Գլուխս խառն է, բայց չեմ թողնի՝ տապալվի․ ի՞նչ է կատարվում Բակունցի տուն-թանգարանում՝120-ամյակին ընդառաջ

Գլուխս խառն է, բայց չեմ թողնի՝ տապալվի․ ի՞նչ է կատարվում Բակունցի տուն-թանգարանում՝120-ամյակին ընդառաջ

Գորիսի այն տունը, որտեղ ապրել է Բակունցը, մեծ գրողի տուն-թանգարանն է:Գորիսեցիները վստահ են, որ այն քաղաքի այցեքարտն է: Հունիս 13-ին մեծ գրողի 120-ամյակն է, սակայն քաղաքի բնակիչներից ոմանք թանգարանի ներկայիս վիճակի հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնում․ «Թանգարանը պանդոկի է վերածվել, ծառայում է կոմերցիոն նպատակների, այնտեղ քաղաք այցելած տուրիստների համար կերուխում են կազմակերպում, այգին դարձրել են չրանոց,խանութ-կրպակ են բացել,մի խոսքով թանգարանների գործունեության հետ ոչ մի կապ չունեցող բաներով են զբաղված: Գրական-մշակույթային գործունեության պակաս կա, հասկանո՞ւմ եք: Շուտով 120-ամյակն է, եւ կոնկրետ ծրագրեր ու նպատակներ չկան»,-«Հրապարակ»-ի  հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց քաղաքի մտավորականներից մեկը՝ խնդրելով չհրապարակել անունը: 

«Հրապարակ»-ը զրուցեց Ա․Բակունցի տուն- թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, նախ խոսենք մեծ գրողի հոբելյանին նվիրված ծրագրերի մասին, ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:

-Ծրագիրը քննարկման փուլում է, վերջնական պատկերը կունենանք մոտակա օրերին: Ամենից կարևոր իրողությունն այն է, որ Խարկովի համալսարանում, որտեղ սովորել է Բակունցը, մայիսի 25-ին նրա անվամբ հուշատախտակ եւ հուշանկյուն կբացվի, արարողությանը կմասնակցի նաև մեր պատվիրակությունը, ես էլ եմ  մեկնելու: Ասեմ, որ Գորիսում՝ այն ծխական դպրոցում, ուր ուսանել է Բակունցը, նույնպես հուշատախտակ ենք տեղադրելու, եւ միջոցառումների մեկնարկը հենց այնտեղից ենք տալու: 

-Գրականության եւ  արվեստի  թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն իր դժգոհությունն էր հայտնել՝ ասելով, որ միջոցառումների հետ կապված իրենց հետ նախապես ոչինչ չեք համաձայնեցրել:

-Փոքր անդրադարձ եղել էր, այո, պարզապես մեր մարզային թերթում կիսվել ենք մեր հոգսերով, կապված էր աշխատակազմի պարտականությունների բաշխման հետ, նման բնույթի հարցեր են եղել, մենք կարգավորել ենք:

-Կան դժգոհություններ, թե թանգարանը վերածվել է կերուխումի, առուծախի  վայրի, տեղադրվել է կրպակ, ի՞նչ կասեք:

-Բոլոր թանգարաններում, եւ՛ արտերկրի, եւ՛ Հայաստանի, թանգարանների տարածքում  նման պրակտիկա կա: Մեզ մոտ ձեր ասած տարբերակը չկա: Որպես կրպակ, այդպիսի բան չկա, այգին ենք մշակել շատ գեղեցիկ, կան միրհավեր, որոնք Բակունցի համանուն պատմվածքի խորհրդանիշներն  են: Անցյալ տարի մոտ 5000այցելու ենք ունեցել՝ վճարովի եւ անվճար: Իսկ դպրոցականների համար 300դրամ տոմսի արժեքը պահպանվում է:

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում Ա․Բակունցի տուն-թանգարանում, «Հրապարակ»-ը զրուցեց նաև Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ: «Գրականության և արվեստի թանգարանի 6 մասնաճյուղերից մեկն էլ Ակսել Բակունցի տուն-թանգարանն է:Ինչու բոլոր թանգարանները գիտեն, որ անհրաժեշտ միջոցառումների համար նախ անհրաժեշտ է հիմնավորում-զեկուցագիր, հետո գնումների գործընթաց, հետո իրականացնող պատասխանատու կազմակերպության հետ պայմանագիր, հետո փոխանցում ու միջոցառման իրականացում, իսկ Բակունցի տուն-թանգարանում համառորեն չեն ուզում դա իմանալ: Եթե մնացյալ 5-ը ներկայացնում են, ապա դա ոչ մի կերպ  չի ստացվում Բակունցի դեպքում:Միայն պահանջներ ու տրտունջներ են: Մեր մյուս մասնաճյուղերում էլ ընդամենը նույնքան աշխատակիցներ ունենք, նրանք էլ ունեն այգիներ, որոնք միշտ խնամված են, բայց չեն համարվում թանգարանային գործ: Մշտապես եռուն և միջոցառումներով հագեցած առօրյա են ապահովում: Խոսվում է ծախսերի ու գումարների մասին:

Բայց չէ՞ որ որևէ մեկը, այն էլ պետական հիմնարկի կարգավիճակով, որևէ մեկին կանխիկ գումար չի տալիս:Ես պետք է Երևանից հասնեմ Գորիս, որ միջոցառումներ կազմակերպեմ:Ամբողջ խնդիրն այն է, որ այնտեղ 4 հոգանոց աշխատակազմից 3-ը ընտանիքի անդամներ են, 2-ը ամուսիններ են, մեկը՝ խնամի:Բազմաթիվ բողոքներ ստացա, կանչեցի ամուսիններին եւ ասացի, որ որոշեն՝ իրենցից ով է գնում, ով մնում:Մեծ դժկամությամբ որոշեցին, որ կինը պետք է փոխարինվի չեզոք աշխատանքի: Ինչի հետ մինչ օրս չեն համակերպվում:Ճիշտ է, հիմա գլուխս խառն է,պաշտոնիս ժամկետը լրացել է, մրցույթ է հայտարարված,  բայց չեմ թողնի, որ տապալվի, խոսքը Բակունցի մասին է, առջևում 120-ամյակն է:Մի հրաշալի հայ ընտանիք, որ շուրջ 25 տարի ապրում է Խարկովում, նրանց շնորհիվ մի քանի օրից Խարկովի համալսարանում կտեղադրվի Բակունցի հուշատախտակը:Այդ նվիրյալ ընտանիքը համալսարանին ճանաչելի է դարձրել իր հանճարեղ շրջանավարտին, դա նաև մեր պատիվն ու պարծանքն է:Հիշում եք, ինչ խանդավառությամբ լցվեցինք, երբ Գենտի համալսարանում էլ տեղադրվեց Դանիել Վարուժանի հարթաքանդակը»,-խոսքն ավարտեց  Կարո Վարդանյանը: