Արայիկ Հարությունյանը հայտարարեց

Արայիկ Հարությունյանը հայտարարեց

Բերձորում մասնակցելով Արցախ-Հայաստան միջանցքի բացման տարեդարձի տոնակատարություններին, Ազատ հայրենիք կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը տեղում անցկացրել է կուսակցական կոնֆերանս, որի ընդունած որոշումը` նրան ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու եւ հարցը կայանալիք համագումարին ներկայացնելու մասին հրապարակվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում անցկացված բազմամարդ հանրահավաքի մեկնարկին: Արայիկ Հարությունյանը պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, իսկ իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Արայիկ Հարությունյանը նաեւ ասել է, որ Ազատ հայրենիքը պատրաստ է համագործակցել արցախյան քաղաքական ուժերի հետ:

Նա միաժամանակ խստորեն քննադատել է նկատվող հակասահմանադրական երեւույթները եւ վստահեցրել, որ դրանք արժանանալու են հակազդեցության: Հանրահավաքին Արայիկ Հարությունյանը հնչեցրել է նախընտրական ծրագրի հիմնական թեզերը: Նա հատկապես շեշտադրել է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարելով Քաշաթաղում, ինքը պատասխանում է մադրիդյան փաստաթղթին, կազանյան առաջարկներին: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ազատ հայրենիքը լիովին եւ անվերապահորեն սատարում է Հայաստանի իշխանություններին եւ աջակցում բարեփոխումների քաղաքականությանը:  Կուսակցության անդամների եւ համակիրների մասնակցությամբ Իշխանաձորում անցկաացված հանրահավաքը հեռարձակվել է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Լուսանկարում`Արայիկ Հարությունյանը Իշխանաձորում
Լուսանկարը` Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից