք է լինում ձեւավորելու նոր «մտավորական էլիտա», հայտնվում են հաճախորդ «մտավորականները», ովքեր պատրաստակամորեն միաձուլվում են օրվա իշխանությանը: Ժամանակներն են այդպիսին, եւ միշտ է այդպես եղել:

Իսկ քաղաքականության նկատմամբ ակտիվ կեցված ունեցող հաստատուն մտավորականները եզակի մարդիկ են, եւ պատմության մեջ շատ դժվար է գտնել նրանց, ովքեր թե՛ փոփոխությունից առաջ եւ թե՛ հետո եղան ու մնացին ճնշված ժողովրդի կողքին եւ, լինելով նրանց արդարացի բողոքի ձայնը, աչք չփակեցին իշխանությունների սխալների վրա:

Երբ ոգին ծանր է մարմնից եւ, երբ ազգային մնայուն արժեքները չեն տարրալուծվում խառը ժամանակներում` քաղաքական տարբեր հոսանքների ազդեցությամբ, կարելի է խոսել մտավորականի բարձր տեսակի մասին: Իսկ մեզ նոր ժամանակներում նոր մտավորականներ են պետք: