Փոստանջյանը՝ Պավլիկ Մանուկյանի պաշտպան. նիստը հետաձգվեց

Փոստանջյանը՝ Պավլիկ Մանուկյանի պաշտպան. նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին որոշվեց, որ այսուհետ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպանությամբ կզբաղվի «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

Այսօրվա նիստին պիտի հարցաքննվեին ՊՊԾ գունդը գրավելուց հետո ազատության մեջ հայտնված մեղադրյալներից երկուսը` Կարեն Հակոբյանը, Վահե Պետրոսյանը, սակայն նրանք նիստին չէին ներկայացել:

Ինչպես հայտնեց դատավոր Մեսրոպ Մակյանը, նրանց գտնվելու վայրը դատարանին հայտնի չէ, ավելին՝ անգամ նրանցից մեկի փաստաբանը իր պաշտպանյալի մասին տեղեկություն չուներ: «Սասնա ծռերի» նկատմամբ համաներման ակտի կիրառման վերաբերյալ դեռևս կան տուժողներ, որոնք դիրքորոշում չեն հայտնել, դատարանը նշեց, որ գրություն են ուղարկել տուժողներին` պարզելու նրանց կարծիքը: Դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց: