Ցանկություն եւ կարողություն

Ցանկություն եւ կարողություն

Շատ մեծ քաջություն է պահանջվում մարդուց, որ ինքն իրեն խոստովանի, որ ինչ-որ բան իր ուժերից վեր է, որ ինչ-որ պաշտոն իրենը չէ, որ իր գիտելիքները բավարար չեն։ Քաջություն եւ խելք։ Քանի՞ մարդ գիտեք ձեր շրջապատում, որ կհրաժարվի իրեն առաջարկված բարձր պաշտոնից։ Տասնամյակներ շարունակ մեզանում պետական պաշտոնի իմիջն այնքան է ընկել, եւ պաշտոնյաներն այնքան են վարկաբեկել իրենք իրենց եւ իրենց իսկ զբաղեցրած կարգավիճակը, որ այսօր չկա մարդ, որ հրաժարվի նախարարի ու փոխնախարարի, պատգամավորի ու պետական բարձրաստիճան չինովնիկի աշխատանքից՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ այդ պաշտոնն իր ուժերից վեր է, իր գիտելիքներն ու կյանքի փորձը բավարար չեն այն զբաղեցնելու համար։

Եվ մեր պետական համակարգի ու կառավարման ապարատի ողբերգությունը հենց դրանում է՝ որ ո՛չ վարչապետը, ո՛չ փոխվարչապետերը, ո՛չ նախարարներն ու պատգամավորները դույզն-ինչ կասկած չունեն, որ իրենք իրենց տեղում չեն եւ ձախողում են այն աշխատանքը, որի պատասխանատվությունը ստանձնել են։ Առհասարակ՝ ինչ-որ գործ անելու համար երկու անհրաժեշտ պայման կա․ ցանկություն եւ կարողություն։

Դրանցից մեկն առանց մյուսի հնարավոր չէ։ Այսինքն՝ բավարար չէ, որ դու լինես ազնիվ, երկիրը զարգացնելու, տվյալ համակարգը բարեփոխելու մեծ, շատ մեծ ցանկություններ ունենաս, երազես քո սիրելի երկրում բարեկեցություն, ապահովություն, խաղաղություն հաստատել։ Հարկավոր է նաեւ կարողանալ, այսինքն՝ այդ անելու համար ունակություններ՝ գիտելիքներ, տեսլական, փորձ, անհրաժեշտ աշխատասիրություն, իրենց վստահված ոլորտի իմացություն եւ այլն։ Եկել է ժամանակը, որ այս տարրական ճշմարտությունը հասկանան իշխանությունները, եւ մենք ունենանք հրաժարականներ՝ «այս պաշտոնն իմ ուժերից վեր է» խոստովանությամբ։