Եթե նոր սերունդը ներկայիս իշխանությունների մեջ չգտնի իր ձգտումներն իրականացնողներին, կփոխի նաև նրանց

Եթե  նոր սերունդը  ներկայիս իշխանությունների մեջ չգտնի  իր ձգտումներն իրականացնողներին, կփոխի նաև նրանց

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը։ 

-Գրեթե մեկ տարի է անցել թավշյա հեղափոխությունից, որո՞նք եք համարում ներկա կառավարության ձեռքբերումները, որո՞նք՝ բացթողումները։
 
-Մեկ տարի առաջ հասարակության մեջ գերիշխում էին հեղափոխական գաղափարները, և իշխանության փոփոխությունը տեղի ունեցավ ոչ թե ծրագրային հիմնադրույթների պայքարի արդյունքում, այլ հանրահավաքներում արտահայտված գաղափարներով, իսկ խորհրդարանի ընտրությունները պարզապես այդ հեղափոխոկան ալիքի շարունակությունն էին:  Արդյունքում՝ հեղափոխության առաջնորդները իշխանության եկան առանց քաղաքական օրակարգի: Սա հիմնական բացթողումն է, որի բացասական հետևանքներն ակնհայտ են՝ համընդհանուր գաղափարզրկություն է տիրում իշխանության դաշտում, և չկա նոր Հայաստանի կայացման քաղաքական տեսլական: Բացի այդ, պետք է նաև արձանագրել՝
 
    • ձևավորվել է քաղաքականապես անաշխատունակ, սիրողական մակարդակի խորհրդարան: Այն ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի պատկերացումների համաձայն:

    • Իշխանությունները դեռևս չեն նախաձեռնել քաղաքական հիմնարար փոփոխությունների իրականացումը: Մասնավորապես, չեն սկսել Փաշինյանի խոստացած Սահմանադրության և ընտրական համակարգի փոփոխությունները: 

    • Նախկինում կատարած հանցագործությունների համար պատժամիջոցները իրագործվում են ընտրողական և անարդյունավետ: Իսկ դա կազմում էր հեղափոխության հուզական հենքը, և առ այսօր հասարակությունը սպասում է արդար դատավաությունների: 

    • Արտաքին քաղաքականության ասպարեզում որևէ խելամիտ փոփոխություն չի նախաձեռնվել: Հայաստանը չի թոթափել Ռուսաստանի կցորդը լինելու իր միջազգային համարումը: Ավելին, այդ ամոթալի կարգավիճակն ավելի խոր արմատներ է գցել: Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան սառը չեն եղել: 

    • Տնտեսական քաղաքականությունը բացարձակապես բարձիթողի վիճակում է: Չկա որևէ տեսլական, ռազմավարություն: 

    • Ազգային քաղաքականությունը հասել է զրոյական մակարդակի: Ազգային խնդիրները, որոնք վերաբերում են  համայն հայությանը, ինքնահոսի են մատնված: Սփյուռքը Երևանից որևէ քաղաքական ազդակ չի ստանում: 

    • Փաշինյանի կադրային քաղաքականությունը մերժում է արհեստավարժ, գործին, քաղաքականությանը քաջատեղյակ, սկզբունքային և տեսակետ ունեցող մարդկանց մասնակցությունը նոր Հայաստանի կերտման գործին: 

Այս ամենը հանգեցրել է  հեղափոխության գաղափարների էրոզիայի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շոշափելի անկման, և չի բացառվում, որ իշխանությունները մոտ ապագայում հայտնվեն ծանր վիճակում: 

-Քաղաքական համակարգի ձեւավորման համար ի՞նչ նախադրյալներ կան։

-Կա մեկ գլխավոր նախադրյալ՝ ներկայիս գործուն սերունդը իր մեջ հզոր ներուժ է տեսնում: Նա հաղթել է նախկին ատելի իշխանություններին, հաղթել է նաև թեկուզև կարճատև, բայց դաժան  ապրիլյան պատերազմում: Այդ սերունդն անզիջում է իր պահանջներն առաջ մղելու գործում և բարեկեցիկ և արժանապատիվ ապրելու հայտ է ներկայացրել: Այդ ամենը նա տեսնում է հեղափոխության գաղափարների իրացման մեջ: Հեղափոխությունը մարդկանց մտածելակերպում խորքային փոփոխություններ է առաջ բերել, մենք ապրում ենք նոր Հայաստանում, ուրեմն անհրաժեշտ է նաև նոր քաղաքական, պետական համակարգ: Նոր սերունդը դեռ զգուշավոր սպասում է, բայց եթե ներկայիս իշխանությունների մեջ չգտավ իր ձգտումներն իրականացնողներին. կփոխի նաև նրանց: Այդ փորձը նա ձեռք է բերել մեկ տարի առաջ և չի վարանի կրկնել երկրորդ անգամ: 


- Արդյոք հրատա՞պ է Սահմանադրությանը փոփոխությունը, կան ուժեր, որոնք առաջարկում են վերադառնալ նախկին Սահմանադրությանը, ճի՞շտ է դա արդյոք։

Հրատապ է: Ու կարևոր են ոչ թե Սահմանադրության փոփոխությունները, այլ նոր  Սահմանադրության ընդունումը: Խնդիրն այն է, որ իշխանության գալով առանց քաղաքական օրակարգի, առանց գործողությունների ծրագրի, դրանց առաջնահերթությունների սահմանման, հեղափոխության առաջնորդները ընկան ամենօրյա աշխատանքի մամլիչի տակ ու արդեն մեկ տարի է գործում են կուրորեն, խարխափելով: Նրանք կորցրել են, կամ էլ՝ չեն ունեցել, առաջնայինը երկրորդականից տարբերելու կարողությունը: Այս տեսակետից նոր Սահմանադրությունը կարող է դառնալ քաղաքական հիմնարար փոփոխությունների սկզբնաղբյուրը: 
Սահմանադրության խնդիրն  առաջին հեթին քաղաքական է, ապա նոր՝ իրավական: Սահմանադրության մեջ են խտացվում հասարակական տրամադրություններն ու իրողությունները: Սահմանադրության մշակումն ու հասարակության դատին ներկայացնելը ինքնին քաղաքական գործընթաց է, որին պարտադիր կերպով հետևում են բազմաթիվ այլ քաղաքական քայլեր ևս: Ահա թե ինչու պետք է սկսել հենց Սահմանադրության խնդրից: Եվ նոր Հայաստանի իշխանությունները պետք է առաջին իսկ օրվանից սկսեին նոր սահմանադրական սկզբունքներով նոր Հայաստանի ամրագրման  գործըթացը:
Քաղաքացին պետք է Սահմանադրության տողերում կարդա իր վստահությանն արժանացած քաղաքական ուժի տեսակետներն ու պատկերացումները ու երբ այնտեղ տեսնի իր ձգտումների, երազանքների իրացումը, նա ամեն գնով ամեն քայլափոխի կպաշտպանի այն ու դրանից բխող օրենքները: 
Այս տեսակետից գործող Սահմանադրությունը հայ հասարակությանը խորթ է: Հասարակության յուրաքանչյուր անդամ համոզված է, որ այն նախ՝ հասարակության վզին փաթաթվել է անօրինական ձևով, և ապա՝ այն իր ներկա տեսքով, իշխանության պահպանման մի լծակ էր նախկին ռեժիմի ձեռքին, որը հիմա ձեռք է բերել մեկ այլ իշխանություն: 

Նոր Սահմանդրության մշակումը բխում է հենց Փաշինյանի իշխանության շահերից: Քաղաքական թյուր պատկերացումներից բխող նրա գործած սխալների հետևանքով նրա վարկանիշն անկում է ապրում: Մարդիկ սկսել են կասկածել նրա վարած կառավարման համակարգի արդյունավետությանը: Նախաձեռնելով նոր սահմանադրական սկզբունքների մշակման գործը՝ Փաշինյանը հնարավորություն կստանա  ցույց տալու իր նվիրվածությունը հիմնարար փոփոխությունների գաղափարին, ինչին մարդիկ սպասում են: Բացի այդ, Սահմանադրության սկզբունքների շուրջ հասարակական քննարկումները, տեսակետների բախումները որոշ ժամանակ կարող են կասեցնել Փաշինյանի թիմի վարկանիշի անկումը: 

Սկզբունքների մշակման ժամանակ կարող են տարբեր տեսակետներ բախվել, մինչև իսկ հնին վերադառնալու առաջարկություն կարող է լինել:  Ես դա համարում եմ շատ բնական ձգտում: Հարցն այն է, որ  հանրային քննարկումների և քվեարկության արդյունքում հասարակությունն ընդունի իր Սահմանադրությունը: 

-  Կառավարությունը նախաձեռնել է ուռճացված պետական համակարգի օպտիմալացման ծրագիր, Երեւանի կենտրոնի սրճարաններն են ապամոնտաժում։ Այսպիսի ոչ պոպուլիստական քայլերը ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ։

-Ոչ ժողովրդահաճո քայլերը անխուսափելի են փոփոխություններ իրակացնելիս: Իշխանությունները պետք է փորձեն երկխոսության եզրեր գտնել հասարակության այս կամ այն հատվածի հետ: Դրա համար անհրաժեշտ է որևէ քայլ անելուց առաջ հանրայնացնել խնդիրը ու հետո միայն նախաձեռնել դրա լուծումը: 

- Ո՞ր  գաղափարախոսությունն  ունեցող քաղաքական ուժերը կարող են դառնալ ներկա կառավարությանն այլընտրանք։

Դա շատ բարդ հարց է: Ներկայումս աշխարհում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, երբ առաջնորդներն ու երկրների ղեկավարները ավելի շուտ գաղափարազուրկ են:  Սա ընդհանուր միտում է: 
Ինչ վերաբերում է հայ հասարակությանը, մեզանում բախվում են երիտասարդ սերնդի օգտապաշտությունն ու միջին սերնդի ավանդական հայկական իդեալիզմը: Կարևոր է, որ հայ ժողովուրդը ստիպված չլինի ընտրություն կատարել գաղափարախոսական ծայրահեղությունների միջև: