Ջանջուղազյանը բացատրեց, թե ինչու ներկա չէր իր պաշտոնանկության մասին հարցի քննարկմանը

Ջանջուղազյանը բացատրեց, թե ինչու ներկա չէր իր պաշտոնանկության մասին հարցի քննարկմանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ ամբիոնից առաջարկեց քննարկման դնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը։ Այսօր հարցի քվեարկության ժամանակ նախարար Ջանջուղազյանը ներկա չէր, ինչը Մարուքյանը գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ։

Ատոմ Ջանջուղազյանը քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այս հարցին՝ հիշեցնելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի նախատեսում նման դեպքերում նախարարի ներկայություն ԱԺ ներքին հարցերի քննարկմանը։ «Հետևաբար, իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան Ազգային ժողովում բոլոր հարցերի ժամանակ՝ անկախ նրանից, թե ինչ մասնակցություն ունեմ ես՝ որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ»,- ասաց Ջանջուղազյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ ԱԺ պատգամավորների նկատմամբ հարգանքը չունի որևէ այլընտրանք։ Նա առաջարկեց մշակել որոշակի վարքագծային կանոններ նման դեպքերի համար։