Չկա Արցախի խնդիր, չկա նաև ռուս խաղաղապահների ներկայության պահանջ

Չկա Արցախի խնդիր, չկա նաև ռուս խաղաղապահների ներկայության պահանջ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

- Օրերս կայացավ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Լավրովն ըստ էության խոսեց այն մասին, որ Մինսկի խումբը դադարել է գործել, սակայն Արարատ Միրզոյանը նրան հակադարձեց` պնդելով հակառակը: Ի վերջո` սա ի՞նչ մեսիջներ է իր մեջ պարունակում:

- Չեմ կարծում, որ դա մեսիջ էր որևէ մեկին: Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը ոչնչացնում է նրանց համագործակցությունը նման ձևաչափերում: Մյուս կողմից նրանց աշխարհաքաղաքական շահերի բախումը նաև Հարավային Կովկասում է արտահայտվում: Արևմուտքին պետք է սեղմել Ռուսաստանի ներկայությունը Կովկասում, իսկ Ռուսաստանին՝ հակառակը: Դրա պատճառով կան հստակ տարաձայնություններ Արցախի հարցում: Արևմուտքին պետք է, որ ռուս խաղաղապահները լքեն Արցախը, հաջորդ փուլում ռուսական բազայի ներկայությունը Հայաստանում անիմաստ է դառնում: Դրա պատճառով Մինսկի խումբը, որի նպատակը, մինչ այդ, հարցի սառեցումն էր, արդեն անիմաստ է դառնում: Լավրովը հենց դա նկատի ուներ, ասելով, որ այդ խումբը դադարել է գոյություն ունենալ: Խմբի անդամ երկրներն այլևս խոսելու թեմա չունեն: Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳՆ-ի տեսակետին, ասելով, որ Մինսկի խումբը դեռևս գործում, պետք է հասկանալ այն, որ Հայստանը պատրաստ է աշխարհքաղաքական որոշում կայացնել՝ լինել Ռուսաստանի հետ, թե՝ Արևմուտքի: Դա այդ երկընտրանքից խուսափելու փորձ է:

- Սրան հանջորդեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հանդիպումը:

- Ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպման նպատակը, ըստ երևույթին, այն էր, որ Ֆրանսիացիները փորձում են նման կտրուկ քայլից խուսափել, որովհետև Մինսկի խմբի գոյությունը թույլ է տալիս Ֆրասիային ներկա գլինել Կովկասի քաղաքական պրոցեսներում և ունենալ որևէ ազդեցություն: Սակայն պետք է հասկանանք, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի, կամ առհասարակ Արևմուտքի շահերն արդեն իրարամերժ են: Թե որքանով հնարավոր կլինի այս առկախված վիճակը պահպանել, անհասկանալի է:

- Բրյուսելում ապրիլի 6-ին հանդիպեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւիը: Ի՞նչ սպասել այս հանդիպումից:

-Բրյուսելյան հանդիպման իմաստը, կարծում եմ, բավականին պարզ է: Այնտեղ փորձ արվեց շարժվել Ալիևի օրակարգով, Հայաստանին ստիպել ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում ու հաջորդ քայլով ռուս խաղաղապահներին հեռացնել տարածաշրջանից, որովհետև եթե չկա Արցախի խնդիր, չկա նաև նրանց ներկայության պահանջը: Կա տպավորություն, որ Հայաստանի վարչապետը համաձայնել է դրան, սակայն Լավրովի շտապ հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ, Պուտինի զանգերը վարչապետին ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի համաձայնվում այդ ծրագրին: Դա է ցույց տալիս նաև Ռուսաստանի արսգործնախարարության խոսնակի ու Ռուսաստանի նախագահի խոսնակի հայտարարությունները, որ վերջնական հանգուցալուծման համար դեռ երկար ժամանակ է պահանջվում:

- ՌԴ-ն հիմա պատերազմական վիճակում է, սա փաստորեն բավականին ծանր շրջան է նաև մեզ համար: Ի՞նչ անել, որպեսզի Փաշինյանն այս ընթացքում որևէ փաստաթղթի տակ չստորագրի:

- Պետք է վարչապետի հրաժարականը պահանջել բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով:

- Իսկ եթե այդ տարբերակը չի՞ աշխատում:

- Այդ հարցով դիմեք խորհրդարանական ընդդիմությանն՝ անիմաստ շոուների փոխարեն կոնկրետ քայլեր առաջարկել, իսկ եթե չեն կարող, ապա դուրս գան քաղաքականությունից: