2-3 անգամ ասել եմ, որ ուզում եմ հանդիպել քաղաքապետի հետ, բայց որևէ արձագանք չի եղել

2-3 անգամ ասել եմ, որ ուզում եմ հանդիպել քաղաքապետի հետ, բայց որևէ արձագանք չի եղել

Երեւանի ավագանու նիստերն անցնում են լարված մթնոլորտում՝ փոխադարձ վիրավորանքներով, միմյանց հեգնելով, իրար վրա մատ թափ տալով։ «Հակամարտությունը» հիմնականում երկու սուբյեկտների միջեւ է՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Լույս» խմբակցության անդամների՝ Դավիթ Խաժակյանի, Թեհմինա Վարդանյանի եւ Անի Խաչատրյանի։ Մարությանը ոչ մի կերպ չի հանդուրժում ընդդիմադիրների քննադատությունները՝ ուղղված իրեն, անընդհատ անջատում է խոսափողը, իսկ երբեմն էլ իրեն հատուկ ոճով ծաղրում եւ հեգնում է գործընկերներին։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ, քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ էլ դրանից ոգեւորվում ու ռեպլիկներով թեժացնում են մթնոլորտը։ Մարությանի ու «Լույսի» միջեւ լարվածությունն այնքան է աճել, որ վերածվել է անձնական թշնամանքի։ Այս ֆոնին հաճախ են հիշում Տարոն Մարգարյանին, որը դիմանում էր անգամ Զարուհի Փոստանջյանի թիմի գժություններին, որոնք երբեմն անցնում էին կոռեկտության սահմանները։ Պատկերացնել կարելի է՝ ինչպես կվարվեր Կարգին Հայկոն, եթե ավագանիում լիներ Զարուհի Փոստանջյանը կամ Մարինա Խաչատրյանը, եւ կոյուղաջուր լցնեին նրա վրա։ Վերջին նիստին էլ թեժ լեզվակռիվ տեղի ունեցավ Հայկ Մարությանի եւ Թեհմինա Վարդանյանի միջեւ։

«Վերջին ամիսներին, մասնավորապես վերջին նիստերի ընթացքում, իրավիճակը դահլիճում բավականին թեժացել է։ Չգիտեմ՝ դա ինչով է պայմանավորված, բայց այն, որ քաղաքապետը՝ որպես դահլիճի եւ Երեւանի թիվ մեկ ամբիոնի ղեկավար, իր տեղում չէ, ակնհայտ է, որովհետեւ փոխանակ որեւէ կերպ հանդարտեցնի մթնոլորտը, ավելի է թեժացնում իրավիճակը։ Ցանկացած դիտարկում ընդդիմադիր որեւէ անդամի կողմից ընդունում է որպես անձնական վիրավորանք»,- ասաց Թեհմինա Վարդանյանը՝ նկատելով, որ հարգանքի բացակայություն է նաեւ այն, որ իրենցից առաջարկներ են ուզում, բայց վերջում ո՛չ իրենց, ո՛չ ԲՀԿ-ի առաջարկները չեն ընդունում։

- Տարոն Մարգարյանի օրոք էլ էին նման խնդիրներ լինում, նրա հետ էլ էիք բախումներ ունենում ու գոհ չէիք նրա կառավարումից, նիստերն էլ լարված էին անցնում։

- Չէի ուզենա անձերի միջեւ զուգահեռներ անցկացնել, մասնավորապես վերջին շրջանում քաղաքապետը փոքր-ինչ սրտնեղում է այդ զուգահեռներից, որը, ի դեպ, անցկացնում են իրենք եւ սովորաբար հենց իրենք են խոսում նախկին իշխանությունների մասին։ Սխալ է անձերի միջեւ զուգահեռներ տանել, բայց նախկինում քաղաքապետարանում փոքր-ինչ ավելի համագործակցային մթնոլորտ էր։

Բազմաթիվ նախագծեր, ինչպես, օրինակ, տրանսպորտային համակարգի հետ կապված, պարոն Խաժակյանը ներգրավված էր աշխատանքային թիմում եւ բազմաթիվ առաջարկներ էր ներկայացրել՝ ընդհուպ միասնական տոմսի համակարգը եւ այլն, եւ դրանք այն ժամանակ ընդունվել էին։

- Իսկ հիմա համագործակցայի՞ն չէ, չե՞ք կարողանում քաղաքապետի հետ ուղիղ կապ հաստատել՝ հանդիպել, ինչ-որ հարց քննարկել։

- Ոչ։ Անձամբ ես երկու-երեք անգամ ե՛ւ քաղաքապետի ընդունարան եմ զանգահարել, ե՛ւ անձամբ գնացել եմ եւ խնդրել եմ փոխանցել, եւ վստահ եմ, որ փոխանցվել է գործավարուհու կողմից, որ ուզում եմ հանդիպել քաղաքապետի հետ, բայց որեւէ արձագանք չի եղել։ Ես նույնիսկ մամուլով եմ հանդիպում խնդրել պոլիկլինիկաներից մեկի հետ կապված, բայց որեւէ արձագանք, որեւէ համագործակցային դեպք չի եղել։

- Իսկ ձեր կողմից ներկայացված նախագծերն ընդունվո՞ւմ են, թե՞ բոլորը մերժվում են։

- Ոչ, մեր նախագծերից ընդունվել են։ Դեռեւս միայն մեր խմբակցությունն է նախագիծ ներկայացրել։ Ներկայացրել ենք թվով 5 նախագիծ, որից երեքն ընդունվել է՝ Ռոդնինայի անվան դպրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցը եւ նիստերի հետ կապված մի նախագիծ։ Բայց դա համագործակցություն չէ։ 57 հոգանոց խմբակցությունը, որ առավոտից երեկո բարձրաձայնում է, թե աշխատում են, գեթ 1 նախագիծ չի ներկայացրել այս ամիսների ընթացքում։ Մինչդեռ մեր 3 հոգանոց խմբակցությունը 5 նախագիծ է ներկայացրել։

- Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում լարված մթնոլորտի թոթափումը, քաղաքապետի վերաբերմունքը, օրինակ, Ձեր հանդեպ անձնակա՞ն է, թե՞ քաղաքական։

- Չգիտեմ՝ քաղաքապետին իմ ելույթների կամ խոսքի մեջ հատկապես ինչն է բարկացնում, եւ ինչից է ավելի բորբոքվում, բայց ակնհայտ այդպիսի ֆոն կա, ինչը չէի ցանկանա լիներ։ Եթե ես չպետք է քննադատեմ, կամ մեր խմբակցությունը՝ որպես ընդդիմություն, չպետք է քննադատի, այլ միայն պետք է գովաբանի քաղաքային իշխանությանը, իրենք դրա համար ունեն 57 ավագանու անդամ, որոնք կարող են գովաբանել։

- Հիմա չկա՞ որեւէ դրական քայլ քաղաքապետարանի աշխատանքում, որը կարող եք մատնանշել։ Նրա թիմակիցները, օրինակ, նշում են, որ Մարությանը կանաչ գոտիներն ազատագրեց, սա արեց, նա արեց։

- Գիտե՞ք, երեւի թե բացի կանաչ գոտիներն ու հանրային տարածքներն ազատագրելուց, այս պահին․․․ Դուք տեսնո՞ւմ եք տրանսպորտի հետ կապված որեւէ սանտիմետր դրական տեղաշարժ, տեսնո՞ւմ եք։ Ոչ։ տեսնո՞ւմ եք աղբահանության վիճակն ինչքան է խորացել ու օր օրի խորանում է։ Ընդ որում, երբ Հայկ Մարությանը նոր էր ստանձնել քաղաքապետի իր լիազորությունները, ասաց, որ 2 ամսվա ընթացքում աղբի հարցն իսպառ կլուծվի։ 9 ամիս պաշտոնավարում է, լուծվե՞լ է։

- Ինքն ասում է, որ տրանսպորտի հարցում նախագիծ կա, աշխատում են այդ ուղղությամբ։

- Տրանսպորտի նախագիծը 6 ամիս եւ ավելի ուսումնասիրեցին․ լավ է, որ ազնվորեն խոստովանեցին, որ ընդամենը նախագիծն են ուսումնասիրել, այնտեղ գրեթե փոփոխություններ արված չեն, շեղումները չնչին են եղել, դրա մասին խոսել է նաեւ քաղաքապետը։ Ըստ էության՝ նույն նախագիծն է, որ պատրաստվել էր նախորդ իշխանության օրոք, 6-7 ամիս կորցրեցինք ուղղակի ուսումնասիրության վրա, եւ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը 2 ամիս առաջ նոր առաջին նիստն արեց՝ տրանսպորտի հետ կապված աշխատանքային խմբի։ Ես մասնակցում էի այդ նիստին, որտեղ նա ազնվորեն խոստովանեց, որ ընդամենն ուսումնասիրել են, եւ խոստացավ, որ հետայսու ավելի կոնստրուկտիվ կլինեն աշխատանքային խմբի քննարկումները, եւ ավելի հաճախ կհանդիպենք։ Անցել է 2 ամիս, դա եղել է առաջին եւ վերջին նիստը, եւ մենք մամուլից իմացանք, որ նախագիծը ներկայացվել է կառավարություն։