Բաքվում հանրահավաքները կարգելվեն

Բաքվում հանրահավաքները կարգելվեն

Բաքվում հունվարի 19-ի հանրահավաքը վերջին մի քանի տարվա կտրվածքով ամենաբազմամարդն էր: Ոստիկանությունը սահմանել էր միջոցառմանը ներկա գտնվելու հատուկ կարգ՝ մարդիկ ստուգման էին ենթարկվում երեք անցակետերում: Հազարավոր ցուցարարներ չեն կարողացել ստուգում անցնել եւ ստիպված իրենց բողոքն արտահայտել են հանրահավաքի տարածքին հարող փողոցներում, ինչը ոստիկանության հետ բախումների պատճառ է հանդիսացել:

Տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել, նրանց նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր, այդ թվում՝ կալանք: Երեւում է, ընդդիմության աջակիցների թվի կտրուկ աճը խիստ անհանգստացրել է իշխանություններին: Նրանք երկյուղ ունեն, որ հաջորդ հանրահավաքին կարող են ներկայանալ արդեն տասնյակ հազարավոր մարդիկ: Պաշտոնական քարոզչությունն այդ կապակցությամբ սկսել է պնդել, որ հանրահավաքի կազմակերպիչները չեն կարողանում կառավարել իրենց համակիրներ, կա զանգվածային անկարգությունների իրական սպառնալիք:

Այդ կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել ՆԳՆ Բաքվի քաղաքային վարչության պետը: Նա ասել է, որ դիմել է Բաքվի գործադիր իշխանությանը՝ այսուհետեւ չարտանելու ընդդիմության հանրահավաքները, քանի դեռ ,,կազմակերպիչները չեն կարողանում կառավարել ամբոխին,,: Վերջին ընդգծումն, իհարկե, սադրանք է: Իրականում իշխանությունները խիստ անհանգստացած են ընդդիմության համակիրների թվաքանակի կտրուկ աճով եւ դիմում են քայլերի, որպեսզի կասեցվի քաղաքական գործընթացը: Ի՞նչ մարտավարություն կընտրի ադրբեջանական ընդդիմությունը: Բացառված չէ, որ Բաքվում իրավիճակը կտրուկ սրվի: