Ուշագրավ քվեարկություններ՝ խորհրդարանում

Ուշագրավ քվեարկություններ՝ խորհրդարանում

«Իմ քայլը» խմբակցությունում բուռն խոսակցություններ են ընթացել կառավարության կառուցվածքի փոփոխությունների փաթեթի քվեարկությունից հետո։ Բանն այն է, որ աղմկահարույց այս նախագծի քվեարկությանն ակնկալվում էր, որ խորհրդարանական մեծամասնությունը միասնաբար կարտահայտի քաղաքական համաձայնությունը այդքան քննադատված փոփոխություններին, սակայն 88 հոգանոց խմբակցությունից քվեարկության մասնակցեցին 72-ը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր փոփոխություններին։ 

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ այդ օրը գործուղման են եղել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ։ Մասնավորապես, ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Անուշ Բեղլոյանը։ Ապրիլի 15-18-ը գործուղման էր նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Սակայն, հիշեցնենք, ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ նրանք գրավոր դիրքորոշում հայտնեին քվեարկվող նախագծերի վերաբերյալ։ Նրանցից բացի, քվեարկությանը չեն մասնակցել կամ բացակա են եղել նաեւ «Իմ քայլից» Թագուհի Թովմասյանը, Կորյուն Մկրտչյանը, Սուրեն Գրիգորյանը, Մերի Գալստյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ռուստամ Բաքոյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, Կարեն Համբարձումյանը։

Ուշագրավ քվեարկություն է տեղի ունեցել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած հարցապնդման նախագծի վերաբերյալ․ խոսքը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության մասին է։ Նախագծին կողմ է քվեարկել խորհրդարանական ընդդիմությունը՝ 41 անձ․ ուշագրավ է, որ «Իմ քայլից» Արման Բոշյանը Ջանջուղազյանին ձեռնպահ է քվեարկել, իսկ շատերն էլ չեն մասնակցել քվեարկությանը։ Արման Բոշյանը Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին տնօրենն է։ Հիշեցնենք, որ 88 հոգանոց խմբակցությունից ընդամենը 67 պատգամավոր է դեմ եղել Ջանջուղազյանի պաշտոնանկությանը։