ԲՀԿ-ն կրկին առաջարկում է․ եթե բերքը 40 տոկոս վնասվում է՝ ազատել հողի հարկից

ԲՀԿ-ն կրկին առաջարկում է․ եթե բերքը 40 տոկոս վնասվում է՝ ազատել հողի հարկից

ԱԺ «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունը կրկին շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է տվյալ տարվա համար հողի հարկից ազատել բերքը, եթե այն 40 տոկոս վնասվել է։ Այսպես․ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 17-րդ կետով.» 17) Գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար»:

Հիշեցնենք, որ գործող Հարկային օրեսգրքի 230-րդ հոդվածի՝ 1-ին մասով այդ հարկատեսակից ազատված են՝ պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի։

Հիշեցնենք, որ նման նախագիծ՝ նախորդ կառավարությանը ԲՀԿ-ն առաջարկել էր 2017-ին, բայց այն մերժվել էր։ Ինչպես Hraparak.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնալ Արման Աբովյանը՝ այս նախագիծը կենսական անհրաժեշտության է, ուստի կրկին շրջանառել են: Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ գյուղատնտեսությունում տնտեսվարողները զգալի կորուստներ են կրում տարբեր բնական աղետների (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) եւ անկանխատեսելի պատահարների հետեւանքով:

Կառավարության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում հողօգտագործողների հետագա գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվար է դառնում նաեւ դրա իրացումը, արդյունքում զգալիորեն նվազում է հողօգտագործողների եկամուտները: Հայաստանի Հանրապետության շատ համայնքներում գյուղացին վաստակում է բացառապես հողագործությամբ: Իսկ հողօգտագործման պարագայում գյուղացու ծախսերը (պարարտանյութ, վար, ցանք, բերքահավաք եւ այլն) կազմում են ակնկալվող բերքից ստացվող գումարի 50-ից 60 տոկոսը, եթե բնական աղետի հետեւանքով վնասվում է բերքի առնվազն 40 տոկոսը, ապա բերքից ստացվող գումարը հազիվ է ծածկում հողօգտագործողի ծախսերը: