Պետական կառույցներն աշխատում են միմյանց դեմ` Արամի 23-ը դրա օրինակն է

Պետական կառույցներն աշխատում են միմյանց դեմ` Արամի 23-ը դրա օրինակն է

«Արամի 23 շենքն ամրագույն շենք է եւ մինչեւ փոսորակի փորելն այդ շենքը կանգուն է եղել։ Դա կարող է փաստել նաեւ մշակույթի նախարարությունը, որը պարբերաբար մշտադիտարկումներ է արել: Եթե այդ փոսորակը գրագետ փորվեր, ապա շենքը չէր փլուզվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ 

Նա պնդում է՝ «Հին Երեւան» նախագիծը, որը պատկանում է Սրմաքեշին, միտումնավոր է փորել այդ փոսորակը, որպեսզի շենքը քանդվի, ինչին էլ ականատես եղանք նախօրեին։ «Իմ խոսքերն ապացուցում են եւ այն հանգամանքը, որ շենքը փլվելուց մեկ օր առաջ այդ տարածքում հայտնված «Հին Երեւանի» ճարտարապետը՝ Լեւոն Վարդանյանը, հանդիպում է ունենում Արմեն Աբրոյանի հետ ու բղավելով հայտարարում, որ այս շենքը պետք է քանդվի, ես այդպես եմ նախագծել։ Այդ զրույցը լսել ու ինձ պատմել է մեր տնտեսվարը։ Այսինքն, վարչապետն ասում է՝ այս շենքը չի քանդվելու, գլխավոր ճարտարապետը՝ Մեսչյանը, ասում է՝ չի քանդվելու, բայց Լեւոն Վարդանյանն ասում է՝ քանդելու եմ այս շենքը։ Սա հանցագործության տարր չէ՞, հակահեղափոխական երեւույթ չէ՞»,- ընդգծում է Հեքեքյանն ու հավելում, որ իշխանական կառույցներից այդ հուշարձանի ճակատագրով անհանգստացած է եղել միայն պատմամշակութային հուշարձանների պահպանման վարչությունը` Աբրոյանի գլխավորությամբ, իսկ քաղաքաշինության վարչությունը պաշտպանել է շենքը փլուզվելուն միտված նախագիծը: 

«Մեղավորը նախկին իշխանություններն են, բայց, ցավոք, ներկա իշխանությունները ցանկանում են շարունակել նրանց ճանապարհը: Պետական կառույցներն աշխատում են միմյանց դեմ` Քաղշինն աշխատում է մշակույթի նախարարության դեմ»,-ասում է Հեքեքյանն ու ընդգծում, որ սա ներկայիս իշխանությունների համար փորձաքար է, լակմուսի թուղթ՝ ի վիճակի՞ են այս փոքր հարցը լուծել, թե՞ ոչ․ «Տակից դուրս կգան՝ ուրեմն ի զորու են լուծել բոլոր հարցերը՝ մինչեւ ղարաբաղյան հարց»։  
Հեքեքյանն ընդգծում է՝ կատարվածը հանցագործություն է, բայց, ինչպես միշտ, կգտնեն մի շինարարի եւ կասեն՝ դու ես մեղավոր, մինչդեռ  մեղավոր են քաղաքապետարանը, քաղշինը, «Հին Երեւան» նախագիծը՝ Վարդան Սերմաքեշի գլխավորությամբ։ «Վարչապետը եկավ այստեղ, հարցրեց՝ ինչո՞ւ չեք վերականգնում, հիմա էդ բառը ո՞նց չասեմ՝ ապուշի նման կանգնել էին բոլորը, վերջում ինչ-որ բաներ ասեցին, նա էլ ասեց՝ ճարտարապետների դաշտում է գնդակը, դե արեք, հնարավո՞ր է անել, ասեցին՝ այո, հնարավոր է։ Վարչապետի այցից հետո պարոն Էլոյանը երկու ժամ անց եկավ, առաջարկեց տարբերակ, լուծում։ Մենք բոլորս շատ հավանեցինք այդ տարբերակը։ Լուծումն առաջարկեց։ Ասեցի՝ մենք համաձայն ենք, քանի՞ օր է պետք, պարոն Էլոյան, որ սա նախագիծ դառնա, եւ սկսենք, ասեց՝ կարծում եմ՝ երեք օր։ Դա նոյեմբերի 27-ն էր, դե հաշվեք՝ քանի՞ երեք օր է անցել։ Այսինքն, ինչ է ստացվում՝ որ կա՛մ անարգում եք, չեք կատարում վարչապետի հրահանգը, կա՛մ, ուրեմն, մնացածը թատրոն էր»,- նշում է Հեքեքյանը։  

Ի դեպ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նախօրեին կատարվածն անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր համարել եւ նշել, որ շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի հարակից շինհրապարակին հպվող պատն ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել: 
Ի հակառակ դրան, մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի դիտարկմամբ, եղել է ընդամենը մեկ նախագիծ, որը ներկայացվել է մշակույթի նախարարություն եւ որը Քաղաքաշինության կոմիտեում մերժվել է՝ անորակ, անհամապատասխան լինելու պատճառով, քանի որ եղել է վտանգ, որ տվյալ նախագծով վերականգնելու դեպքում այն ավելի շուտ կփլվի։ «Այսինքն՝ այս ամենը միտում ուներ եւ նախաձեռնված էր, որ շենքը քանդվի»,- ասում է նա ու հավելում, որ քաղաքապետարանի գործողությունների հետեւանք է տեղի ունեցածը: