«Հրապարակ»․ Փաշինյան-Ալիեւ զուգախաղը, բանակցությունների ավարտման bluff-ը

«Հրապարակ»․ Փաշինյան-Ալիեւ զուգախաղը, բանակցությունների ավարտման bluff-ը

Bluff բառը հայերեն կարելի է թարգմանել «խաբեություն», «մոլորեցում», «կեղծիք», բայց դրանք չեն արտահայտի այն նրբերանգները, որոնք առկա են թղթախաղային ժարգոնին պատկանող «բլեֆ» բառում։ Իսկ բլեֆը ոչ այլ ինչ է, քան անգլերեն bluff բառի աղավաղված արտասանությունը։ 

Արդեն գրել ենք մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանի երկու պախարակելի արարքների մասին։ Առաջինը թուրք լրագրողների հետ հարցազրույցի սղագրության-տեսագրության տարածումն էր։ Երկրորդը՝ հանպատրաստից աղմուկ-աղաղակ բարձրացնելը, թե Ադրբեջանի հետ 4-5 տարի տեւած աննպատակ ու բովանդակազուրկ բանակցությունները հանկարծ հենց 2025թ․ մարտի 13-ին ավարտվեցին։ Մի քանի օրում հասկանալի դարձավ, որ կատարյալ կեղծիքի հետ գործ ունենք․ ոչ մի պայմանավորվածություն՝ փաստաթուղթ ստորագրելու շուրջ, գոյություն չունի։ Ինչ-որ նախագծի շուրջ բանակցելն են ավարտել, բայց դրա ստորագրումը, էլ ուր մնաց՝ վավերացումը, գրված է սառույցին։ Ընդամենը Փաշինյանը եւ Ալիեւը բանակցություններ հորջորջված «ջուր ծեծելու» ընթացքում ինչ-որ կետի են հասել, ինչպիսիք բազմիցս եղել են անցյալում եւ կլինեն ապագայում։ Ընդ որում, ներկայիս կետին էլ հասել են լոկ նրա հաշվին, որ վիճելի եւ բախման դաշտ ունեցող բոլոր թեմաները դուրս են թողնվել բանակցությունների շրջանակից։ 
Միջազգային աննշան արձագանքից (6-7, գուցե 10 tweet՝ տարբեր պաշտոնյաների կողմից) հասկացվեց, որ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ նախնական համաձայնեցված նախագիծը դեռ վերջնական տեսքի պետք է բերվի, հարակից հարցեր բանակցվեն եւ այլն։ Փաշինյանի բանակցած նախագիծն ի վերջո ստորագրելուց առաջ կամ հետո պետք է նաեւ հանրայնացվի եւ կարող է հասարակության կողմից մերժվել ու երբեք չվավերացվել։ Մանավանդ, որ Ալիեւը որքան էլ պատեպատ զարկվի, նախ ՀՀ սահմանադրությունը չի փոխվի, իսկ 1990-ի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի հղումն էլ ԵՐԲԵՔ ՀՀ սահմանադրության տեքստից դուրս չի գա, քանի որ այն Սահմանադրության երեք անփոփոխելի հոդվածներից մեկն է։ Այդքանով էլ որեւէ թղթի ռեալ ստորագրվելու, վավերացվելու, գործադրվելու թեմա գոյություն չունի։ Շատ ավելի վաղ Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանությունից կհեռացվեն, քան Ալիեւի հետ որեւէ թուղթ ստորագրել կհասցնեն։ 

Այդ պարագայում ծառանում է հիմնարար ու առանցքային հարցը՝ ինչի՞ համար էր մարտի 13-ին բեմադրվում ողջ այդ ստահոդ խաբեությունը, թղթախաղային ժարգոնով ասած՝ bluff-ը, թե բանակցություններ են ավարտվել, հասարակությանն անհայտ նախագիծ է ստորագրվում, չգիտես էլ ինչ «աշխարհացունց իրադարձություններ»։ Ըստ իս՝ այդ բլեֆը բեմադրվում էր լոկ մի հաշվարկված նպատակով՝ որպեսզի աղմուկ-աղաղակի մեջ խեղդվի եւ Հայաստանի հասարակությանը չհասնի ԵՄ խորհրդարանում նույն օրը՝ 2025-ի մարտի 13-ին քվեարկության դրվող Unlawful detention and sham trials of Armenian hostages, including high-ranking political representatives from Nagorno-Karabakh, by Azerbaijan 2025/2596(RSP) բանաձեւը։ Ալիեւը գուցե ավելի հանդուգն եւ պրիմիտիվ հաշվարկ է ունեցել՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու բլեֆով վիժեցնել կամ գոնե հնարավորինս խոչընդոտել նշյալ բանաձեւի ընդունմանը։ ԵՄ բանաձեւերը շատ ավելի մեծ խնդիր են Իլհամ Ալիեւի համար թե՛ այսօր, թե՛, առավել եւս՝ ապագայում, քան Փաշինյանի հետ բանակցվող ցանկացած թղթի կտոր։ 

Ի՞նչ էր ասվում ԵՄ բանաձեւում, որի դեմ Ալիեւը եւ Փաշինյանը միացյալ ակցիա իրականացրին 2025-ի մարտի 13-ին՝ ստահոդ տեղեկություն տարածելով, թե իբր ավարտել են երկկողմ բանակցությունները, իրականում նախնական համաձայնության են եկել մի նախագծի շուրջ, որը դեռ երկար ճանապարհ կանցնի, եթե առհասարակ երբեւէ վերջնակետի հասնի։ 

Եվրախորհրդարանն ընդունել էր հրաշալի բանաձեւ, որն ամբողջությամբ թարգմանաբար մեջբերում ենք․
«Եվրոպական խորհրդարանի 2025թ․ մարտի 13-ի բանաձեւն Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման եւ կեղծ դատավարությունների վերաբերյալ (2025/2596(RSP)

Եվրոպական խորհրդարանը
- հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձեւերը,
- հաշվի առնելով իր Կանոնակարգի 150(5) եւ 136(4) կանոնները, 
Ա․ քանի որ Ադրբեջանում կալանքի ներքո են գտնվում 23 հայ պատանդներ, ներառյալ նախկին Լեռնային Ղարաբաղի փաստացի պաշտոնյաներ, եւ 2020 թ․ պատերազմի եւ դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ գերեվարված անձինք, քանի որ նրանց դեմ վարվում են կեղծ դատավարություններ եւ ներկայացվում են լուրջ մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել ցմահ ազատազրկման ապօրինի դատապարտող վճիռների։
Բ․ քանի որ այս պատանդները ենթարկվում են անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեներգործուն մեթոդներով, քանի որ նրանց իրավունքները չեն հարգվում, ներառյալ անկախ փաստաբանների եւ թարգմանիչների հասանելիությունը, բողոքարկման իրավունքը, ընտանեկան տեսակցությունների, առողջական նկատառումներով դատավարության կասեցման հնարավորությունները, քանի որ տեղի ունեցողն Ադրբեջանի ստանձնած՝ բանտարկյալների հանդեպ վերաբերմունքի միջազգային պարտավորությունների համակարգված խախտում է.

1. Դատապարտում է հայ պատանդների անարդարացի կալանավորումը. պահանջում է նրանց անհապաղ եւ անվերապահ ազատում։

2. Խստորեն դատապարտում է շարունակվող կեղծ դատավարությունները եւ հայ պատանդների հիմնարար իրավունքների համակարգային ոտնահարումները եւ կոչ է անում Ադրբեջանին՝ լիովին հարգել պատանդների արդար դատավարության իրավունքը, բժիշկների հասանելիությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ակնկալում է անկախ հետաքննություն պատանդների հանդեպ դրսեւորված վատ վերաբերմունքի վերաբերյալ։

3. Խոր մտահոգություն է հայտնում ԿԽՄԿ-ի եւ ՄԱԿ-ի գրասենյակները փակելու Բաքվի իշխանությունների հրամանի առնչությամբ, ինչը խոչընդոտում է ինչպես հայ բանտարկյալներին աջակցությանը, այնպես էլ մարդասիրական վերահսկողությանը, եւ կոչ է անում իշխանություններին՝ վերանայել իրենց դիրքորոշումը։

4. Կոչ է անում Ադրբեջանում Եվրոպական Միության եւ անդամ պետությունների դեսպանատներին՝ հետեւել դատավարություններին եւ կանոնավոր կերպով այցելել բոլոր հայ պատանդներին. կոչ է անում ԵՄ փոխնախագահ/ Բարձր ներկայացուցչին եւ Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին՝ այցելել նրանց։

5. Կոչ է անում՝ Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի բոլոր առաջնորդների եւ պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները, մասնավորապես՝ դատախազներ եւ դատավորներ Ջամալ Ռամազանովի, Անար Ռզաեւի եւ Զեյնալ Աղաեւի։

6. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանին՝ հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման, հալածանքների եւ էթնիկ զտումների գործերը. կոչ է անում լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի կողմից արձակված բոլոր կարգադրությունները, այդ թվում՝ 2020թ․ պատերազմի ժամանակ գերեվարված անձանց բռնությունից եւ մարմնական վնասվածքներից պաշտպանելու Ադրբեջանի պարտավորությունը։

7. Վերահաստատում է իր վճռական կոչը՝ կասեցնելու էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ 2022թ․ ԵՄ-Ադրբեջան Փոխըմբռնման հուշագրի գործողությունը, պնդում է, որ որեւէ ապագա գործընկերության համաձայնագիր ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետք է պայմանավորված լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումով, երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմամբ, Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անտեղի չձգձգելով եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը հարգելով։ 

8. Հանձնարարում է իր նախագահին սույն բանաձեւը փոխանցել Եվրոպական Խորհրդին, Հանձնաժողովին, Բարձր ներկայացուցչին, անդամ պետություններին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, կառավարություններին եւ խորհրդարաններին»:

ԵՄ խորհրդարանն այս բանաձեւն ընդունեց՝ հակառակ Փաշինյանի եւ Ալիեւի՝ նույն օրը բեմադրած բալագանին։ Ալիեւը ոչնչի չհասավ եւ ետին թվով բռունցքներ էր թափ տալիս։ Փաշինյանը հասավ այնպիսի անարգ վարքի, որ բանակցություններ ավարտելու արհեստական աղմուկով խոչընդոտեց Հայաստանում Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւի պատշաճ ընկալմանը, տարածմանը, ըստ հարկի գործադրելուն։ Մինչդեռ այդ բանաձեւի բովանդակության առաջին բարձրաձայնողն ու ընդունողը ՀՀ Ազգային ժողովը պետք է լիներ։ Որքան անարգ ու անհեթեթ են ՀՀ խորհրդարանում նստածները եւ արդյո՞ք նրանք տարբերվում են Փաշինյանից։