Բանկային համակարգից ահազանգում են. Մհեր Գրիգորյանը հանգստացնում է

Բանկային համակարգից ահազանգում են. Մհեր Գրիգորյանը հանգստացնում է

Բանկային համակարգում տագնապալի սպասումներ են. թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները մի քանի անգամ ոտնձգություն են թույլ տվել բանկային գաղտնիքի նկատմամբ եւ առանց դատարանի որոշման նախկինների հաշիվների հետ կապված գաղտնի տվյալներ հայտնել ու օգտագործել: Ինչի իրավունքն օրենքով չունեն, եւ բացի այդ՝ դա կարող է բանկային համակարգի ճգնաժամ առաջացնել եւ ստիպել, որ մարդիկ չվստահեն բանկերին՝ հանեն իրենց ավանդները, վարկեր չվերցնեն, առհասարակ՝ բանկերի հետ գործ չունենան եւ իրենց փողերը հին ժամանակների ոգով սկսեն պահել «դոշակների տակ»։ Բանկային գաղտնիքը բացահայտելու անթույլատրելի ավանդույթի սկիզբը դրվեց անցած տարվա օգոստոսյան հանրահավաքին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր բանկային հաշվեհամարներից միայն մեկի վրա կա 30 միլիոն դոլար, սակայն չասաց, թե խոսքն ում մասին է: Ապա այդ գումարը նշված անձը նվիրաբերեց պետությանը։

«Այդ գումարի հետ կապված՝ չափազանց դժվար է քննություն կազմակերպելը, որովհետեւ այդ մարդը շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետեւաբար՝ հայտարարագիր չի ներկայացրել, եւ ֆորմալ առումով կան դժվարություններ՝ այդ գումարի մասով հետաքննություն անելու ու առգրավելու համար։ Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է, մինչեւ վերջ»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա հայտնեց, որ միջազգային մի շարք կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել աջակցել կառավարությանը՝ բացահայտելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները նաեւ օֆշորային գոտիներում, ինչպես նաեւ սառեցնելու եւ Հայաստան վերադարձնելու այդ գումարները։ Հետո, իհարկե, պարզվեց, որ խոսքը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկի մասին է: Բայց անձը տվյալ դեպքում այնքան էլ կարեւոր չէ, քանի որ Փաշինյանը չուներ բանկային գաղտնի տվյալ հրապարակելու իրավունք, եթե չկա դատարանի վճիռ, որը կպարտադրի տվյալ բանկի կառավարիչներին «իրավապահներին տրամադրել կասկածյալի կամ ենթադրյալ հանցագործի բանկային հաշիվների մասին տեղեկատվություն, թե որքան գումար կա տվյալ անձի բանկային հաշվին, որտեղից ու երբ է այն փոխանցվել, ում է նա փոխանցել եւ այլն, եւ այլն»: Միայն դատարանի որոշման հիման վրա կարող էր Փաշինյանը չդիմադրել այդ սենսացիոն տեղեկությունն առաջինը հայտնելու գայթակղությանը: Մնացած բոլոր դեպքերում բանկային հաշիվների հնարավոր է տիրապետել միայն ոչ օրինական ճանապարհով՝ հատուկ ծառայությունների միջոցով: 

Մեկ-երկու այդպիսի հայտարարություն, եւ շահառուների մոտ անվստահություն է առաջանում բանկի նկատմամբ, որը, փաստորեն, չի կարողանում ապահովել օրենքով սահմանված գաղտնիության պայմանները: Տեղեկություններ կան, որ բանկերից այդ պատճառով նաեւ փողի արտահոսք է սկսվել, մարդիկ իրենց գումարները տեղափոխում են արտերկրի ապահով բանկեր, ու եթե այս հոսքը շարունակվի, բանկերը կկանգնեն սնանկացման ու փակվելու եզրին: Ավելին, համակարգում կասկածներ ունեն, որ իշխանությունը կփոխի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, որպեսզի դատարանի վճիռն այլեւս պարտադիր չլինի որեւէ անձի հաշիվներին հասանելիություն ունենալու համար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով բանկային ոլորտից է տեղափոխվել գործադիր, հանդարտության կոչեր է անում իր նախկին գործընկերներին՝ վստահեցնելով, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխություն գործադիրը չի նախատեսում։ «Բանկային գաղտնիքի մասին բոլոր իրավունքները, հետեւանքները, պարտականությունները նախատեսվում են օրենքով, եւ որեւէ փոփոխության նախագիծ չի շրջանառվում, ավելին՝ կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա: Ուստի կոչ եմ անում  չանհանգստանալ»,- ասաց փոխվարչապետը: Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները մինչ դատարանի որոշումը տվյալներ հրապարակում, արդյոք սա օրենքի ակնհայտ խախտում չէ՞, եւ ի՞նչ հետեւանք կարող են ունենալ գաղտնազերծումները բանկերի գործունեության հարցում։ «Ես չեմ կարծում, որ ունենք մի իրավիճակ, երբ բանկային գաղտնիքի տրամադրման գործընթացը կամ պայմաններն անհրաժեշտ է փոխել»,- բուն հարցից խուսափեց Մհեր Գրիգորյանը: Երբ պնդեցինք, որ Հայաստանում ավանդույթ է դառնում այդ անօրինական գործընթացը, եւ ահազանգում են հենց բանկերը, ասաց, որ տեղյակ չէ կոնկրետ դեպքերի մասին: Հիշեցրինք Սաշիկ Սարգսյանի բանկային հաշիվները հրապարակելու Փաշինյանի հայտարարությունը։ «Ես թույլ տվեք կոնկրետ հայտարարություններ չմեկնաբանեմ, մենք լուրջ հարց էինք քննարկում, ես էլ ասում եմ՝ ինստիտուցիոնալ առումով փոփոխության անհրաժեշտություն չկա, ինչպես նաեւ անհանգստանալու կարիք չկա»։ Բայց մինչեւ դատարանի որոշումը բանկային գաղտնիք է հրապարակվում, դա ինչպե՞ս է լինում։ «Ես չգիտեմ, ես նման դեպք չգիտեմ»: