Արցախում տեղի ունեցող ընտրություններին «Ազգային վերածնունդը» մասնակցելու է առանձին

Արցախում տեղի ունեցող ընտրություններին «Ազգային վերածնունդը» մասնակցելու է առանձին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Մի հրամանագրով Վիտալի Բալասանյանին ազատել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից եւ նշանակվել Արցախի ոստիկանապետ։ Փոխարենն Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Վլադիկ Խաչատրյանը՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանին Բակո Սահակյանը ազատել է պաշտոնից եւ նշանակել ԼՂ նախագահի խորհրդական- նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ 

Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն չեն հետաքրքրում Բակո Սահակյանի հրամանագրերը եւ չի ցանկանում մեկնաբանել դրանք։ 

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա Հայկ Խանումյանը նշեց, որ նրա՝ պաշտոնից ազատվելը վաղուց էր նախատեսվում, քանի որ Բալասանյանը հայտարարել է, որ 2020թ․ մասնակցելու է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին։ 
«Նախատեսվում էր, որ նա պետք է հեռանա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ զբաղվի ընտրություններով»,- ասաց նա։

Նկատեցինք, որ Վիտալի Բալասանյանն Արցախի առանցքային ռազմական գործիչներից է, նա 2016թ․ հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա ծռերը»  զինված հսկողության տակ էին վերցրել ՊՊԾ գունդը, եկավ Երեւան, լարված իրավիճակում փորձեց բանակցություններ վարել իշխանությունների եւ «Սասնա ծռեր»-ի հետ։ Արդյո՞ք Վիտալի Բալասանյանի  պաշտոնանկությունը ենթադրում է, որ այսուհետ կնվազի նրա ազդեցությունը Արցախի քաղաքական էլիտայում։

«Ժամանակը ցույց կտա, ես չեմ կարող գուշակություններ անել»,- արձագանքեց մեր զրուցակիցը։
Սպասե՞նք, որ առաջիկայում եւս կլինեն տեղաշարժեր Արցախի իշխանական էլիտայում։ 
«Չգիտեմ, Բակո Սահակյանի հրամանագրերը չեն հետաքրքրում, ինքն ապօրինի է զբաղեցնում Արցախի նախագահի պաշտոնը այս անցումային փուլում, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս երրորդ ժամկետում նախագահ ընտրվել։  Թե ինչ փոխատեղումներ է անում նա՝ ինձ չի հետաքրքրում։ Մեր կուսակցությունը պատրաստվում է Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններին»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին։

Թե ում են տեսնում Արցախի նախագահի պաշտոնում, Հայկ Խանումյանն ասաց․ «Մեր կուսակցության առաջադրած թեկնածուին։ Մեր կուսակցությունը հայտարարել է, որ առանձին է մասնակցելու թե՛ Նախագահի, թե՛ խորհրդարանի ընտրություններին։ Այս պահին քննարկումներ են ընթանում, հոկտեմբերին հավանաբար կհայտարարվի,թե ով կլինի թեկնածուն»։